Օնլայն մեդիա միջավայրում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը գրագողությունն է, որով խախտվում է հեղինակային իրավունքը: Խմբագիրներն ամեն օր դժգոհում են, որ իրենց կայքի կամ թերթի հեղինակային նյութերը, լուսանկարները, վիդեոնյութերը, անգամ սյունակներն ու խմբագրականները, որոնք տվյալ հեղինակի մտածողության արտահայտությունն են եւ մտավոր սեփականության իրավունքով պաշտպանվող ստեղծագործություն, հայտնվում են այլ լրատվամիջոցներում՝ հիմնականում առանց հեղինակի եւ լրատվամիջոցի թույլտվության, անվան հիշատակման, հղման: Գողացված նյութի անօրինական տարածման արդյունքում հաճախ հնարավոր չէ գտնել սկզբնաղբյուրը:
Գրագողության դեմ պայքարելու նպատակով այս տարվա մայիսին մի շարք տպագիր թերթերի խմբագիրներ հանդես եկան հայտարարությամբ, որով փորձեցին խաղի միասնական կանոններ մշակել: Դրան հետեւեց ինտերնետային լրատվամիջոցների ներկայացուցիչների նմանատիպ հայտարարությունը: Իսկ մինչ այդ որոշ կայքեր արդեն իսկ խստացրել էին իրենց նյութերի օգտագործման պայմանները: Սակայն ինքնակարգավորման բոլոր այս նախաձեռնությունները վերջնականապես չլուծեցին խնդիրը, եւ հարցը տեղափոխվեց օրենսդրական հարթություն:
ԶԼՄ ներկայացուցիչների հետ համագործակցությամբ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ««Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որն արդեն արժանացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը եւ քննարկվելու է սեպտեմբերի առաջին քառօրյայի ընթացքում (սեպտեմբերի 9-12): Հեղինակային իրավունքի պաշտպանության ի՞նչ մեխանիզմներ են նախատեսված օրենքի նախագծով, եւ ինչպե՞ս են դրանք կանխելու գրագողության տարածումը: Այս հարցերի շուրջ «Հետքի սրահում» հյուրընկալվել են օրենքի նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանը եւ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Մեկնաբանել