
«Մի բան արեք, մեր մշակույթի տունը նորոգենք». Ալաշկերտի «հիմնահարցը»
Փաստացի շուրջ 1800 բնակիչ և 350 ծուխ ունեցող Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղը շատ խնդիրներ ունի: Գյուղացիները առաջինը ճանապարհն են ցույց տալիս` քանդված, կիսագրունտային, այնուհետև` անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզը: Հետո ցույց են տալիս գյուղի կենտրոնում անպատուհան շինությունը: «Կռահեք` ինչ շենք է»,- ասում է գյուղամիջում հավաքված մարդկանցից մեկը: Անպատուհան շինությունը մշակույթի տունն է, որը ներկայումս, գյուղացիների բնութագրմամբ, ծառայում է որպես զուգարան:
Պատերը կանգուն են, գյուղացիների խոսքով` կարելի է վերանորոգել, բայց «անտեր է թողած», մարդիկ են մտնում, փչացնում, կենդանիներ են պատսպարվում, և հետզհետե շենքն ավելի անմխիթար է դառնում:
«Կուլտուրայի տունը մեր առաջնային խնդիրն է»,- ասում է գյուղապետի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը և թվարկում բազմաթիվ պատճառներ, թե ինչու չեն կարող իրենց ուժերով նորոգել:
Գյուղի բյուջեն մեծ չէ, դրանով մշակույթի տունը վերանորոգել չի լինի: 6.7 մլն հողի հարկն է, 3 մլն` գույքահարկը, 10 մլն էլ կառավարության տրամադրած սուբսիդիան է: Համայնքի բյուջեով աղբահանություն են իրականացնում, խորքային հորերի պոմպերն են աշխատեցնում, 60 երեխաների համար նախատեսված մանկապարտեզն են պահում, երաժշտական դպրոցը, ժամանակ առ ժամանակ ճանապարհի հարթեցում են կատարում:
![]() |
![]() |
Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Մանուկյանը նշում է, որ 2010-ին դիմել են կառավարություն: Մասնագետները եկել, նախագծել են, փաստաթղթավորել, սակայն դրանից հետո ոչ մի առաջընթաց չի եղել: «Էնպիսի կազմակերպության տեղ ասեք կամ միջնորդեք մի կազմակերպության, որ դիմենք, մշակույթի տունը վերանորոգեն»,- ասում է գյուղապետի տեղակալը:
Տեղակալը սկսում է գյուղի այլ խնդիրներից խոսել: Ալաշկերտը ջրի խնդիր ունի, հորերից դուրս եկող արտեզյաններում, ըստ գյուղապետարանի աշխատակիցների, աղի պարունակությունը մեծ է, դրա համար գյուղացիները վերջին տարիներին սկսել են ջուրն էլ գնել: Ալաշկերտի բնակչության մոտ կեսը այս տարի ջուրը գնում է: Մեկ դույլի համար գյուղացիները 100 դրամ են վճարում: «Զարգացել են ժողովուրդը, ուզում են լավ ջուր խմել»,- կատակում է Արա Մանուկյանը:
Զրուցելու թեմաները, խնդիրները շատ են: Գյուղապետարանի աշխատակիցները հերթով պատմում են: Կարկուտն էլ մի կողմից այս տարի «խփեց» գյուղին: Ալաշկերտ գյուղը 100 տոկոսանոց վնաս կրեց: Աշխատակազմի քարտուղարը չի դժգոհում, ասում է` ճիշտ է, կարկուտը կոտրեց գյուղացիներին, բայց աշխատող ժողովուրդ են, կկարողանան ոտքի կանգնել:
Զրույցն ավարտում ենք: Արա Մանուկյանը գյուղապետարանի ելքի մոտ նորից է հիշեցնում. «Մի բան արեք, մեր մշակույթի տունը նորոգենք»:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել