
ՓՊ նախագահի ընտրություններ. Զոհրաբյանի առաջարկած բարեփոխումները
Փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահի ընտրություններին ընդառաջ՝ թեկնածուներից Արա Զոհրաբյանը, ՓՊ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում խոստանում է 2013-2017թթ. իրագործել մի շարք բարեփոխումներ:
Նախընտրական ծրագրում փաստաբան Զոհրաբյանը մասնավորապես խոստանում է ապահովել Պալատի կառավարման եւ գործունեության թափանցիկության բարձր մակարդակ: ՓՊ-ի կառավարման մարմիններից ամենագործունը թերեւս գործադիր մարմինն է՝ Պալատի խորհուրդը, որը կազմված է 12 անդամից: Կարևոր քաղաքականությունը, ավելին՝ կարգապահական պատասխանատվության քաղաքականությունը վարում է հենց այդ խորհուրդը:
«Անկախ նրանից՝ ով կընտրվի պալատի նախագահ, եթե ընտրված նախահագը փաստաբանության առաջընթացի ուղղությունից շեղվեց, ապա խորհուրդը հաստատ կարող է նրան կաշկանդել, որովհետև ունի լուրջ լիազորություններ, կարող է նույնիսկ սահմանել եւ փոփոխել ՓՊ նախագահի աշխատավարձը»,- ասում է Արա Զոհրաբյանը՝ առաջարկելով Պալատի խորհրդի նիստերին առցանց հետեւելու հնարավորություն ընձեռել փաստաբաններին:
Բացի դրանից՝ թեկնածուի նախընտրական ծրագրով նախատեսվում է առնվազն եռամսյակային կտրվածքով Պալատի կայքում տեղադրել ֆինանսական մուտքերի եւ ելքերի ամբողջ հաշվետվությունը: Իսկ ՓՊ-ի հիմնական մուտքերը գոյանում են փաստաբանների անդամավճարից (ամսական 5000 դրամ): Պալատն այսօր ունի 1300-ից ավելի գործող փաստաբան:
Զոհրաբյանը նաեւ առաջարկում է Պալատում նախատեսվող գործուղումների (տեղական և արտասահմանյան) թափանցիկության ապահովում եւ համապատասխան մեխանիզմների մշակում, որպեսզի բոլոր փաստաբաններն իմանան, թե ովքեր են գնում գործուղման եւ վերջիններս ինչպես են ընտրվում:
Ինչ վերաբերում է փաստաբանների իրավունքների պաշտպանությանը, Արա Զոհրաբյանն առաջարկում է ՓՊ-ին ստեղծել մասնագիտական կառույց՝ փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:
«Հարկ եմ համարում նշել, որ հնչեցված տեսակետը, թե ՓՊ-ն գործընկերների կողքին չի կանգնում, իրականությանը չի համապատասխանում: Ունենք բազմաթիվ դեպքեր՝ Մուշեղ Շուշանյան, Ստեփան Ոսկանյան, Թամարա Յալոյան... Մեր գործընկերների հետ կապված ցանկացած միջոցառման ՓՊ-ն արձագանքնել եւ արձագանքում է: Իհարկե, տպավորություն ստեղծվեց, որ Պալատը պարտավոր է պաշտպանել իր բոլոր փաստաբաններին: Բայց ՓՊ-ն չի կարող պաշտպանել այն փաստաբանին, ով իր վստահորդին խաբում է: Հակառակը, կարծում եմ՝ Պալատը պետք է օբյեկտիվ լինի, եւ եթե մենք ինքներս մեզանից չպահանջենք, հետո ինչպես ենք պահանջելու, օրինակ, դատավորներից: Եթե ինքներս դիմում ենք, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն, ինքներս էլ մեր հանդեպ պետք է ազնիվ լինենք»,- ասաց Ա. Զոհրաբյանը:
Ըստ նրա՝ քիչ չեն դեպքերը, երբ պետական մարմինները փաստաբանների նկատմամբ ճնշումներ են գործադրում: ՓՊ-ն էլ շատ դեպքերում տեսնելով, որ, օրինակ, փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության նպատակը փաստաբանին «խեղճացնելն» է, միանշանակ իր վերաբերմունքն արտահայտում է. «Մենք շատ ունենք այդպիսի դեպքեր, երբ Պալատի խորհուրդը կարճել է հարուցված կարգապահական վարույթները, թեեւ ձեւականորեն խախտման առերեւույթ հատկանիշներ եղել են»:
Անդրադառնալով փաստաբան Արգիշտի Կիվիրյանի հետ կատարվածին՝ բանախոսը դատապարտեց այն՝ շեշտելով, որ «հավասարության եւ համաչափության սկզբունքը պետք է ոստիկանության կողմից անպայման պահպանվի»:
Մեկնաբանել