
Փայլակ Հայրապետյանի գույքը շարունակում են գնել «Ամերիաբանկից»
«Բօն Արմենիա» ՍՊԸ-ն ձեռք է բերել Փայլակ Հայրապետյանի Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1-ին հասցեում գտնվող շինություններից երեքը, այդ թվում՝ այն շենքը, որը գործարար Հայրապետյանը վերակառուցել է ադամանդագործության ծրագրի համար, շինություններից մեկն էլ նախկին տեքստիլ գործարանի շենքն է:
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանի ողջ գույքը գրավադրված է «Ամերիաբանկում»:
«Բօն Արմենիա»-ի սեփականատերը Ջան Սասուն Գելեջին է: Նա Հայաստանում առավել հայտնի է Քրիստիան անունով: Ջան Սասուն Գելեջին նաեւ «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենն է: Ջանը կամ Քրիստիանը Հայաստանում է 2007 թվականից, զբաղված է տեքստիլ արդյունաբերության ոլորտում: «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն գործարաններ ունի Երեւանում, Վանաձորում, Ամասիայում: Ջան Սասուն Գելեջին այս ընկերությունում 49% բաժնետեր է:
«Բօն Արմենիա»-ն Գելեջին հիմնադրել է այս տարվա հունիսի 25-ին, հասցեն է՝ Գաջեգործների 1-ին փողոց, թիվ 1: Սա Փայլակ Հայրապետյանի՝ «Ամերիաբանկում» գրավադրված գույքի հասցեն է: Ընկերության 100 տոկոս բաժնետերը Ջան Սասուն Գելեջին է: Մեր հեռախոսազրույցի ժամանակ Ջան Գելեջին պատմեց, թե ինչ նպատակով է ձեռք բերել շինությունը: «Նոր եմ գնել եւ որոշել եմ Հայաստանում տեքստիլը զարգացնել: Փայլակ Հայրապետյանին ճանաչել եմ մինչեւ իր հետ կապված դեպքերը: Մինչ այդ էլ նրա հետ խոսել եմ այդ շինությունները ձեռք բերելու մասին: Նրա հետ լավ հարաբերություններ ունեմ»:
Շինություններն «Ամերիաբանկից» Գելեջին ձեռք է բերել 700 հազար դոլարով:
Փայլակ Հայրապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Գելեջին իրեն նաեւ համատեղ ձեռնարկություն հիմնելու առաջակ է արել: «Նա մեզ է ուղարկել մի անհեթեթ պայմանագիր: Ես նրան ասել եմ մի բան՝ մենք դեռ դատական պրոցեսում ենք, եւ ես իմ ունեցվածքը հետ եմ բերելու: Նրան առաջարկել եմ չմտնի այդ պատմության մեջ»,- ասաց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ գործարար Փայլակ Հայրապետյանը վերջերս հանդես է եկել հայ գործարարներին ուղղված հայտարարությամբ: «Հայտարարում եմ և տեղեկացնում բոլոր գործարարներին՝ ձեռնպահ մնացեք «Ամերիաբանկի» կողմից ուղղակի կամ աճուրդով վաճառվող, ինձ պատկանող անշարժ գույքի ձեռքբերումից` նկատի ունենալով, որ առկա է դատական վեճ»,- նշել է Փայլակ Հայարպետյանն իր հայտարարության մեջ:
Սակայն գործարարներն առանձնապես հաշվի չեն առել Հայրապետյանի այս հայտարարությունը: Գաջեգործներ 1-ին փողոցի թիվ 1 հասցեի տարածքի մի մասն էլ ձեռք է բերել պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին` Դավիթ Սեդրակյանը:
Մեկնաբանել