
«Պատմություն, որը չդարձավ պատմություն». Դավիթ Ջիշկարիանիի հետազոտությունը` ստալինյան բռնադատությունների մասին
Եթե 1937-38թթ. ստալինյան բռնադատություններին գնահատական տրվեր, և բռնարարքներն իրականացնող նախկին չեկիստները պատժվեին, ապա այսօր վրաց հասարակությունը մեկ քայլ առաջ կլիներ: Այս եզրահանգմանն է եկել վրաց պատմաբան Դավիթ Ջիշկարիանին՝ Վրաստանի արխիվներում ուսումնասիրելով ստալինյան ժամակաշրջանի փաստաթղթերը:
«Մինչև օրս Վրաստանում Ստալինյան ռեպրեսիաների տարիներն ընկալվում են որպես անցյալի մի մոռացված հուշ, որը եղել, անցել և գնացել է,- ասում է նա,- քանի որ այդ մարդիկ չպատժվեցին, ինչպես դա եղավ, օրինակ, Նյուրինբերգյան դատավարության ժամանակ»:
Ջիշկարիանին ցավով նշում է, որ Վրաստանում մինչ այժմ առասպելներ են շրջում, որ Ստալինն այդ ամենի մասին տեղյակ չի եղել, և դա արտահայտվում է վրաց հասարակական կյանքի այս կամ այն ոլորտում և ակտիվ ազդեցություն ունի:
Ջիշկարիանին համեմատական եզրեր է անցկացնում այս ժամանակաշրջանը նախորդ տարի վրացական բանտում իրականացված դաժան բռնությունները ներկայացնող կադրերի հանրայնացումից հետո ստեղծված իրավիճակի հետ, երբ հասարակությունը չգիտեր, թե ինչպես պետք է վարվել այդ մարդկանց հետ:
«Հայտարարվեց, որ հետաքննությունն անցկացվելու է գաղտնի, միչդեռ շատ հարցեր կային, որոնց պատասխանը ոչ ոք չգիտեր,- ասում է նա,- միգուցե նրանց պետք էր դատել տեղական ատյաններում կամ միգուցե՝ միջազգային դատարաններում: Բայց քանի որ այդպիսի դաժան դեպքի համար պատիժ սահմանելու նախադեպը չի եղել, մենք ստիպված ենք սկսել զրոյից»:
«Պատմություն, որը չդարձավ պատմություն» հետազոտությունում ներկայացված են 1937-38թթ. Վրաստանում իրականացված բռնադատությունների ուսումնասիրության արդյունքները:
Հայաստանում նման հետազոտություն չի արվել, քանի որ Հայաստանում 1991թ. սկսած արխիվները փակ են: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից նմանատիպ հետազոտություններ արվել են Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում: Ու թեպետ բռնադատվածների թիվն ու պատմությունները տարբեր հանրապետություններում եղել են տարբեր, սակայն նրանց բոլորին միավորում է նույն համակարգը, և ընդհանուր պատկերը այս կամ այն տեղային տարբերությամբ եղել է նույնը:
Ջիշկարիանին ասում է, որ 1937-388թթ. եղել են բռնություններ իրականացնող տարբեր մարմիններ: Դրանցից մեկն, օրինակ, եղել է արտագնա «Զինվորական կոլեգիա» կոչվող շարժական մարմինը և միայն Վրաստանում գնդակահարել է 1500 մարդ: Այս օրգանը շրջել է հանրապետությունից հանրապետություն, շրջանից շրջան և իրականացրել է տարբեր բնույթի բռնարարքներ՝ հիմնականում գնդակահարություններ: Սակայն հասկանալով, որ շարժական մարմինը չի կարողանում իրականացնել հրամանները, Ստալինին ուղղված նամակով Բերիան խնդրում է ստեղծել նոր մարմին և 1937թ. հուլիսի 8-ին Բերիայի հրամանով ՆԳԺԿ (Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) (ՆԿՎԴ)-ին կից ստեղծվում է «Տրոյկա» կոչվող մարմինը, որի կազմում եղել են անդամներ ՆԳԺԿ-ից, դատախազությունից:
Միայն «Տրոյկայի» գործով Վրաստանում բռնադատվել են 21000 մարդ, այդ թվում` աքսորվել և գնդակահարվել: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվը զուտ սառը թիվ է և արտաքուստ ոչինչ չի ասում, մինչդեռ այդ 21000-ից յուրաքանչյուրի հետևում կանգնած է մի մարդկային պատմություն: Երբ նա արխիվների ուսումնասիրությունների հետո սկսել է հարցազրույցներ անել բռնադատվածների ընտանիքի անդամների հետ ու լսել նրանց պատմությունները, այդ թիվը նրա համար «կենդանացել է»:
Ջիշկարիանին ներկայացրեց այդ պատմություններից մեկը, որը վերաբերվում էր այժմ 96-ամյա մի կնոջ կյանքին: Նա եղել է մոտ 17 տարեկան, երբ հորը ձերբակալել են, իսկ գիշերվա ժամը 5-ին ներխուժել են նրանց տուն և տանելով մեծ քանակությամբ գրքեր` երկու քույրերին դուրս են հանել տանից՝ ասելով, որ այդ տունն այլևս նրանց չի պատկանում: Աղջիկը, որ պատրաստվում էր իրավաբանություն սովորել, բացականչել է, որ թողնեն իր գրքերը, որին ի պատասխան չեկիստներն ասել են, թե այդ գրքերը նրան այլևս պետք չեն գալու, քանի որ հայրենիքի դավաճանները չեն կարող բարձրագույն կրթություն ստանալ:
Աղջիկները, մերժվելով քեռու կողմից, ապաստան են գտել տատու տանը, և այնպես է ստացվել, որ այդ աղջիկը կարողացել է, այնուամենայնիվ, ընդունվել իրավաբանական ֆակուլտետ, և մի պատկառելի պրոֆեսոր ավարտական քննության ժամանակ շատ է հավանել աղջկան և առաջարկել է աշխատել դատախազությունում:
«Նա այդ մասին շատ մեծ հպարտությամբ էր խոսում,- ասում է Ջիշկարիանին,- և այդ կինն ինքն էր անձամբ եկել օֆիս, որպեսզի խոսեր և ուզում էր տեսնել հրամանը, որով իր հայրը դատապարտվել էր գնդակահարության, ինչպես նաև իմանալ մարդու անունը, ով ստորագրել էր այդ հրամանի տակ»:
Կինը հայտնել էր, որ այդ պրոֆեսորի անունը եղել է Լարիոն Տալախադձե, իսկ դա այն մարդն էր, ով ստորագրել էր նրա հոր դատավճիռը:
«Եվ ինձ համար շատ դժվար էր դա ասել մի կնոջ, ով խոսելով այդ պրոֆեսորի մասին, անընդհատ ասում է, որ նա շատ լավ մարդ էր»,- ասում է Ջիշկարիանին:
«Տրոյկայից» բացի եղել են նաև Ստալինյան ցուցակներ, որոնցում ընդգրկված մարդկանց ճակատագրերը տնօրինել է անձամբ Ստալինը՝ ցուցումներ տալով այս կամ այն մարդու վերաբերյալ: Այդպիսի ցուցակներ Վրաստանում եղել են 12 հատ, որտեղ ընդգրկված է եղել 3650 մարդ: Ջիշկարիանին ասում է, որ այդ ցուցակներում մարդկանց անունների դիմաց Ստալինի ձեռքով արված մակագրություններ կան. «Դեռ պետք չէ ձերբակալել», «Գնդակահարել» կամ «Ձերբակալել երեք օրից» և այլն:
Բոլոր այս մարմինները չեն եղել դատական, օրինական մարմիններ և, հետևաբար, այդ մարդկանց ճակատագրերը տնօրինվել են ապօրինաբար, առանց որևէ փաստական հիմքի:
Ստալինյան 12 ցուցակներում ընդգրկված 3650 մարդուց 320-ը եղել են հայ: Սա ստույգ թիվ է, քանի որ հստակ նշված է եղել այդ մարդկանց ազգությունը: Սակայն, բացի դրանից այդ 3650 մարդուց 694 հոգու դիմաց նշված չի եղել ազգությունը, և հետևաբար, հնարավոր չէ պարզել, թե եղել են արդյոք նրանց մեջ հայեր, թե ոչ: Ինչ վերաբերվում է «Տրոյկայի» գործով բռնադատված 21000 հոգուն, ապա Ջիշկարիանին հայտնեց, որ Վրաստանի ՆԳՆ այժմ հաշվարկներ է անում և մոտ ժամանակներս հայտնի կդառնան այդ արդյունքները:
Արխիվների ուսումնասիրության արդյունքում Ջիշկարիանին ծանթացել է այն ժամանակվա չեկիստի հոգեբանությանն ու հասկացել տիրող մթնոլորտի ամբողջական պատկերը:
«Այդ չեկիստները ցինիկ էին ,ու նրանք այդպիսին ստիպված էին լինել, քանի որ համակարգն էր պարտադրում լինել այդպիսին,- ասում է նա,- եթե մի սովորական մարդու կարող էին ձերբակալել իր տանը, ապա համակարգի աշխատողին շատ հաճախ ձերբակալում էին ժողովի կամ աշխատանքի վայրում, որպեսզի ցույց տրվեր, որ ոչ ոք համակարգից պաշտպանված չէ»:
ՆԿՎԴ-ի աշխատողները շատ հպարտ էին, որ պատկանում էին հասարակության մեկ այլ շերտի, և նույնիսկ մինչև ԽՍՀՄ փլուզումը իրենք իրենց կոչում էին չեկիստներ: Նրանք ամբողջ հասարակությունը բաժանել էին երկու մասի՝ մենք և նրանք: Այդ մարդիկ մեծ արտոնություններ ունեին, նրանց բաժին էր հասնում լավ բնակարաններ, իսկ նրանց միջև մեծ մրցակցություն է եղել, թե ում է բաժին հասնելու բռնադատվածի գույքը:
Ստալինյան այս վախի մթնոլորտ մանրակրկտորեն նկարագրված է 1949թ. հրատարակված Ջորջ Օրվելի «1984» վեպում, որը մինչև 1988թ. արգելված էր նախկին ԽՍՀՄ-ում: Այստեղ համակարգի շարքային աշխատակից Ուինսթոն Սմիթի և բարձրաստիճան չեկիստ Օ’Բրեյնի հարաբերությունների միջոցով Օրվելը աշխարհին ցույց է տալիս սովետական տոտալիտար համակարգի ողջ սնանկությունն ու թշվառությունը:
Ստալինի մահից հետո սկսված արդարացման պրոցեսը Ջիշկարիանին անվանում է արդարացում, որն արդարացում չէր, քանի որ չեկիստները չպատժվեցին, իսկ այդ շրջանը չդարձավ պատմության մաս, այլ մնաց անհատական քաղաքացիների հուշերում, որոնց մեռնելուց հետո էլ այդ շրջանը կմեռնի:
«Այդ ժամանակ նրանք հասկացան, որ չափից դուրս շատ մարդ են սպանել, և այդ մասին բացահայտ ասելը ճիշտ չէ,- ասում է Ջիշկարիանին,- և հնարեցին մի մոդել, համաձայն որի բռնադատվածների ընտանիքին նամակներ էին ուղարկում տարբեր լուրերով, թե ձեր բարեկամը մահացել է աքսորում, օրինակ՝ սրտի կաթվածից, այնինչ այդ մարդը ձերբակալության հաջորդ օրը գնդկահարվել էր»:
Ջիշկարիանին սա անվանում է առասպելի մաս, երբ ինքը հարցազրույցների ժամանակ պարզել է, որ բռնադատվածների ընտանիքի անդամները մինչև այժմ ապրում են կեղծիքի քողով պարուրված և կարծում են, թե իրենց բարեկամը մահացել է այս կամ այն պատճառով, մինչդեռ իրականում նա գնդակահարվել է:
Քանի որ ամբողջական որևէ ուսումնասիրություն արված չէ, ապա հնարավոր չէ պարզել ստալինյան բռնադատվածների ամողջական թիվը ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում: Ջիշկարիանին ասում է, որ այդ թիվն ընկած է 100 000 մարդուց մինչև 6 մլն շրջակայքում, քանի որ թվերի մասին խոսելիս պետք է հասկանալ, թե նրանք որ մարմնի կողմից են ենթարկվել բռնարարքների:
Դավիթ Ջիշկարիանին վրացական «IDFI» հկ հետազոտող է, նա իր հետազոտության արդյունքները ներկայացրել է Գյումրիում և Երևանում:
Լուսանկարը` Դավիթ Ջիշկարիանիի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել