
Սահմանամերձ Դովեղը գրադարան ունի, բայց չունի գրադարանավար
Մի քանի տարի է, ինչ Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի գրադարանը չի գործում: Այժմ գրադարանից մնացած գրքերը տեղադրված են գյուղապետարանի սենյակներից մեկում. մի մասը դասավորված է ըստ այբբենական կարգի, մյուս մասը` կապոցներով դրված է հարևան սենյակում:
Գյուղապետարանի աշխատողները պատմում են, որ գրադարանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գործել է մինչև 2007թ.-ը: Երբ տեղի գրադարանավարուհին ամուսնանում է, գրադարանավարի հաստիքը մնում է թափուր, սակայն չի վերականգնվում: Այժմ նրանց, ովքեր ցանկանում են օգտվել տեղի գրքերից, սպասարկում է գյուղապետարանի գանձապահը` Մանյա Սարուխանյանը:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր չէր այս տարիների ընթացքում այլ գրադարանավարի աշխատանքի ընդունել, Մ. Սարուխանյանը պատասխանում է, որ այդ ժամանակ գյուղապետարանում փոփոխություններ տեղի ունեցան, որի արդյունքում հաստիքը չվերականգնվեց:
![]() |
![]() |
Ըստ ԽՍՀՄ փլուզման տարիների հաշվառման տվյալների` գրադարանն ունեցել է շուրջ 4200 գիրք, որից 2700-ը` գեղարվեստական: Սակայն դրանից հետո թիվը նվազել է. գյուղապետարանում բացատրում են, որ տարբեր տարիների ընթացքում գրադարանի գրքերից օգտվել են այդտեղ ծառայող զինվորականներ, որոնց մի միասը գրքերն այդպես էլ չի վերադարձրել, նույնը կատարվել է նաև այլ ընթերցողների դեպքում:
Մ. Սարուխանյանի խոսքերով` այժմ գիրք կարդացողները շատ քիչ են, տեղի գրքերից օգտվում են հիմնականում դպրոցականները, ովքեր վերցնում են դպրոցում հանձնարարված գրքերը: Չնայած այցելուների սպասարկումն իր հիմնական գործը չէ, բայց այդ առումով դժվարություն չի ունենում. գանձապահի խոսքերով` այցելուներն այնքան շատ չեն, որ դա խանգարի իր գործին:
Դովեղի երեխաները հաճախ ստիպված են լինում օգտվել Նոյեմբերյանի քաղաքային գրադարանից, քանի որ գյուղապետարանի գրքերը սակավ են: Նոյեմբերյանի քաղաքային գրադարանի տնօրեն Արմինե Նավասարդյանի խոսքերով` դովեղցիները շատ են օգտվում հատկապես ռուս գրականությունից` նախընտրելով մասնավորապես գրքի ռուսերեն տարբերակը: Նա պատմում է, որ որոշ երեխաներ անգամ ոտքով են գյուղից գալիս գրադարան, և տնօրենը հիացած է նրանց ընթերցասիրությամբ: Ա. Նավասարդյանի կարծիքով` եթե անգամ մեկ ընթերցող կա, գրադարանը պետք է գործի և գրադարանավար ունենա:
Այն հարցին, թե արդյոք գյուղապետարանում չի քննարկվում գրադարանի վերաշահարկման հարցը, առավել ևս որ գյուղապետարանի շենքում տարածքի խնդիր չկա, Մ. Սարուխանյանը պատասխանում է, որ հարցը բազմիցս քննարկվել է գյուղապետարանում, սակայն դեռևս համայնքի բյուջեն դա թույլ չի տալիս, առավել ևս, որ գյուղն ունի բազմաթիվ այլ խնդիրներ ևս:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել