
Հայաստանում սնդիկով աղտոտվածության մասին
Ճապոնական Մինամատա քաղաքում 50 տարի առաջ սնդիկով զանգվածային թունավորման հետևանքով մոտ 10 հազար մարդ է մահացել: Թեպետ մինչ օրս զոհերի հարազատները չեն կարողանում հասնել արդար վերաբերմունքի և փոխհատուցման, այնուամենայնիվ, Ճապոնիան ամեն ինչ անում է հետագայում նման աղետների վտանգը կասեցնելու համար. այդ երկրում այժմ գործում է «Սնդիկի օգտագործումը սահմանափակող» կոնվենցիան, որն ավելի հայտնի է որպես Մինամատայի կոնվենցիա:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի բժիշկ-փորձագետները Հայաստանում որոշ ձեռնարկությունների և բուժհաստատությունների հարևանությամբ հայտնաբերել են սնդիկով աղտոտվածություն: Նրանք մտահոգված են. սնդիկով թունավորվածներն, ըստ իրենց հետազոտությունների, ունենում են ուղեղային ու նյարդաբանական վնասվածքներ և առողջական այլ խնդիրներ:
Այս թեմայով ասուլիս ժամանակ վերոհիշյալ ՀԿ-ի բժիշկ-փորձագետ Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ սնդիկը, ինչպես մնացած ծանր մետաղները, կուտակվում է մարդու օրգանիզմում, և դրա միայն մի մասն է արտաթորանքի միջոցով դուրս գալիս, մնացածը մնում է` հետագայում դառնալով զանազան հիվանդությունների առաջացման պատճառ: Որպես սնդիկի առաջացման և շրջակա միջավայրում դրա քանակության ավելացման պատճառ ոլորտի մասնագետն առաջին հերթին առանձնացրեց ինտենսիվ հանքարդյունաբերությունը:
Խոսելով կոնվենցիայի մասին, նույն ՀԿ-ից բժիշկ-փորձագետ Էմմա Անախասյանը նշեց, որ այն ժամանակ, երբ արդեն սնդիկի հիմնախնդրին համաշխարհային մասշտաբով կարևորություն տրվեց, մշակվեց համապատասխան կոնվենցիա և այս տարվա հունվարին, Ժնևում ՄԱԿ-ի կողմից ընդունվեց որպես միջազգայնորեն պարտադրվող փաստաթուղթ այն վավերացնող երկրների համար:
Փորձագետները հույս հայտնեցին, որ Հայաստանը նույնպես կարող է այս տարվա հոկտեմբերին միանալ Մինամատայի կոնվենցիային: Քնարիկ Գրիգորյանի խոսքով` կոնվենցիան, բացի սնդիկի օգտագործումը սահմանափակելուց, նաև ֆինանսական որոշակի օգնության հնարավորություն է ընձեռում հետազոտություններ անցկացնելու և հնարավոր վտանգներից խուսափելու համար. Հայաստանում սնդիկի քանակությունը կրիտիկական վայրերում նորմայից շատ չեն գերազանցում, բայց, փորձագետների դիտարկմամբ, ավելի լավ է վտանգը չեզոքացնել, քան հետո փորձել դրա հետևանքները բուժել, ինչը գործնականում շատ ավելի բարդ է:
Բժիշկները խորհուրդ տվեցին արտասահմանյան, հատկապես չինական արտադրության խնամքի և կոսմետիկ միջոցներ գնելիս հետևել, որպեսզի տուփի վրա առկա լինի ստանդարտի նշանը: Նույնը վերաբերում է նաև սննդամթերքին և մանկական խաղալիքներին. սնդիկը օգտակար է միայն որոշակի քանակության դեպքում, չարաշահելիս այն դառնում է վտանգավոր:
Լուս.` Էմմա Անախասյան, Քնարիկ Գրիգորյան
Մեկնաբանել