
«Թողեք իմ երեխին տանեմ բուժեմ»,-ասում է ՄԻԱՎ-ով վարակված տղայի մայրը
32-ամյա Արարատ Ճաղարյանը վարակված է իմունոանբավարարության վիրուսով` ՄԻԱՎ-ով (ՄԻԱՎ ինֆեկցիայի վերջին փուլը ՁԻԱՀ-ն է): Այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի կլինիկայի ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում: Արարատը պառկած է, դժվարությամբ է վեր կենում և քայլում: Մայրը` Օֆելյա Ճաղարյանն է խնամում որդուն: Ասում է, որ իր որդին այս կլինիկայում որևէ տեսակի բուժում չի ստանում: Չի ստանում նաև բուժում ՄԻԱՎ-ի դեմ: Սակայն ինքը չի կարող որդուն հանել հոգեբուժարանից և տանել բուժման, քանի որ դատարանն է այդպես վճռել:
Ինչպես է Արարատն ընկել հոգեբուժարան
Այս տարվա փետրվարի 22-ին Արարատը հանդիպել է Հաղարծին գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Թամրազյանին: Նախաքննությանը Արմեն Թամրազյանը ցուցմունք է տվել, որ ինքն աշխատանք փնտրելու նպատակով Տավուշի մարզից եկել է Երևան և գիշերելու տեղ չունենալու պատճառով ողջ օրն անց է կացրել Հանրապետության հրապարակում: Հաջորդ օրն ինքն աշխատանք գտնելու համար շրջել է Երևան քաղաքում, սակայն աշխատանք չգտնելով երեկոյան գնացել է Հանրապետության հրապարակից քիչ ներքև գտնվող այգի և նստել նստարանին: Այնուհետև իրեն մոտեցել է անծանոթ մի երիտասարդ` Արարատը, ում ձեռքին օղու շիշ է եղել: Վերջինս իրեն առաջարկել է միասին օղի խմել, ինչին ինքը չի համաձայնել: Արարատը տեղեկանալով, որ ինքը գիշերելու տեղ չունի, առաջարկել է գնալ իրենց բնակարան, սակայն ինքը չի համաձայնել: Այնուհետև Արարատնն իրեն առաջարկել է գնալ իր պապի հողամաս և գիշերել այդտեղ գտնվող տնակում, ինչին ինքը համաձայնել է: Միասին գնացել են դեպի Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի կողմը: Հասնելով Պարոնյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ, Արարատի առաջարկով մտել են գետնանցում: Այդ ժամանակ Արարատը զրուցել է բջջային հեռախոսով և անսպասելի ետևից բռունցքով հարվածել իր գլխին, ինչի հետևանքով ինքն ընկել է գետնին: Դրանից հետո Արարատը շարունակել է հարվածներ հասցնել իր դեմքի, կրծքավանդակի և ոտքերի շրջաններում, ապա, վերցնելով իր ձեռքի պայուսակը, դիմել է փախուստի: Ինքը, ոտքի կանգնելով, հետևել է Արարատին և տեսել, որ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցները բռնել են նրան: Անմիջապես պահանջել է իր պայուսակը, և վերցնելով տեսել է, որ իր բջջային հեռախոսը չկա: Այնուհետև ներկայացել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին և կատարվածի մասին հաղորդում տվել: Արարատի հայրը` Ալեքսանդր Ալեքսանդր Ճաղարյանը փոխհատուցել է իր բջջային հեռախոսի արժեքը, ուստի ինքը Արարատից որևէ պարտք կամ պահանջ չունի:
Սթափության վիճակի զննության արձանագրության համաձայն` 2013թ. փետրվարի 23-ին` ժամը 02:05-ին, կատարված զննությամբ Արարատը գտնվել է երրորդ աստիճանի խմածության վիճակում:
Նախաքննությամբ հաստատվել է, որ Արմեն Թամրազյանի պայուսակի, վերնաշապիկի, սրբիչի, տաբատի և վերնազգեստի ընդհանուր շուկայական արժեքը 2013 թվականի փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 3.800 դրամ:
Արարատին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մաշտոց-Պարոնյան փողոցների հատման մասի գետնանցումում Արմեն Թամրազյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով ծեծի է ենթարկել վերջինիս ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով: Ապա, ավազակությամբ հափշտակելով Ա. Թամրազյանի զգալի չափի` 103.800 ՀՀ դրամ արժողության ձեռքի պայուսակը, iphone տեսակի բջջային հեռախոսը, հագուստները և հարդարման պարագաները, դիմել է փախուստի: Արարատի ծնողները ամբողջությամբ փոխհատուցել են տուժողի կրած վնասները:
Արարատի նկատմամբ փետրվարի 25-ին դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել: Մայրը` Օֆելյա Ճաղարյանը պնդում է, որ որդուն կալանավորելուց հետո այնպես են ծեծել, որ նա ոչ միայն քիչ բան է հիշում, այլ այդ ամենի մասին ամեն անգամ հիշելուց ցնցվում է: «Հիմա պատմում է` մամա, ես ձեռքերով պաշտպանվում էի: Երեխիս տարել են մեկուսարան, էնտեղ էլ է ինչ-որ բաներ եղել, դաժե ասում է` ինձի տկլոր թողել են էնտեղ, հետ է տվել, ինքն էլ տենց հիվանդ: Իրեն ոչ մեկն օգնություն ցույց չի տվել, չգիտեմ ինչքան է մնացել,- պատմում է Օֆելյա Ճաղարյանը: -Անկախ նրանից, հիվանդ ես, թե առողջ` մարդուն ինչո՞ւ պիտի ծեծեն: Հանցանք արել է, մտել է բերդ, թող իրա պատասխանը տա: Իմ կռիվը նրանում է, որ իմ տղին ծեծել են: Որ ինքը Սովետաշենում է եղել, ես մոտեցել եմ բժշկին, ասել եմ` օգնեք իմ երեխին: Գողացել է, ինքը պատասխանը տալիս է, միայն թե օգնեք իմ երեխին»:
Ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության 2013թ. ապրիլի 3-ի եզրակացության համաձայն` Արարատ Ճաղարյանը տառապել և տառապում է «Իմունոանբավարարության վիրուսով (ՄԻՎ) պայմանավորված թուլամտությամբ»: Այդ մասին են վկայում ինչպես անամնեստիկ տվյալները, այնպես էլ հետազոտման արդյունքները: Ըստ նույն եզրակացության` իրավախախտումը կատարելիս փորձաքննվողը գտնվել է վերը նշված հիվանդագին խանգարված վիճակում, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու և դրանք ղեկավարելու հնարավորությունից: Ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Ուստի փորձագետները գտել են, որ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արարատին հարկ է ճանաչել անմեղսունակ: Ըստ այդմ` իր ներկա հոգեկան վիճակով նա վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ շրջապատի համար, չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին, կարիք ունի հարկադիր բուժման ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Օֆելյա Ճաղարյանն ասում է, որ որդին հոգեկան խնդիրներ չի ունեցել, դրանք ի հայտ են եկել ձերբակալելուց և նրան կտտանքների ենթարկելուց հետո:
Ապրիլի 8-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Բ.Գալստյանի որոշմամբ Ա.Ճ.-ի նկատմամբ հարուցվել է բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ և վերացվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մ.Պապոյանի, քննել է գործը: Քննարկելով հանցանքը կատարելու ժամանակ Արարատի մեղսունակության հարցը` դատարանը գտել է, որ նա տառապել է «Իմունոանբավարարության վիրուսով (ՄԻՎ) պայմանավորված թուլամտությամբ» և վերը նշված արարքը կատարելիս գտնվել է անմեղսունակ վիճակում, ինչը նրան զրկել է իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելուց և դրանք ղեկավարելուց:
Դատարանը, նկատի ունենալով, որ Արարատի հիվանդությունը և այն, որ հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով, գտել է, որ նրան պետք է ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից` նշանակելով հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Թե ինչքան է հարկադիր բուժումը, դատարանը ժամկետ չի նշել:
Ճաղարյանների ընտանիքը ՌԴ քաղաքացի է: Արարատը բնակվում է Հայաստանում, ամուսիններն աշխատում են Հունաստանում: Չնայած ՄԻԱՎ-ի դեմ Արարատին` որպես օտարերկրյա քաղաքացու, անվճար բուժօգնություն չի հասնում, Օֆելյա Ճաղարյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարարին: Բացառության կարգով Ա.րարատին տրամադրվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժվելու ուղեգիր: Նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ «հաշվի առնելով հարկադիր բուժման հանգամանքը այդ բուժօգնությունը նույնպես պետք է կազմակերպվի Ավանի հոգեբուժական կլինիկայում»:
Ավելի քան երկու ամիս է` Արարատը Ավանի հոգեբուժական կլինիկայում է: Բացի նրանից, որ հոգեբուժական բուժօգնություն չի ցուցաբերվում, չի ցուցաբերվում նաև որևէ տեսակի բուժօգնություն ՄԻԱՎ-ի կանխարգելման դեմ: «Ես մոտենում եմ հոգեբուժարանի տնօրենին, ասում եմ` իմ երեխեն ձեր հիվանդանոցում անելիք ունի՞, ասում են` չէ: Բա ինչի՞ եք պահում` հարցնում եմ: Դատարանն է որոշել` պատասխանում են,- պատմում է Օֆելյա Ճաղարյանը: -Երեխեն ահավոր վիճակում է, նրան ոչ մի օգնություն ցույց չեն տալիս»:
Օֆելյա Ճաղարյանը հիասթափված է սփյուռքահայերի նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինների, առողջապահական համակարգի վերաբերմունքից, որոնք «բանի տեղ չեն դնում» մարդուն, նրա հիվանդությունը: Նա պահանջում է թույլ տալ, որ իր երեխային հանի երկրից և պատշաճ կազմակերպի նրա բուժումը: «Տունս կծախեմ, մատանիս կծախեմ, կաշխատեմ, մի բան կանեմ, միայն թե թողեք իմ երեխուն ես տիրություն անեմ»,- ասում է Օֆելյա Ճաղարյանը:
Օֆելյան Ճաղարյանն արդեն հույս չունի հայաստանյան պատկան մարմիններից: Միակ հույսը կապում է միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ուշադրություն կդարձնեն իր որդու վրա և կօգնեն կազմակերպել պատշաճ բուժօգնություն:
Արարատի ծնողները բողոքարկել են դատավճիռը, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը դեռ չի քննել և օգոստոսի 6-ին նշանակած նիստը հետաձգել է մինչև օգոստոսի 21-ը, ինչի հետևանքով ձգձգվում է նաև Արարատի` հոգեբուժարանում առանց բուժման մնալու հանգամանքը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել