
Ուսանողները պահանջում են իջեցնել վարձավճարները (լուսանկարներ)
Մի խումբ ուսանողներ և քաղաքացիներ այսօր առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով իջեցնել ուսման վարձերը: Հիշեցնենք, որ այս տարի մի շարք պետական բուհերում ուսման տարեկան վարձը մոտ 30%-ով բարձրացել է, նվազագույն վարձը դարձել է 400 հազար դրամ:
Երիտասարդների մեջ շատ են այս տարի բուհ ընդունված ուսանողներ, ովքեր պայքարում են մատչելի կրթություն ստանալու իրենց իրավունքի համար: Ցուցարարները պահանջում են, որ վարչապետն անձամբ իջնի իրենց մոտ, որպեսզի նրա առջև ևս բարձրաձայն կարդան ու հանձնեն իրենց բաց նամակը:
Վարչապետի փոխարեն իջավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Նա ասաց, որ վարչապետը զբաղված է, և ինքը նամակը կփոխանցի վարչապետին: Ուսանողներին դուր չեկավ դա, և նրանք այժմ շարունակում են պահանջել հանդիպում վարչապետ Տիգրան Սարգյանի հետ, ով, իրենց խոսքով, աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացիների հարկերից, ինչպես նաև ուսանողների վճարած վարձերից ու պարտավոր է հանդիպել վերջիններիս:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել