
Երեւանում կկառուցվի հեղեղատար նոր համակարգ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ հետևել է մայրաքաղաքում կառուցվող նոր ջրագծերի, ջրահեռացման համակարգի ընդլայնման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ամբողջ երկարությունը 253 կիլոմետր է: Ցանցն ամբողջապես սպասարկում է «Երևան Ջուր» ընկերությունը, սակայն ոչ բոլոր փողոցներն են ապահովված ջրահեռացման համակարգերով: Թեև ցանցն ընդհանուր առմամբ բավարարում է առկա պահանջներին, այդուհանդերձ առանձին հատվածներում առատ տեղումների ժամանակ ժամանակավոր որոշ դժվարություններ են առաջանում: Խնդրին աստիճանական լուծում տալու համար Երևանի քաղաքապետարանն ու «Երևան Ջուր» ընկերությունը լայնածավալ աշխատանքներ են իրականացնում: Կամո Արեյանը եղել է քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգվող 30 փողոցներից մի քանիսում, ուր, մինչ կապիտալ ասֆալտապատումը, կկառուցվեն լրացուցիչ անձրևատար համակարգեր:
Ծրագիրը մեկնարկել է ապրիլ ամսից և կշարունակվի մինչև տարեվերջ: Հալաբյան փողոցում, մասնավորապես, անցկացվում է ջրատար նոր համակարգ, իրականացվում են նոր դիտահորերի և անձրևընդունիչնրի տեղադրման աշխատանքներ: Անձրևաջրերի կուտակման առումով խնդրահարույց հատվածներից մեկը Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց հանգույցն էր: Այստեղ կառուցվում է նոր պոմպակայան, որի միջոցով կուտակված ջուրը կմղվի ջրահեռացման համակարգ: Հալաբյան փողոցի Կիևյան փողոցին հարող հատվածում կավելանա անձրևորսիչների թիվը: Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը նաև կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ կապված ինչպես աշխատանքների որակի, այնպես էլ ժամանակացույցի հետ:
Լենինգրադյան,Գյուրջյան, Գլինկայի և խնդրահարույց ևս 9 փողոցներում անձրևաջրերի կուտակման սպառնալիքը վերացել է 2011-2012 թվականներին Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համատեղ ֆինանսավորմամբ կառուցված 2.2 կմ երկարությամբ ջրահեռացման նոր համակարգ անցկացնելու արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով, «Երևան Ջուր» ընկերության հետ կազմվել է վերակառուցման և հեղեղատար նոր համակարգի կառուցման համաքաղաքային ծրագիր, որում ներառվել են 74 փողոցներ:
Ծրագրի լիարժեք իրականացման համար կպահանջվի շուրջ 2.2 միլիարդ դրամի ներդրում: Աշխատանքներ նախ կիրականացվեն հրատապ լուծում պահանջող փողոցներում: 2013 թվականի ապրիլ ամսից մինչ օրս թվով 33 փողոցներում վերակառուցվել է շուրջ 850 գծամետր հեղեղատար համակարգ: Գույքագրվել են նաև 22 փողոցներ, որոնցում դիտահորերի նիշային մակարդակը չի բավարարում ջրահեռացումն ամբողջ ծավալով կատարելու համար: Պատասխանատուների խոսքով կխստացվի նաև վարչարարությունը, որպեսզի բնակիչներն ու տնտեսվարողները ապօրինի գործողություններով չկարողանան խոչընդոտել ջրահեռացման համակարգերի բնականոն աշխատանքին: Ջրահեռացման նոր համակարգերի կառուցման, վերակառուցման և անձրևորսիչների տեղադրման աշխատանքները կշարունակվեն նաև 2014 թվականին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել