
Դեպի Սևանա լճի հատակը (լուսանկարներ)
Այս ամառ ևս իրականացվեց 2010 թ.-ին մեկնարկած Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտահետազոտական արշավը:
Այս ծրագիր-առաքելության հեղինակներին՝ ֆրանսահայ Կլոդ Թուլումջյանին և Ստեփան Կոջայանին, ինչպես նաև Հայաստանում նրանց օգնող փրկարար Վահե Մելքոնյանին ու ջրասույզ Մամիկոն Հակոբյանին այս անգամ միացել է նաև էկոլգիական քիմիայի և հիդրոլոգիայի մասնագետ Աննա Թութունջյանը:
«Մենք ուզում էինք սուզվել Հայաստանում, բայց որ դա միայն հաճույքի համար չլիներ, այլ նաև օգտակար բան արած լինեինք»,- ասաց Ստեփանը:
Առաջին անգամ գալով Հայաստան, նրանք պարզել են, որ Սևանա լճով հետաքրքրվող գիտնականները հնարավորություն չունեն սուզվելու:
Խոսելով այս տարիների ընթացքում կատարած բացահայտումների մասին, Ստեփանը նշեց, որ շատ անգամ իրենք ուղղակի ջրի հատակից տիղմ ու ցեխ են դուրս հանում. սովորական մարդկանց համար դա կարող է մեծ բան չթվալ, բայց այդտեղ քիմիական հարյուրավոր տարրեր կան, որոնք գիտնականների համար հետաքրքրության առարկա են:
«Գիտնականի համար այդ ցեխը մի ամբողջ կարողություն է», նշեց Վահեն:
Գիտարշավներն իրականացվում են վերջերս հիմնադրված Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո, որի նախագահը Կլոդն է:
Ստորջրյա ուսումնասիրությունների նպատակն է` ամրապնդել անցյալ տարիներին ձեռք բերված նախնական արդյունքները, ինչպես նաև շարունակել գիտնականների համար նմուշների (ջուր, գազ, նստվածքներ, տիղմ), տեսաֆիլմերի և լուսանկարների ձեռքբերման աշխատանքները, ֆաունայի հաշվառումները (ձկներ, խեցգետիններ) և ֆլորայի նկարագրությունը: Հետազոտությունների նպատակն է` վերհանել լրացուցիչ տեղագրական տվյալներ, որոնք կարող են ծառայել ստորջրյա հնագիտական պեղումներին կամ երկրաբանական ուսումնասիրություններին, իրականացնել հոսանքների չափումներ և բացահայտել ստորջրյա աղբյուրներ:
Ձեռբերված բոլոր տարրերը, «ՍՀՍՀԿ»- ի անդամների խոսքերով, կտրամադրվեն հայ գիտնականներին` հետագա հետազոտությունների նպատակով:
«Երբ առաջին անգամ Սևանի հատակից նմուշներ հանեցինք, ինչպես նաև Ֆոտոներ, վիդեոներ արեցինք, դրանք շատ հետաքրքրեցին գիտնականներին, ովքեր նախկինում երբեք չէին տեսել այն, ինչ մենք նրանց ցույց տվեցինք»,- ասաց Ստեփանը:
Ֆրանսահայ ջրասույզների խոսքերով՝ իրենց նպատակը ոչ միայն գիտնականներին օգնել ու նմուշներ վերցնելն է, այլև ջրասույզների սպորտը զարգացնելը: Ստեփանն ավելացրեց նաև, որ իրենք տուրիզմով չեն զբաղվում: Թիմի գիտնական անդամը՝ Աննան, արդեն հմտացել է ու կարողանում է սուզվել և ուսումնասիրություններ անել հենց ջրի տակ, քանի որ շատ բաներ կա, որ ջրասույզները չեն տեսնում, բայց գիտնականը նկատում է:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել