
Եզդիները` գյուղից դուրս, Գեղարդի բարձունքներում
Լուսինե Ավագյան
Գյավասը ոչ թե գիշերանոցով, այլ առօրյա հագուստով պետք է գիշերի: Դեռ նախքան լուսաբացը` ժամը չորսին, մեծ բեռնակիր ավտոմեքենան պետք է գա, որ Գյավասենց «ողջ տունը» վերցնի ու տանի սար. հունիսյան վարար անձրեւների ավարտից անմիջապես հետո եզդիները թողնում են իրենց տունն ու գյուղը եւ «քոչ» գնում:
«Անասունն արդեն հասել ա սար, մեզ ա սպասում»,- պատմում է Գյավասը: Գյավասի գյուղից մինչեւ Գառնու սարերը ավտոմեքենայով մեկ ժամվա ճանապարհ է, իսկ հովվի ու 120 գլուխ անասունի համար` 2-3 օր: «Էս անձրեւներից խեղճ անասուններս լռվել էին ձորը, չէին կարում բարձրանային: Նոր տեղ են հասել»,- ասում է Գյավասը: Ամռանն անասունին սար տանելը գյուղի այրող արեւից ու հիվանդություններից անասունին պաշտպանելու եւ կաթի արտադրությունը մի քանի անգամ բարձրացնելու ամենալավ միջոցն է: «Մենակ տենաք, թե սարում կաթը ոնց ա յուղ կապում, անասունն էլ լավ լցվում ա, չաղանում ա... Սարում խոտը էնքան բարձր ա, որ մեջը պախկվոցի էլ ենք կարում խաղանք»,- պատմում է Գյավասի թոռներից Նիգյարը:
Եզդիները սար գնալու համար գրեթե մեկ ամիս նախապատրաստվում են: Սարում երեք ամիս ապրելու համար շատ բան է անհրաժեշտ` երկաթե մահճակալներ, սեղան, աթոռ, լամպ, մոմ, տաք հագուստ, կաթ կթելու, մածուն մերելու, պանիր ու կարագ պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները: «Սարում ամեն ինչ պետք ա ձեռիդ տակ ունենաս: Սարում ոչ մի բան ավելորդ չի կարա լինի»,- ասում է Գյավասը: Սարում խանութներ չկան: Գյավասն արդեն պատրաստել է իր ընտանիքի 3 ամսվա սնունդը` մի քանի պարկ սոխ, գազար, կաղամբ, 100 կգ կարտոֆիլ, 100 կգ ալյուր, 100 կգ էլ թոնրի լավաշ: Եզդիները, անասունից բացի, իրենց հավերն էլ են տանում: Իրենց վրանին մոտ տեղերում խոր փոսեր են փորում եւ «բնական հավաբուն» կառուցում:
Ինչքան էլ սարերում ապրող եզդիներն ամեն օր սնվում են թարմ կաթնեղենով, հավկիթով, իսկ գյուղից բերած պաշարն էլ բավականացնում է, միեւնույնն է, կան բաներ, որ սար կարող է բերել միմիայն «չարչին»: Երբ չարչին գալիս է սար, մեծ աղմուկ է բարձրանում: Երեխաները նրա հետեւից բղավում են` չարչի~, չարչի~... Չարչին վաճառում է ամեն ինչ` պաղպաղակ, կոնֆետ, հրուշակեղեն, օճառ, կեռաս, նորահաս խնձոր, վարունգ, լոլիկ, ամանի հեղուկ, մոմ, ափսե: Բայց չարչին ամեն ինչ թանկ է վաճառում. 1կգ լոլիկը` 450-500 դրամ: Հաճախ եզդիները մթերքներ են փոխանակում. օրինակ` 1կգ պոմիդորի դիմաց` 3 կգ զտած պանիր:
Գեղարդի բարձունքներում յուրաքանչյուր ընտանիք մի ամբողջ «սարի տեր» կարող է լինել: «Մեկը մյուսի տերիտորիան չի կարա մտնի, սաղ օրենքներով ա»,- բացատրում է Գյավասի կրտսեր հարսը` Բահարը: Գեղարդի բարձունքներում առանձին յուրտ` տարածք ունենալու համար եզդիները ամեն տարի պայմանագիր են կնքում Կոտայքի մարզպետարանի հետ եւ տարեկան միջինը մոտ 300.000 դրամի չափով վճարումներ կատարում: Իրենց յուրտն ընտրելիս եզդիներն աշխատում են հաստատվել սառնաղբյուրների մոտ, որ ջրի խնդիր չունենան: Իսկ իրենց սարի «տունը» ոչնչով չի տարբերվում գյուղի տնից: Միայն թե գյուղի տան քարաշեն պատերին փոխարինում են վրանի` թեեւ կտորից, բայց ամուր ու հաստատուն «պատերը»: Վրանը թանկ հաճույք է. արժե 1000-2000 ԱՄՆ դոլար եւ կարող է ծառայել 10-20 տարի: Սարում մնացող յուրաքանչյուր եզդի ընտանիք, սովորաբար, ունի երկու վրան. մեկը ծառայում է որպես ննջասենյակ, իսկ մյուսը` «կաթ ու պանրի տեղ», որտեղ թարմ կաթն են պահում, մածուն մերում, պանիր ու կարագ պատրաստում: Իսկ որպես ննջասենյակ ծառայող վրանում ամեն ինչ տան նման է. գորգը գետնին է, մահճակալներն իրենց տեղերում են:
Իսկ ամենակարեւորը` վրանի մի անկյունում եզդիների Խոդան է (եզդիների սուրբն է` հատակից մինչեւ առաստաղ բարձրացող իրար վրա դարսված վերմակ-ներքնակներ, իսկ դրանց մեջ` թաս, ուլունք, ձիու պայտ եւ Սրբի` Մելեկետաուսի նկարը): Գյավասն ունիմոտ 55 վերմակ-ներքնակ, սակայն սար տանելու է միայն 20-25-ը. դրանց մի մասը կօգտագործեն, մնացածից կպատրաստեն Խոդան: «Դե մարդ ես, եթե հյուր էլ ունենանք, ասենք` չոբան ա, անասնաբույժ ա, Սրբից կհանենք, տակները կփռենք»,- բացատրում է Գյավասը:
Վրանի մի անկյունում էլ վարագույրով անջատված լոգարանն է: Գետից սառը ջուրը դույլերով բերում են, արեւի ջերմությամբ տաքացնում ու լողանում: Մեծ մասամբ, սակայն, սարերում ցուրտ ու քամոտ է լինում: Նման դեպքերում ջուրը փայտի վառարաններով են տաքացնում: Գետի ջրով նաեւ լվացք են անում, իսկ խմելու ջրի համար օգտվում են սառնաղբյուրներից: Բացի «ննջասենյակից» ու «կաթ ու պանրի» վրանից, յուրտում կարող է լինել նաեւ երրորդ` չոբանի համար նախատեսված «պոպոլոզը»` փոքր վրանը: Հովվի ամսական միջին աշխատավարձը 20.000 դրամ է: Հովիվն իրեն աշխատանքի վերցրած ընտանիքի հետ չի քնում, սակայն սնվում է նրանց հետ միասին: Բացի այդ, սարում եղած ժամանակ երիտասարդ հովվի «բախտը կարող է բացվել». «դե սար ա, սարում էլ երիտասարդություն կա: Կարա սիրահարություն գնա: Էղել են դեպքեր, որ հենց սարում չոբանը նշանվել ա»,- պատմում է Գյավասի հարեւանուհիներից մեկը, որը չցանկացավ անունը նշել:
Սարում կյանքը դժվար է: Հունիս-հուլիս ամիսներին ուժեղ անձրեւներ ու կարկուտներ են լինում, իսկ օգոստոսին սկսվում են քամիները, որ կարող են վրանները հողին հավասարեցնել: «Երբ ցուրտ ա, անձրեւ ա գալիս, փեջի կողը երեխեքին նստացնում ենք, թոնրի լավաշ ենք տալի ձեռները: Էնքան հավես ա, ոնց որ ձմեռ լինի... Տենց նստում ենք»,- պատմում է Նիգյարը: Ցրտից ու քամուց հաճախ երեխաները հիվանդանում են, սակայն շատ հազվադեպ է պատահում, որ եզդիները վերադառնան գյուղ եւ դիմեն բժշկի: Սար գնում են նաեւ հղի կանաք եւ հենց սարում էլ ծննդաբերում` առանց բժշկի օգնության: «Այ մարդ, մենք ամուր ենք, մինչեւ դանակը ոսկորին չհասնի, բժշկի չենք գնա: Համ էլ նենց տատմերներ ունենք, որ բժշկությամբ են զբաղվում: Արդեն գիտեն, թե որ սարում ինչ բույս կա, որը ինչ ցավ կարա հանգստացնի»,- պատմում է Գյավասը:
Սարերում անասունի գողություններ էլ են լինում: Լուրեր են պտտվում, թե կան գաղտնի հանցագործ խմբեր, որ եզդիների ձիերին գողանում են եւ հանձնում կամ երշիկի գործարան, կամ էլ սահմանն անցկացնում են ու վաճառում պարսիկներին:
Սարի կյանքն իր հետաքրքրություններն էլ ունի. «Հարեւաններով ձորի մեջ հավաքվում ենք, դվիժոկով հեռուստացույց ենք նայում: Թուրքիայից բացի, ուրիշ բան լավ չի բռնում, բայց դե էլի բան ա: Հեռախոս էլ ա բռնում»,- ասում է Նիգյարը:
Զբոսաշրջիկներ էլ են լինում սարերում: Անգամ եղել է, որ նրանց համար Գյավասի ընտանիքը գառ է մորթել, սառը թան հյուրասիրել: Գյավասի հարսներից մեկն էլ հիշում է, որ իրեն զբոսաշրջիկները օծանելիք են նվիրել, որ օգտագործելիս իրենց հիշի: Պարզապես ինքը շատ է ամաչել ու չի էլ հարցրել, թե որ երկրից են զբոսաշրջիկները:
Սարում մի չգրված օրենք էլ կա, որ եթե խախտես, «սեւերես դուրս կգաս հարեւաններիդ առջեւ». եթե դրսից եկած հարազատդ սար եկող ավտոմեքենայով ուտելիք է ուղարկել քեզ համար, ապա դա հավասար չափով պետք է բաժանես հարեւաններիդ հետ: Հարեւաններդ էլ, իրենց հերթին, գյուղից եկած իրենց նվերները պետք է կիսեն քեզ հետ:
Արդեն երեկո է, եւ Գյավասի ընտանիքը սպասում է բեռնատարի գալուն: Գյավասի հարսներն արդեն Խոդան «արեւի են հանել», 15 րոպեն մեկ շրջել են վերմակ-ներքնակները, որ արեւի բույրը Սրբի մեջ մնա: Գյավասի թոռներն էլ «Ավետիք Իսահակյանի գիրքն են դրել ճամպրուկում, որ սարում գրել-կարդալը չմոռանան»: Տան կանայք էլ չեն մոռանում ճամպրուկում օծանելիք դնել: «Ծնունդներ են լինում, նոր երեխա ա ծնված լինում, կամ էլ տուրիստներ են գալիս: Երբ տուրիստները գալիս են, մենք էլ ենք կոսմետիկա օգտագործում, որ իրանցից չտարբերվենք»,- ժպտում է Բահարը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել