
Կիպրոսի իրավապահներից ակնկալվում է մոտ 20 քննչական գործողության կատարում
Այս տարվա հուլիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցել է իրավական օգնության մասին միջնորդագրերի կրկնօրինակները: Իրավական օգնություն ցուցաբերելու վերջին միջնորդությունը Կիպրոսի դատախազին էր ուղարկվել հունիսի 19-ին, իսկ նախորդը 2012 թ. քննչական մարմինը հասցեագրել էր Կիպրոսի իրավապահ մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազը հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին առձեռն փոխանցելով իրավական օգնության վերաբերյալ միջնորդության ամբողջ փաթեթը՝ խնդրել էր համապատասխան ծառայություներին հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել միջնորդության պահանջները և արդյունքների մասին տեղեկացնել:
«Հետքը» գլխավոր դատախազությանը խնդրել է տեղեկացնել` օֆշորային գործի մասին Կիպրոսի գլխավոր դատախազությունից որեւէ պատասխան ստացվե՞լ է: Ի պատասխան՝ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է.
«ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2013 թ. հուլիսի 2-ին Կիպրոսի գլխավոր դատախազին առձեռն հանձնել է ավելի վաղ՝ դիվանագիտական ուղիներով փոխանցված իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների փաթեթը՝ միջազգային քննչական հանձնարարության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Կիպրոսի քննչական մարմիններից ակնկալվում է կատարել երկու տասնյակի հասնող քննչական գործողություններ, այդ թվում որպես վկա հարցաքննել մատնանշված կոնկրետ անձանց:
Կատարված քննչական գործողությունների արդյունքների մասին գրավոր պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել»:
Մեկնաբանել