
Բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում այսօր բացվեց հայ-թուրքական կինոպլատֆորմը, որին մասնակցում են կինոյի ոլորտի հայ եւ թուրք մասնագետներ:
Աշխատանքային հանդիպումների եւ տարբեր իրադարձությունների միջոցով պլատֆորմը փորձում է հաստատել կապեր հայ-թուրքական սահմանի երկու կողմերում գտնվող ֆիլմարտադրողների եւ ոլորտի մասնագետների միջեւ: Պլատֆորմը ստեղծվել է 2009-ին եւ մինչեւ այսօր կինոյի ոլորտի տասնյակ մասնագետներ են միացել պլատֆորմի աշխատանքներին:
Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեւավորված փոխադարձ անվստահության մթնոլորտին, վերջին տարիներին նմանօրինակ միջոցներով փորձում են կինոն դարձնել մի գործիք` ստեղծելու հասարակական կապեր եւ ստեղծելու փոխհամաձայնություն:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հանդիպման շրջանակներում տեղի կունենան պրեզենտացիաներ, գործնական ուսումնասիրություններ, նախագծերի ներկայացումներ և կինոդիտումներ: Այն ծրագիրը, որը կընտրվի ժյուրիի կողմից, որպես մրցանակ կստանա 6000 դոլար Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի կողմից:
«Այս ծրագիրը չափազանց կարեւոր է մեզ համար, քանի որ այն օգնում է հայերի եւ թուրքերի միջեւ համագործակցության ձեւավորմանը, միմյանց սովորույթների հետ ծանոթանալուն»,- պլատֆորմի բացման ժամանակ այսօր ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Այս տարի ընտրվել են հետևյալ նախագծերը` Նիկոլ Պեզճյանի «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» (Հայաստան, Լիբանան), Արթուր Բախտամյանի «Ճանապարհորդություն Նոր տարվա նախօրյակին» (Հայաստան), «Ներս եկեք -ներսի կողմից»` Տիգրան Պասկեվիչյան (Հայաստան), «Ռոքի ճակատամարտ, ռոքի խաղաղություն»` Հասմիկ Հովհաննիսյան և Այշեգուլ Քարաքույու (Հայաստան -Թուրքիա), «Բիթլիսից Ամերիկա»` Լուսին Դինք (Թուրքիա), «Դերսիմի հեքիմ Լոքմանը»` Վելի Քահրաման (Թուրքիա), «Հրանտից հետո»` Էգե Էդեներ (Թուրքիա) և «Ռադիո Երևան»` Էյլեմ Քաֆտան, (Թուրքիա):
Կինոպլատֆորմն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հուլիսի 13-ը:
Մեկնաբանել