
Կարեն Կարապետյան. «Մայրաքաղաքում ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները»
Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփի հանդիպման ժամանակ: Կողմերը խոսել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի ընթացքի և շարունակականության անհրաժեշտության մասին:
Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները և ջրամատակարարման որակի բարելավումը քաղաքապետարանի ծրագրային առավել կարևոր առաջնահերթություններից է` քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքում, ցավոք, ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները և ետ է մնում հանրային ծառայություն մատուցող մյուս ընկերություններից:
Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ոլորտի կանոնակարգման գործընթացին ինչպես կառավարման, այնպես էլ ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու հարցում` միաժամանակ ակնկալելով Համաշխարհային բանկի և այլ դոնորների աջակցությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը հաստատել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը` առաջիկայում հարցը քննարկելով ՀՀ կառավարության հետ:
Մեկնաբանել