
Դեսպանն ու պետքարտուղարն անդրադարձել են Հրաչյա Հարությունյանի գործին
Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը ՌԴ ԱԳ փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հետ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Պոդոլսկի մոտակայքում նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած և մարդկային զոհերի պատճառ դարձած ավտովթարի քննությանը:
Դեսպան Եսայանը ևս մեկ անգամ վշտակցություն հայտնեց վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Դեսպանը հույս հայտնեց, որ հետաքննության ընթացքը կլինի անաչառ` օրենքի ոգուն և տառին համապատասխան:
Փոխնախարար Կարասինն իր հերթին հավաստիացրել է, որ տեղի ունեցածի շուրջ անցկացվում է համակողմանի հետաքննություն` անկողմնակալության եւ մարդու իրավունքների հարգման սկզբունքների հիման վրա:
Երկուստեք ընդգծվեց ողբերգության և քննվող գործի որևէ ասպեկտի շահարկման անթույլատրելիությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Մեկնաբանել