
ՊԵԿ-ը` 369 հազար դրամանոց հդմ-ների մասին
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանում է տարեկան 500 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկատուներին բաշխված, նոր սերնդի ՀԴՄ-ների վերաբերյալ «Հետքի» հարցերին:
ՀԴՄ-ների վաճառքն իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր «Հսկիչ դրամարկղային մեքենենաների ներդրման գրասնեյակ» ՊՈԱԿ-ը: Ինչպե՞ս է ՊՈԱԿ-ը զբաղվում առևտրային գործունեությամբ:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները նույնպես կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Նշված օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ պետական կազմակերպությունը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` oրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեuված դեպքերում և գործունեության տեuակներով: Տվյալ դեպքում հիմնադրի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին N 1419-Ն որոշմամբ հիմնադրվել է ՊՈԱԿ-ը:
Նույն որոշման 5-րդ կետով թույլատրվել է ՊՈԱԿ-ին որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծումն ու հարկ վճարողների իրացումը կամ տրամադրումը:
Ելնելով վերոշարադրյալից հայտնում ենք, որ ՊՈԱԿ-ը առևտրային գործունեությամբ զբաղվում է վերը նշված իրավական հիմքերով, այնպես ինչպես նման գործունեությամբ զբաղվում են մնացած բոլոր ՊՈԱԿ-ները:
ՀԴՄ-ների ձեռք բերման համար չի հայտարարվել մրցույթ: Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ գնման համար առաջարկվել է նվազագույն գին :
Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2005 թ. հունիսի 1-ի «Հuկիչ-դրամարկղային մեքենաներին և դրանց շահագործման համար oգտագործվող ժապավեններին ներկայացվող պահանջները հաuտատելու մաuին» N 946-Ն որոշմամբ սահմանված ծրագրային ապահովվածության բարձր պահանջները և այն, որ նման պահանջներին բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերումն հնարավոր չէր օրենքով սահմանված ժամկետում իրականացնել մրցույթային կարգով, այդ մեքենաների գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ «Բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության» գնման ձևով, որի դեպքում մրցույթի հայտարարում օրենքը չի նախատեսում:
Տնտեսվարողները նոր ՀԴՄ-ների համար վճարել են 369,600 դրամ: Այդ գումարից որքա՞նն է սարքի գինը, և որքա՞ն է վճարվել ծրագրային ապահովման համար:
ՀԴՄ-ների ինքնարժեքը, որը ներառում է ՀԴՄ-ի ձեռքբերման, ծրագրային ապահովման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի պահպանման տարեկան ծախսերը կազմում է 203 հազար դրամ: Սակայն, ներկայումս խոշոր բիզնեսին այն իրացվում է ավելի բարձր գնով, որպեսզի հասույթի մի մասը ուղղվի մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ՓՄՁ սուբյեկտների կողմից ձեռք բերվելիք ՀԴՄ-ի արժեքի մասնակի փոխհատուցմանը: Այդ մասին ուղղակիորեն նշված է նաև ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 27-ի «Թույլտվություն տալու մասին» N 692-Ն որոշման 2-րդ կետով:
Ո՞ր ընկերությունն է իրականացնում ծրագրային ապահովումը, և ե՞րբ է նախատեսում ավարտել այն:
ՀԴՄ-ների կիրառման հետ կապված ծրագրային ապահովման մշակումն իրականացվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով: Հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ նոր սերնդի ՀԴՄ-ների ինտեգրման ծրագրային աշխատանքների առաջին փուլն արդեն իսկ ավարտված է: Ծրագրային ապահովման հետագա փուլերի ընթացքում կկատարվեն ՀԴՄ-ների տեխնիկական հնարավորությունների համակողմանի օգտագործմանը և հարկային վարչարարության իրականացման համար լրացուցիչ պայմանների ստեղծմանն ուղղված ծրագրային փոփոխություններ:
Ո՞ր ընկերությունն է իրականացնելու նոր ներդրված ՀԴՄ-ների սպասարկումը:
ՀԴՄ սպասարկող կազմակերպությունները ՀՀ կառավարության 2012թ. նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշմանը համապատասխան ընտրվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հայտարարված մրցույթով: ՀԴՄ-ների սպասարկում պետք է իրականացնեն ընտրված 4 կազմակերպություններ: Այդ բոլոր չորս կազմակերպությունները շուկայում գործող սպասարկող կազմակերպություններ են, որոնք ունեն ՀԴՄ-ների սպասարկման տարիների փորձ և բավարարել են մրցութային չափանիշներին:
Նոր ՀԴՄ-ների առանձնահատկությունների մեջ նշված է, որ հաճախորդի համար տեղում է պարզ դառնալու` տրամադրած կտրոնները շահելո՞ւ են, թե՞ ոչ: Կմանրամասնե՞ք, թե այդ գործընթացն ինչպես է իրականացվելու: Ինչպե՞ս է որոշվելու շահող կտրոնը, եթե վիճակախաղ չի կազմակերպվելու:
ՀԴՄ կտրոնների վիճակահանության արդյունքում որոշված թիվը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ուղարկվելու է բոլոր ՀԴՄ-ներին: Այդ թիվը տպագրվելու է նաև ՀԴՄ կտրոնների վրա: Նոր սերնդի ՀԴՄ-ների ծրագիրն օգտագործելով փոփոխական և հաստատուն մեծություններ (այդ թվում՝ գործարքի իրականացման օրը, ժամը, րոպեն և գործարքի արժեքը) գեներացնելու է թիվ: Այդ թիվը ևս տպագրվելու է ՀԴՄ կտրոնի վրա: Եթե գեներացված թվի սահմանված քանակով նիշերը և դրանց հաջորդականությունը համընկնեն շահող թվի նիշերի և հաջորդականության հետ, ապա ՀԴՄ կտրոնի վրա կատարվելու է գրառում, որ տվյալ ՀԴՄ կտրոնը շահել է:
Մինչև նոր սերնդի ՀԴՄ-ների համատարած կիրառումը յուրաքանչյուր ամիս անցկացվող վիճակահանությամբ որոշված շահող թիվը կիրառվելու է նոր և հին սերնդի ՀԴՄ-ների ՀԴՄ կտրոններով շահումներ որոշելու համար՝ այն տարբերությամբ, որ վիճակահանությամբ որոշված թիվը շահող թիվ կհամարվի՝
- այն ՀԴՄ կտրոնների մասով, որոնք դուրս են գրվել հին սերնդի ՀԴՄ-ներով` վիճակահանության անցկացման ամսվանը նախորդ ամսում
- այն ՀԴՄ կտրոնների մասով, որոնք դուրս կգրվեն նոր ՀԴՄ-ներով` վիճակահանության անցկացման ամսվանը հաջորդող ամսում:
«Հետքը» առաջիկայում հոդված կհրապարակի նոր ներդրված ՀԴՄ-ների մասին:
Լուսանկարը՝ taxservice.am կայքից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել