
Գործազրկությունը նպաստում է, որ երեխաները գիշերօթիկ հաճախեն
Արդեն 12 տարի է` 11-ամյա Մարիամին եւ 12-ամյա Ռոզային խնամում է նրանց 65-ամյա տատը` Ռոզա Սարգսյանը: Երեխաների մայրն առողջական խնդիրներ ունի եւ իրենց հետ չի ապրում, իսկ հայրը, երկար ժամանակ աշխատանք փնտրելով ու այդպես էլ չգտնելով, երեխաներին թողել է թոշակառու մոր հույսին եւ գնացել Ռուսաստան:
Մեր այցելության պահին Ռոզա տատը էլեկտրական վառարանի մեջ հաց էր թխում: Նրանց ուտելիքը վերջացել էր, եւ տատը երեխաների համար գոնե ցամաք հաց էր ապահովում: Սկզբում նրանք ապրել են Սյունիքի մարզի Անդոկավան գյուղում: Տղան` Մարտիրոսը, գյուղի դպրոցի ուսմասվարն է եղել, սակայն կրճատման տակ է ընկել եւ դարձել գործազուրկ, ինչն էլ ստիպել է, որ հեռանա Հայաստանից եւ ընտանիքից: Չդիմանալով անգործությանը եւ ընտանեկան խնդիրներին` Մարտիրոսը մեկնել է արտագնա աշխատանքի եւ վերադառնալու մտադրություն չունի:
«Առաջ շատ լավ էր, տղայիս գործերը լավ էին, կարողանում էր օգնել, բայց հիմա ընդեղ էլ է կրիզիս, չի կարողանում շատ փող ուղարկել: 2-3 ամիսը մեկ անգամ մի 100 դոլար ուղարկում է, յոլա ենք գնում»,- ասում է Ռոզա տատը:
Չհաշված որդու ուղարկած գումարները` Սարգսյանների ամսական եկամուտը կազմում է միայն Ռոզա տատի թոշակը` 20 հազար 300 դրամ: Իսկ եթե մի քանի ամիսը մեկ անգամ Մարտիրոսը փող է ուղարկում երեխաների համար, այդ գումարով տան վարձն են տալիս:
Չկարողանալով երեխաներին խնամել` Ռոզա տատը գյուղից տեղափոխվել է Կապան քաղաք, վարձով տուն է գտել եւ թոռներին տեղավորել «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում»: Այնտեղ երեխաներն անվճար սնվում են, որոշ հագուստ, գրենական պիտույքներ ստանում:
Նրանց ընտանեկան եկամուտը կարող էր համալրվել նաեւ նպաստով, սակայն երեխաների անունով նպաստը ստանում է նրանց մայրը: Օրեր առաջ էլ նա եկել է աղջիկներին տեսության եւ տարել նրանց ծննդյան վկայականների պատճենները, որ իր համար նպաստի թղթերը դասավորի:
12 տարեկան Ռոզան մեզ հետ զրույցում ասաց, որ մայրը հաճախ չի այցելում իրենց, սակայն հիշում է իրենց ծննդյան օրերը եւ մեկ-մեկ նվերներ է գնում: Պատահել է, որ մայրը գյուղում պատրաստություն է տեսել, տորթ է թխել ու, աղջիկներին տանելով գյուղ, նշել է նրանց ծննդյան տարեդարձերը: Ռոզա տատն ասում է, որ երբեք չի արգելում երեխաներին շփվել մոր հետ, սակայն լիարժեք չի վստահում նրան: Հարցին, թե երեխաներն առաջնահերթ ինչի կարիք ունեն, տատը, նայելով աղջիկներին, ժպտալով ասաց. «Կոշիկների կարիք ունեն, ընդեղ առնում եմ, ընդեղ պատառոտվում է, չեմ հասցնում»:
Սպառողական գների պատճառահետեւանքային կապը` երեխաների ճակատագրի վրա
Կապանի թիվ 1 հատուկ դպրոցը 2010 թ. վերակազմավորվել է «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի:
Հաստատությունը գործում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ: Այս տարի հաստատությունն արձակուրդի է գնացել 90 հաճախող երեխաների ցուցանիշով, որոնց գերակշիռ մասը Կապանի բնակիչներ են: Այցելողներ կան նաեւ գյուղերից եւ մարզի այլ քաղաքներից: 2010 թ. սեպտեմբերից մինչեւ այս ուսումնական տարվա ավարտը ընտանիք է վերադարձել 37 երեխա, իսկ գիշերօթիկ է ընդունվել 25-ը:
«Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահան Կարախանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հաստատություն ընդունվող երեխաների եւ ընտանիք վերադարձողների թվի հարաբերակցությունը տարբեր տարիների տարբեր է եղել. «Հաստատություն երեխաների հոսքին առաջին հերթին նպաստում է գործազրկությունը, հետո` թանկացումները: Հաճախումները մեզ մոտ նույնիսկ սեզոնային բնույթ են կրում: Դպրոցի շեմին, հատկապես օգոստոսի վերջերին, ընտանիքների մի մասը չի հասցնում երեխաների դպրոցական կարիքները հոգալ եւ նրանց ստիպված բերում է հաստատություն»:
Սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաները խոցելի են դառնում հատկապս դպրոց հաճախելու ամիսներին, քանի որ հագուստի, գրենական պիտույքների կարիք են ունենում: Գիշերօթիկ եւ խնամքի կենտրոն հաճախելով` նրանք այդ ամենը ստանում են անվճար, ուստի ծնողները փորձում են այդ կերպ ապահովել երեխաների կրթությունը:
Ըստ տնօրենի` որքան էլ իրենք աշխատեն, միեւնույն է` չեն կարող երեխաների համար ապահովել ընտանեկան պայմաններ: «Ամենալավն այն է, որ երեխան իրեն լավ զգա իր ընտանիքում: Բայց սոցիալական պայմաններից ելնելով` ընտանիքներն էլ չեն կարողանում նորմալ պայմաններ ապահովել նրանց համար»,- նշում է Վ. Կարախանյանը:
Հաստատություն կարող են հաճախել մինչեւ 18 տարեկան երեխաները: Նրանց համար ապահովված է ազատ ռեժիմ: Կոնկրետ սահմանված են միայն քնի եւ ճաշի ժամերը, իսկ օրվա մնացած մասը երեխաներն ինքնուրույն են պլանավորում: Հաստատությունում նույնիսկ դասապատրաստման սենյակներն են տարբերվում դպրոցական դասարաններից, տարբեր է սեղանների դիրքը, գույնը եւ այլն:
Շենքը, որտեղ շաբաթվա 5 օրերին ապրում է 90 երեխա, կառուցվել է 1962 թ.: Մինչ օրս պատերի վրա նշմարվում են արցախյան ազատագրական մարտերի ժամանակ թշնամու ռմբակոծությունների հետքերը: Տնօրենի խոսքերով` շենքը երբեւէ չի վերանորոգվել եւ կապիտալ վերանորոգման խիստ կարիք ունի:
Անմխիթար վիճակում են հատկապես որոշ ննջասենյակներ: Մտնելով ներս` զգացվում է խոնավության հոտը, իսկ քայքայված տանիքից հոսած անձրեւաջրերն ամբողջությամբ «լվացել» են ներսի պատերը:
Կազմվել է նախահաշիվ. շենքի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 156 մլն դրամ: «Խոսակցություն կար, որ 2010-11 թթ. զարգացման ծրագրով պետք է վերանորոգվեր հաստատության շենքը, բայց ֆինանսական ճգնաժամը թույլ չտվեց աշխատանքները սկսել: Հույս կա, որ եկող տարվա մեջ սայլը տեղից կշարժվի, եւ վերանորոգման հարցը կլուծվի»,- ասում է Վահան Կարախանյանը:
Կապանի գիշերօթիկ եւ խնամքի կենտրոն հաճախող ամենակրտսեր երեխան 6 տարեկան է: Դասերի ընթացքում շաբաթ-կիրակի օրերին երեխաները գնում են տուն, իսկ եթե ընտանիքը ռիսկային է եւ կասկածներ կան, որ այդ մթնոլորտը բացասական հետեւանքներ կարող է ունենալ երեխայի վրա, ապա հաստատության տնօրենը համայնքապետարան նամակ է ուղարկում, որպեսզի հոգաբարձուների մարմինն այդ 2 օրերի ընթացքում հետեւի երեխայի կեցությանը:
Հաստատություն հաճախող երեխաների գերակշիռ մասը տղաներ են: Ըստ Վ. Կարախանյանի` երեխաները գիշերօթիկ եւ խնամքի հաստատությունում ներգրավվելու, հարմարվելու խնդիր ունեն: Աղջիկները որոշ դեպքերում ամաչում են հաճախել հաստատություն, իսկ տղաներն ավելի ուշ են հասունանում եւ սովորաբար ինտեգրվելու խնդիր չեն ունենում: Հաճախողների զգալի մասը միակողմանի ծնողազուրկ է:
«Հետո էլ` մայրերն ավելի շատ կապված են լինում աղջիկների հետ, նրանց իրենց մոտ են պահում, այդ իսկ պատճառով տղաները գերակշռում են մեզ մոտ»,- ավելացրեց տնօրենը:
Վահան Կարախանյանն ասաց, որ սոցիալապես անապահով ընտանիքներում հատկապես վատ է ծնողավարման մակարդակը, եւ երեխաները հաճախ են իրենց անտեսված զգում:
«Մեկը` հենց երեխաների դասերով չզբաղվելը, կամ ընտանիքում երեխաների միջեւ տարբերություն դնելը: Սրանք տարածված օրինակներ են, որոնց հաճախ են երեխաները բախվում»,- ավելացրեց Վ. Կարախանյանը:
Առայժմ ֆիզիկական բռնության ենթարկված երեխա չի դիմել հաստատություն, սակայն դա չի նշանակում, որ Սյունիքում նման դեպքեր չկան:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել