
Վարորդի հարազատներ. Հրաչյան Ռուսաստանում աշխատելու էր գնացել՝ ցավը սրտում (լուսանկար)
ՀՀ քաղաքացի, Ռուսաստանում կալանավորված 46-ամյա վարորդ Հրաչյա Հարությունյանի ռուսաստանաբնակ բարեկամներին թույլ չեն տալիս մտնել Հրաչյայի հիվանդասենյակ, շփվել նրա հետ: Այս մասին ասացին վարորդի ընտանիքի անդամներն այսօր Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ի պաշտպանություն Հրաչյա Հարությունյանի արժանապատվության կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ:
«Չգիտենք ոչ մի բան, ոչ մի նորություն, ոչ մի տեղեկություն»,- ասում էր վարորդի 24-ամյա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: Բարեկամները նաև չեն կարողանում կապ հաստատել դատապաշտպանի հետ, չգիտեն՝ արդյոք Հրաչյայի համար ամեն ինչ արվո՞ւմ է:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած, խճաքարով բեռնված «ԿամԱԶ»-ը հուլիսի 13-ին Պոդոլսկում հարվածել էր ավտոբուսի, ինչը հետևանքով, դժբախտաբար, զոհվել էր 18, վիրավորվել մոտ 30 մարդ:
Այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հարազատներն ասացին, որ Հրաչյա Հարությունյանն ամեն ինչ արել է, որ «ԿամԱԶ»-ը չբախվի ավտոբուսին: «Նա մեքենայից չի թռել՝ իրա կյանքը փրկելու համար: Նա մինչև վերջ պայքարել ա, որ մեքենան հնարավորինս պահի: Սա եղել ա 100 տոկոս, ես համոզված եմ, մեքենայի անսարքության պատճառով»,- ասում էր վարորդի եղբայրը՝ Հայկ Հարությունյանը:
Հայաստանի քաղաքացիական հանրության շրջանում և սոցիալական ցանցերում խիստ դժգոհություն է առաջացրել այն, որ հուլիսի 15-ին ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին ծաղրել ու նվաստացրել են՝ նրան հիվանդանոցից դատարան տեղափոխելով կնոջ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով:
«Պայքարելու եմ, որ ամեն ինչ արդար լինի, որ էս ծաղր ու ծանակին վերջ լինի: Ամենաանհնարինը կանեմ, որ օգնենք»,- ասում էր Լիլիթ Հարությունյանը:
Հարազատների խոսքով՝ Հրաչյան Ռուսաստանում աշխատում էր մոտ 3 ամիս: Ռուսաստան էր գնացել, որպեսզի մահացած որդու շիրմաքարի համար գումար վաստակի: Հարազատներն ասում են, որ Հրաչյայի որդին բանակից զորացրվել է ցավերով, գլխում ուռուցք է առաջացել, տեսողությունը վատացել է: Ընտանիքը որոշել է ամբողջ գումարը ծախսել տղայի վիրահատության վրա, և ոչ թե փաստաբան վարձել ու հետամուտ լինել հիվանդության առաջացման պատճառին: Վիրահատությունից 1 օր անց տղան դարձել է 21 տարեկան, իսկ 1 ամիս անց՝ 2012թ. մայիսի 26-ին, մահացել:
«Ինքը չի սպասել, որ երեխու տարին տա, որովհետև լիքը պարտքեր ա ունեցել՝ վիրահատության հետ կապված, որ կորցրել ա էդ երեխուն: Հիմա գոնե թող մի քիչ ընդառաջեն: Խնդրում եմ, աղաչում եմ, թող ղեկավարությունը միջամտի»,- ասում էր վարորդի քույրը՝ Սեդա Հարությունյանը:
Հրաչյայի հոր՝ Հովսեփ Հարությունյանի խոսքով՝ հեռախոսով ամեն օր խոսել են որդու հետ: Հրաչյան ասել է, որ հենց շիրմաքարի համար անհրաժեշտ գումարը վաստակի, կվերադառնա Հայաստան: Նա միշտ Հայաստանում է աշխատել, միայն անցյալ տարի է մոտ 2 ամսով Ռուսաստանում աշխատել:
Հարությունյանների ընտանիքը Տավուշի մարզից է, բայց ապրում է Երևանում:
Ընտանիքը վերջին անգամ Հրաչյայի հետ խոսել է ավտովթարից մի քանի ժամ առաջ: Հրաչյան ասել է, որ աշխատանքի է գնում և ավելի ուշ կզանգի: «Սպասում էինք, զանգ չկար: Օրը 5 անգամ անպայման պետք ա ինքը զանգեր, մեզնից տեղեկություն իմանար՝ ոնց ենք: Թոռանը շատ էր կարոտում: Ես էդ օրը ամբողջ օրը զանգում էի, անհասանելի էր, անջատած էր հեռախոսը»,- ասում է վարորդի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին վթարի մասին գուժել են Ռուսաստանում ապրող բարեկամները:
Հրաչյան վարորդ էր աշխատում արդեն 20 տարի: Հարազատների խոսքով՝ օրինապաշտ վարորդ է եղել: Հարազատները հերքեցին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունները, թե Հրաչյա Հարությունյանը 6-7 անգամ տուգանվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նրանք ասացին, որ ընդամենը 3 ամիս է, որ Ռուսաստանում էր, և չէր կարող այդքան տուգանվել այն դեպքում, երբ Երևանում 20 տարի, առանց ավտովթարների, բեռնատարներ է վարել:
Ռուսաստանյան կազմակերպությունը, որտեղ Հրաչյան աշխատել է, եղբոր՝ Հայկ Հարությունյանի խոսքով, հայի է պատկանել՝ Համլետ անունով: Հայկին չի հաջողվում կապվել այդ կազմակերպության հետ: «Չկա մի համար, որ մենք զանգենք, տեղեկանանք»,- ասում է Հայկը:
«Մեզ ծանոթ էր տվյալ մարդը, ում կազմակերպությունում ինքը աշխատում է»,- ասում է Լիլիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ եղել է, որ Հրաչյան ասի, որ մեքենան վերանորոգում են, ինչ-որ բան է փչացել:
Վարորդի հարազատները խիստ վիրավորել, վրդովվել ու նաև արտասվում էին նրանից, որ Հրաչյային դատարան են տարել՝ կնոջ խալաթ հագցրած, հողաթափերով, դեղերի ազդեցությունից դեռ դուրս չեկած: Հայկի խոսքով՝ Հրաչյայի այդ նվաստացումը կատարվել է միտումնավոր և ուղղված էր հայերի դեմ:
«Տեռորիստից բեթար ա: Տեռորիստին բերեն դատարան կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի բերեն կանացի խալաթով, չգիտեմինչ քստիկներով: Դա ճի՞շտ ա: Դա մարդու իրավունքների ոտնահարում չի՞: Դա մեր ազգի դեմքն ա: Էսօր պիտի մեր ղեկավարությունըւ մտածի, որ ռուսը ոտը որ դրել ա դեմքին, իրա դեմքին ա դրել, ոչ թե ախպորս»,- ասում էր Հայկ Հարությունյանը:
Լիլիթի համոզմամբ՝ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ պետք է միջոցներ ձեռք առած լինեին, որ Ռուսաստանի իշխանություններն այդպես չվարվեին ՀՀ քաղաքացու հետ:
«Որ էսօր ես ինձ վատ չզգամ, որ էդ վիճակով իմ հորը տեսա, որ էսօր իմ ցավի վրա մի ցավ էլ ավելացավ: Ոչ թե էսօր ես հելնեմ, էստեղ կանգնեմ բոլորի ներկայությամբ, բողոքեմ, որ էդպիսի վիճակով չհանեին դատի կամ ինչ-որ հարցազրույցի: Թող ուղղակի ամաչեն»,- ասում էր Լիլիթը:
Սեդա Հարությունյանն ասում էր, որ եղբայրը Արցախյան ազատամարտի կամավոր է, կոնտուզիա է տարել, և եթե նրա նկատմամբ այս վերաբերմունքը շարունակվի, նա կարող է հոգեկան խանգարում ստանալ:
Միաժամանակ Հրաչյա Հարությունյանի հարազատներն իրենց ցավակցությունն էին հայտնում ողբերգական ավտովթարի զոհերին: Վարորդի կինն ասում էր, որ Հրաչյան Ռուսաստան էր գնացել՝ ցավը սրտում: Քույրն ասում էր, որ եթե Հրաչյան լիներ հանցագործ, թմրամոլ կամ հարբեցող, իրենք կասեին՝ «թող ղալլաթ չաներ՝ չտուժեր»:
«Դիտավորություն չկա էդտեղ բացարձակ: Ցավալի փաստ է եղել: Խոնարհաբար ցավակցում ենք էդ մարդկանց: Մենք էլ ենք երեխա կորցրել, գիտենք՝ դա ինչ բան ա, ցավոք, գիտենք: Ինքը լացում էր, մղկտում էր: Ինքը եթե երեխա ա կորցրել, կուզե՞ր, որ ինչ-որ մեկի մազը ծռվի: Դուք տեսել եք կադրերը՝ ոնց ա գլխին խփում: Էլ ուրիշ ի՞նչ պիտի լինի, որ մարդը հասկանա, որ էդ մարդը մեղքի զգացում ունի»,- ասում էր Սեդա Հարությունյանը:
Հարությունյանների ընտանիքը ֆինանսներ չունի՝ փաստաբան վարձելու համար: Հայկի խոսքով՝ եթե ֆինանսեր ունենային, Հրաչյայի որդու շիրմաքարը կտեղադրեին, ու Հրաչյան չէր գնա Ռուսաստան:
«Մեզ պետք չի ավել. օլիգարխի նման ապրել մենք չենք ուզում: Ապրեմ իմ աշխատանքով, ես աշխատավոր մարդ եմ: Բայց մեր աշխատանքով մենք չկարողացանք երեխու քարը գցենք, ինքը հելավ-գնաց: Բոլորս էլ գիտենք՝ ինչ ա կատարվում էնտեղ. ոչ մեկս էլ չենք գնում, թազա ավտոյի ղեկին նստում»,- ասում էր Հայկ Հարությունյանը:
Իսկ Հրաչյայի աղջիկը պահանջում էր, որ հայրը պատիժը կրի Հայաստանում, եթե մեղավոր է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել