
Իշտվան Սաբո. «Եթե մարդուն հրավիրում եք ֆիլմ դիտելու, մի բան ասեք, որ նա մտածի դրա մասին կամ գոնե զգա»
«Ես ընդունակ եմ փոխվելու: Բայց իմ ֆիլմերն իմ աշխատանքն են, չեմ կարծում, թե դրանք պետք է իմ մեջ ինչ-որ բան փոխեն: Միայն մարդիկ կարող են փոխել ինձ, կենդանի մարդիկ են ինձ վրա ազդում»,- ասում է հունգարացի կինոռեժիսոր Իշտվան Սաբոն:
Տարիներ առաջ մի գերմանացի պրոդյուսեր Ի. Սաբոյին մի գիրք է նվիրում: Այն կարդալուց հետո գրքից տպավորված ռեժիսորը մտածում է, որ այդ պատմությունից հիանալի ֆիլմ կծնվի: Այդպես էլ ստեղծվում է ռեժիսորի «Մեֆիստոն» (1981), որը մեծ հռչակ է բերում նրան: Բազմաթիվ մրցանակների արժանացած ֆիլմը 1982 թ.-ին ստանում է նաև «Օսկար»՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:
Այս տարի ֆիլմը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում`բացելով Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների շարքը: Ֆիլմը պատմում է տաղանդավոր դերասան Հենդրիկ Հյոֆգենի մասին, ով պատրաստ է ամեն ինչի` հասնելու փառքի, ճանաչման և վաստակելու խոշոր գումարներ: Սակայն այդ ճանապարհի ընթացքում նա հայտնվում է նացիստական խմբավորման շարքերում` արդյունքում կորցնելով ամենթանկը՝ մարդկանց ու արժեքները:
«Տաղանդավոր մարդիկ միշտ վտանգված են»
Իշտվան Սաբոյի խոսքերով` ֆիլմը ոչ այնքան դերասանի մասին է, քանի որ նրա փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը, այլ տաղանդավոր մարդու ճակատագրի: Այդ ֆիլմից տարիներ անց` 2004 թ.-ին, նա նկարհանում է «Լինել Ջուլիան» ֆիլմը, որը շատ նման է «Մեֆիստոյին»: Այստեղ գլխավոր հերոսուհին ունի ճիշտ նույն բնավորությունը: Նա նույնպես ցանկանում է, որ բեմի լույսերը միշտ իր վրա լինեն, հակառակ դեպքում նա կարող է դիմել անգամ սպանության:
Առհասարակ, ռեժիսորին հետաքրքրում է տաղանդավոր մարդկանց կյանքը: Բայց տաղանդավոր մարդիկ միշտ վտանգված են, որովհետև մյուս մարդիկ նրանց կարիքն ունեն, այդ թվում և՝ իշխանությունները:
«Տաղանդավոր մարդիկ միշտ պետք է զգույշ լինեն որևէ գաղափարախոսություն կամ իշխանություն ընդունելիս: Այս առումով նրանք ավելի վտանգված են,- ասում է Ի. Սաբոն, - տաղանդավոր մարդն իր ձեռքին մի բան ունի. դա իր տաղանդն է: Իսկ մյուսները, բնականաբար, ցանկանում են այն օգտագործել»:
Նրա խոսքերով` տաղանդավոր մարդը միշտ ցանկանում է ստեղծագործել: Սակայն եթե հանգամանքների բերումով նա չունի այդ հնարավորությունը, և նման առիթներ փորձում են «ընձեռել» իշխանությունները, ապա վերջինս պետք է ընտրություն կատարի: Խնդիրն այն է` արդյոք նա կընդունի՞ իշխանությունների առաջարկը` արդյունքում ծառայելով նրանց, թե՞ կհրաժարվի` անտեսելով հնարավոր փառքը:
«Երևանում կա հանդիսատես, որը սիրում է ասելիք ունեցող ֆիլմերը»
Հունգարացի ռեժիսորը կարծում է, որ կինոն, կինոթատրոններ գնալու մշակույթը շատ է փոխվել: Եթե նախկինում կար կինոարվեստ բառը, որից հետո առաջ եկավ կինոարտադրությունը, ապա այժմ կինոոլորտում իշխում է ժամանցը: Իսկ այն ֆիլմերը, որոնք մարդուն ստիպում են մտածել, այժմ շատ քիչ են:
Եթե կա ասելիք, այն պետք է ասել հասկանալի ձևով, միտքն արտահայտել հստակ, հետաքրքրություն առաջացնել, մտածելու տեղիք տալ: Իսկ եթե ֆիլմարտադրողը պարզապես ցանկանում է վաճառել իր ֆիլմը, նա կարիք չունի մարդուն ստիպել մտածել. բավական է և այն, որ նա տոմս է գնում:
Ռեժիսորի խոսքերով, եթե ֆիլմը տևում է միջինը 2 ժամ, և ինքը հրավիրում է հանդիսատեսին նայելու իր ֆիլմը, ապա նրա կյանքից խլում է 2 ժամ: Որքա՜ն շատ ժամանակ է մարդկությունից խլում ռեժիսորը, եթե ֆիլմ նայողները հարյուրներ ու միլիոններ են:
«Դա մեծ պատասխանատվություն է,- ասում է Ի. Սաբոն: - Խնդրում եմ, եթե մարդուն հրավիրում եք 2 ժամով ֆիլմ դիտելու, մի բան ասեք նրան, որ նա իր հետ տուն տանի, մտածի դրա մասին կամ գոնե զգա, հիշողության մեջ պահի, կարողանա օգտագործել իր կյանքում»:
Այս տեսանկյունից ռեժիսորը շատ է կարևորում փառատոնների դերը, որտեղ ցուցադրվում են այն քիչ քանակությամբ ֆիլմերը, որոնք մտածելու տեղիք են տալիս: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է պահպանել փառատոնները, որպեսզի կենդանի մնա մշակութային կյանքը:
«Ես գիտեմ, որ Հայաստանում և Երևանում կա հանդիսատես, որը սիրում է այն ֆիլմերը, որոնք ասելիք ունեն, և ոչ թե այն ֆիլմերը, որոնք վաճառվելու համար են»,- կարծում է հունգարացի ռեժիսորը:
«Պետք է լսարանին հնարավորություն տանք հասկանալ, որ կյանքը եզակի է և պետք է այն ապրել»
Իշտվան Սաբոյի կարծիքով` այսօր որոշ ռեժիսորների թվում է, թե իրենք բժիշկներ են. ախտորոշումը տալիս են ու «հիվանդին» տուն ուղարկում: Բայց նրանք ի վիճակի չեն խոսել խնդրի լուծումների մասին: Նա խոստովանում է, որ չի կարող ֆիլմ ստեղծել, որտեղ, օրինակ` ինքնասպանությունն առաջարկվում է որպես խնդրի ելք:
«Արվեստը պետք է ինչ-որ բան տոնի: Միակ բանը, որ մենք կարող ենք տոնել, դա կյանքն է,- ասում է Ի. Սաբոն: - Մենք պետք է լսարանին հնարավորություն տանք հասկանալ, որ կյանքը եզակի է և պետք է այն ապրել»:
Նրա կարծիքով` երիտասարդ կինեմատոգրաֆիստը կարիք չունի ցույց տալու, թե որքան տխուր, դեպրեսիվ ու անհուսալի վիճակում է ինքը: 75-ամյա ռեժիսորը խորհուրդ է տալիս պարզապես դուրս գալ և վայելել արևի ճառագայթները, քանի դեռ դրա հանարվորությունը կա:
Ժամանակակից աշխարհում, որը սպառողական է, որտեղ բոլորի նպատակն է ինչ-որ բան վաճառել, իրականում սիրո և զգացմունքների պակաս կա: Այս աշխարհում է, որ յուրաքանչյուրը փորձում է գտնել իր ինքնությունը, ինչը շատ բնական և մարդկային է: Այդ փնտրտուքների մեջ մարդիկ փորձում են տարբերվել: Այդ պատճառով էլ նրանք սկսում են օգտվել, օրինակ` բրենդներից: Հետո պարզվում է, որ այդ նույն` տարբերվելու նպատակով միլիոնավոր մարդիկ են օգտվում այդ բրենդից: Հունագարացի ռեժիսորը կարծում է, որ պարզապես պետք է հագնել այն, ինչը քեզ դուր է գալիս, վերցնել այն, ինչից հաճույք կստանաս:
«Մի բան կա, որ պետք է լավ հասկանալ. դու տարբերվում ես մյուս մարդկանցից միայն այն ժամանակ, երբ ընդունում ես, որ մյուս մարդիկ ևս տարբերվում են, բոլորը տարբեր են,- ասում է Ի. Սաբոն: - Պետք է ընդունել, որ մյուս մարդիկ ևս մտածում են այլ կերպ, ունեն այլ ճաշակ, այլ գույնի ու լեզվի կրողներ են»:
Մեկնաբանել