
Սովորած հայերենն ու բացած սրճարանը. սիրիահայ Հակոբի ձեռքբերումները Հայաստանում
Սիրիահայ Հակոբ Հենդյանը Հայաստան է եկել 4 տարի առաջ, երբ Սիրիայում պատերազմը դեռ չէր սկսվել: Հակոբը համակարգչային դիզայն էր սովորում Դամասկոսի համալսարանում և որոշեց 4-րդ կուրսից ուսումը շարունակել Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում:
Հակոբի մեծ եղբայրը 15 տարի առաջ էր եկել Հայաստան, ընդունվել բժշկական համալսարան, իսկ փոքր եղբայրն անցյալ տարի է Հայաստան եկել ու նույնպես բժշկական համալսարանում է սովորում: Այս տարի Հայաստան են եկել Հակոբի մայրն ու երկու քույրը՝ իրենց ընտանիքներով: Այժմ միայն ընտանիքի հայրն է Սիրիայում. աշխատում է առողջապահության նախարարության՝ Հասակե քաղաքի մասնաճյուղում:
Հենդյանների ընտանիքը Հասակեից է: Հակոբի խոսքով՝ Հասակեում ռազմական գործողություններ չեն ընթանում, բայց պատերազմի սկսվելուց հետո կյանքը թանկացել է: Ի տարբերություն Սիրիայի այլ քաղաքների՝ Հասակեում հիմա մարդիկ աշխատում են, քայլում փողոցում, բայց երեկոյան, անվտանգությունից ելնելով, ամեն դեպքում շուտ են տուն գնում:
Ի տարբերություն Հալեպի ու Դամասկոսի՝ Հակասեում հայերը շատ քիչ են, Հակոբի խոսքով՝ առավելագույնը 100 հոգի: Այդ պատճառով ինքը Հասակեում միայն արաբերենն է գործածել: Հասակեում ապրած ժամանակ ընտանիքում միայն Հակոբի հայրն է հայերեն իմացել: Բայց այժմ Հակոբի մեծ եղբայրը շատ լավ տիրապետում է հայերենին: Փոքր եղբայրն էլ է կարողանում խոսել:
28-ամյա Հակոբը հայերեն գրել-կարդալ սկսել է սովորել 24 տարեկանում ճարտարագիտական համալսարանի հայոց լեզվի դասընթացում: Սկզբում Հակոբն ու իր հայաստանցի նշանածը՝ Էմմա Պողոսյանը, անգլերենով էին շփվում: Հետո Էմման Հակոբին հայերեն խոսել է սովորեցրել: Հայաստանցիները մի քանի անգամ հեգնել են Հակոբի լեզվական սխալները, բայց Էմման Հակոբին խրախուսել է, որ անկախ սխալներից՝ խոսի: «Ընդամենը 8 ամիս է, ես իրեն սովորեցրել եմ հայերեն»,- ասում է Էմման:
Հակոբը 2007 թվականից Հայաստանում 10 տարով կացության հատուկ կարգավիճակ ունի: Նա պատրաստել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բայց ժամանակ չի գտնում, որ դրանք տանի անձնագրային բաժին:
Այս մայիսի 1-ին Հակոբն ու Էմման Երևանում բացեցին «Ժանլի» սիրիական խոհանոց սրճարանը: «Հատուկ ենք ընտրել մայիսի 1-ը: Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 1-ը տոն է»,- ասում է Էմման:
Սրճարանի անվան «Ժան»-ը Հակոբի հոր անունն է, իսկ «Լի»-ն մոր՝ Լայլայի անվան առաջին վանկն է՝ հնչյունափոխված, որպեսզի սրճարանի անունը բարեհունչ լինի: «Մամաս ու պապաս իմ ուժն են»,- ասում է Հակոբը:
Սրճարանում Հակոբը և տնօրեն է, և խոհարար, իսկ մասնագիտությամբ անգլերենի թարգմանիչ Էմման՝ մատուցող, մենեջեր ու գանձապահ: Նրանցից բացի՝ մյուս հիմնական աշխատողը մեկ այլ սիրիահայ խոհարար է, ով Հակոբի հարևանն է եղել Հասակեում: Խոհարարը հայերեն չգիտի, և Էմման նրա հետ շփվում է անգլերենով ու շատ քիչ արաբերենով:
Հակոբը ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո կես տարի գրասենյակում համակարգչային դիզայներ է աշխատել, բայց չէր սիրում այդ աշխատանքը, նրա երազանքը խոհանոցում լինելն էր: Ճաշատեսակներ պատրաստել Հակոբը սովորել է մորից, փորձ ձեռք բերել, երբ Դամասկոսում վարձով էր ապրում:
«Ես սիրում եմ պատրաստել ուտելիք: Երբ ես սովորել եմ Դամասկոս համալսարան, ես ապրում էի մենակ. ես պիտի պատրաստեի: Դժվար է, որ ամեն օր գնում են ռեստորան»,- ասում է Հակոբը:
Սրճարանի պատերին Սիրիայի քաղաքների նկարներ են՝ Թադմոր, Համա, Հոմս: Այցելող սիրիահայերի ու հայաստանցիների թիվը հավասար է: Ճաշացանկում միայն սիրիական խոհանոցի ուտեստներ են:
«Սիրիական խոհանոցի երևի ընդամենը 30 տոկոսն է մենյուի մեջ: Շատ-շատ բաներ կան, որ ուղղակի չկան մենյուի մեջ»,- ասում է Էմման: Ճաշացանկում չընդգրկված ուտեստները շատ թանկ կլիներ պատրաստել Հայաստանում: Հակոբի խոսքով՝ նույնիսկ պատերազմի գնաճից հետո Սիրիայում ուտեստների բաղադրիչներն ավելի էժան են, քան Հայաստանում:
Հակոբն ու Էմման սրճարանը բացելիս բյուրոկրատական քաշքշուկների, հարկայինի կողմից որևէ խոչընդոտի չեն հանդիպել: «Ուզո՞ւմ եք՝ հենց հիմա ձեզ համար 5 րոպեում բիզնես սկսեմ: Հայաստանում բիզնես սկսելը շատ հեշտ է: Հունի մեջ գցելն է դժվար: Եթե ես հիմա ուզենամ փակել, ավելի բարդ կլինի, քան բացելը»,- ասում է Էմման:
Հակոբը սրճարանի տարածքը վարձակալում է: Նրա խոսքով՝ Սիրիայում նման սրճարանը 6 ամիս աշխատեցնելուց հետո տերը հավանաբար հետ կբերեր ներդրած գումարը, հնարավորություն կստանար գնել սրճարանի տարածքն ու մեծացնել: Իսկ Երևանում եթե ամեն ինչ լավ լինի, Հակոբն ու Էմման նախատեսում են 2-3 տարի հետո նոր հետ բերել իրենց ներդրած գումարը: «Յուրաքանչյուր բիզնեսի սկիզբ է դժվար: Չես կարող միանգամից արդյունք տեսնել: Դա անհնարին բան է յուրաքանչյուր երկրում, միայն Հայաստանը չի»,- ասում է Էմման:
Բայց Հակոբը վստահ է, որ նույն սրճարանը Հասակեում ավելի մեծ եկամուտ կբերեր, քանի որ Սիրիայում սննդամթերքն ավելի էժան է, այցելուները՝ ավելի շատ և խոհանոցին ավելի ծանոթ: Հակոբի ծանոթ արաբներից մեկը 2000թ. փոքր սրճարան է բացել Հասակեում և պատրաստել միայն ֆալաֆել (սիսեռով բլիթ), իսկ հիմա արդեն 4 մեծ ռեստորան ունի:
Հակոբի և Էմմայի միակ դժգոհությունն ու խնդրանքն այն է, որ Հայաստանի կառավարությունը հարկային արտոնություն տրամադրի բիզնես սկսող սփյուռքահայերին: «Ես շատ եմ սիրում Հայաստան, բայց մի քիչ սխալ կա, դա պիտի անցնի: Մենք սիրիահայ ենք, մենք չենք բերել մեր հետ 10 միլիարդ դոլար կամ 10 միլիոն դոլար»,- ասում է Հակոբը:
Նրա խոսքով՝ բարձր հարկերի պատճառով՝ շատ սիրիահայեր խուսափում են Հայաստանում բիզնես սկսելուց: Բացի դրանից՝ Սիրիայում սրճարանները և մյուս բիզնեսները հարկերը վճարում են տարվա մեջ մեկ անգամ և ոչ թե ամեն ամիս:
«Պիտի շատ ուժեղ լինես, որ ինչ-որ մի բան փորձես էստեղ ստեղծել: Ես ու Հակոբը մեր էս տարիքին լուրջ բան ենք վերցրել մեր ուսերին. բիզնես ստեղծել մեր ապագայի համար՝ մտածելով զուտ նրա մասին, որ 5-10 տարի հետո գոնե ինչ-որ մի բան ունենանք թողած, ոչ թե հետ նայենք տեսնենք՝ դատարկություն է, երիտասարդ ժամանակ, երբ կարող էինք ինչ-որ մի բան անել, ոչինչ չենք արել, ուղղակի նստել ենք: Էնպես որ քանի մենք էդ ուժը, նյարդերը, եռանդը ունենք, տանջվենք, որ հետո մեզ համար ամեն ինչ լավ լինի»,- ասում է Էմման:
Հակոբի խոսքով՝ եթե հենց այս պահին Սիրիայում պատերազմն ավարտվեր, ապա ինքը 60 տոկոս հավանականությամբ կվերադառնար Հասակե: Էմման միանգամից արձագանքում է, որ Հակոբը կատակ է անում:
«Դու ինձ կթողնես-կգնա՞ս,- Հակոբին հարցնում է Էմման ու հավելում:- Ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում իմ երկիրը լքել: Ես իրեն հազար անգամ դա ասել եմ: Ինքն էլ չի գնա: Ինձ թվում է՝ սկիզբը ամեն ինչ դժվար է, դրա համար է իր մոտ հիմա էս վիճակը: Թե չէ ամեն ինչ կուղղվի, կանցնի: Հիմա արձակուրդի շրջան է, ուղղակի քաղաքում մարդիկ քիչ են: Սեպտեմբերից նոր արդեն ամեն ինչ լավ կլինի»:
Էմման ասում է, որ ավելի լավ է՝ Հայաստանում աշխատի, քան ուրիշի երկրում, որի բնակիչների համար ինքը միշտ օտար է լինելու: Նրա խոսքով՝ հիմա Հայաստանի գյուղերում երիտասարդ տղաները դարձել են դիֆիցիտ. բոլորն արտագնա աշխատանքի են գնացել: Մինչդեռ այդ նույն տղաները կարող էին Հայաստանի ազատ հողատարածքները մշակել:
«Էդ նույն աշխատանքը ինքը կարող է քո երկրում անել, ու քո երկիրը ծաղկի, ոչ թե ուրիշի երկիրը ծաղկեցնի: Մենք գիտենք, որ բազմաթիվ դեպքեր են լինում, որ ուղղակի չեն վճարում, ու գլուխները կոր հետ են գալիս Հայաստան»,- ասում է Էմման:
Նա, եթե ամեն ինչ լավ լինի, երկրորդ «Ժանլին» բացելու ցանկություն ունի: Իսկ Հակոբն ասում է, որ եթե հարկերը հետագայում էլ այսքան բարձր լինեն, ապա երկրորդ սրճարանը չեն բացի:
1-ին լուսանկարում՝ Հակոբ Հենդյան և Էմմա Պողոսյան
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել