
Ֆրանսիայի կինոկենտրոնի տնօրենի կարծիքով` Հայաստանը պետք է քայլեր անի, որ կինոոլորտը զարգանա
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն կարևորում է հայ-ֆրանսիական բացառիկ համագործակցությունը, որն իրականացվում է նաև մշակույթի ոլորտում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իր համար շատ կարևոր է, որ այս օրերին անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրը եղել է հենց Շառլ Ազնավուրը, ով հայ-ֆրանսիական բարեկամության մեծագույն կամուրջներից է: Բացի այդ` փառատոնի բացումն արվեց ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմով: Իսկ որպես փակման ֆիլմ ընտրվել է հայ-ֆրանսիական համատեղ նախագիծը` «Փարաջանով» ֆիլմը, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Սերժ Ավետիքյանն է:
Դեսպանի խոսքերով` պատահական չէ, որ այս օրերին Հայաստանում է նաև Ֆրանսիայի կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոն, քանի որ այժմ բանակցություններ են ընթանում, կան հեռահար նպատակներ, ծրագրեր, որոնք կնպաստեն հայ-ֆրանսիական կինոհամագործակցության զարգացմանն ու կինոարտադրությանը:
Ա. Ռենոն կարևորեց նաև Եվրասիական վավերագրական ֆիլմերի ծրագիրը, որն անց է կացվում «Ոսկե ծիրան»-ի հետ համատեղ: Հուլիսի 7-15-ը Երևանում անց է կացվում EUSAIDOC նախագծի երկրորդ համաժողովը: Այն նախաձեռնել է ֆրանսիական կողմը, ֆինանսավորում է ԵՄ-ն, իրականացվում է «Ardeche Images» միջազգային ծրագրի և «Ռոն Ալպ» տարածաշրջանային ծրագրի օգնությամբ: Ծրագիրը, որը միավորում է շուրջ 50 կինոմասնագետների Եվրասիայից և Եվրոպայից, նպատակ ունի ստեղծել բարենպաստ միջավայր վավերագրական ֆիլմերի զարգացման համար, ինչպես նաև ծառայել որպես հեղինակների համագործակցության և ֆիլմերի տարածման հարթակ:
Էրիկ Գարանդոն նշեց, որ իր առաքելությունն է նախ և առաջ Հայաստանում ներկայացնել իր ղեկավարած կինոկենտրոնը: Այն ստեղծվել է 1946թ., երբ առաջին անգամ անց է կացվել է նաև Կաննի փառատոնը: Նրա խոսքերով` ամեն տարի կինոոլորտում ներդրվում են խոշոր գումարներ, որպեսզի երիտասարդ արվեստագետները ոլորտում դրսևորման հնարավորություն ունենան: Նրա կարծիքով` կարևոր է, որպեսզի փոքր երկրները կարողանան աջակցել իրենց կինոարտադրության զարգացմանը, բացի այդ` մեծ աջակցություն ցույց տրվի նաև այն մասնավոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են կինոշուկայում:
Գարանդոն նշեց, որ իրենք կարողացել են օգնել տարբեր երկրների կինոգործիչների և հույս հայտնեց, որ շուտով կկարողանան աջակցել նաեւ Հայաստանի կինոգործիչներին: Նա հավատում է, որ Հայաստանում կա այն պոտենցիալը, որը կարող է կինո ստեղծել: Միաժամանակ, հյուրը հավելեց, որ Հայաստանը ևս պետք է համապատասխան քայլեր կատարի, որպեսզի այստեղ կինոոլորտը զարգանա:
Մեկնաբանել