
Բացվեց «Ոսկե ծիրանը». Շառլ Ազնավուրը` պատվավոր հյուր
«Միայն մեկ բանը չփոխվեցավ. բոյը միևնույնն է, ավելի մեծ չէ», - իր աստղի բացման արարողության ժամանակ ասաց աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը:
Երեկ Շ. Ազնավուրի անվան հրապարակում` «Մոսկվա» կ/թ-ի դիմաց, տեղադրվեց նաև Շ. Ազնավուրի անունը կրող աստղը: Վերջինս Հայաստան է ժամանել` մասնակցելու «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին:
Դրանից առաջ սուրբ Զորավար եկեղեցում տեղի էր ունեցել փառատոնի ավանդական դարձած արարողությունը` ծիրանօրհնեքը:
Արարողությունից հետո հյուրերը շարժվեցին դեպի Ա. Սպենդիարյանի անվան բալետի և օպերայի ազգային ակադեմիական թատրոն: Չնայած փառատոնի բացման վայրը փոխվել էր` կապված մեծ թվով հյուրերի հետ (նախորդ տարիներին տեղի էր ունենում «Մոսկվա» կ/թ-ում), սակայն կարմիր գորգի ավանդույթը պահպանվել էր: Դրա վրայով անցան փառատոնի հյուրերն ու մասնակիցները:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, բացի Շ. Ազնավուրից, ներկա էին Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը կնոջ` Արսինե Խանջյանի հետ, Ռոման Բալայանը, Սերժ Ավետիքյանը, Ռուբեն Քոչարը, Սերգեյ Լոզնիցան և բազմաթիվ այլ կինոգործիչներ:
Բացման արարողության ժամանակ հնչեց Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ում 110-ամյակը լրանում է այս տարի, ինչպես նաև Շ. Ազնավուրի խոսքերի հիման վրա գրված «Քեզ համար, Հայաստան» երգը:
Շ. Ազնավուրը ստացավ նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակը, որը նրան հանձնեց Ատոմ Էգոյանը: Այնուհետև ցուցադրվեց նրա մասնակցությամբ «Կրակեք դաշնակահարի վրա» ֆիլմը:
Մեկնաբանել