
Ոսկու հանքի շահագործումն ավելի շատ անհանգստացնում է արտասահմանցի զբոսաշրջիկներին եւ առողջարանների տերերին
Ջերմուկում հանգստացող զբոսաշրջիկներից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ վերաբերմունք ունեն հանգստավայրից քիչ հեռվում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ:
Հարցված 20 հայաստանցիներից 18-ն ընդհանրապես տեղյակ չէր, որ Ամուլսարում ոսկու հանք է շահագործվելու, սակայն տեղեկանալուց հետո էլ կարծիքը չփոխեցին: 20-ից 15-ը ասացին, որ կշարունակեն գալ Ջերմուկ, քանի որ 7-10 օրով են այնտեղ լինում եւ այդ կարճ ժամանակահատվածում դժվար թե իրենց վրա վատ ազդեցություն թողնի հանքի շահագործումը: Միայն 5-ը նշեցին, որ հանքի շահագործումից հետո կմտածեն` արդյոք Ջերմուկն ա՞յն քաղաքն է, որտեղ ցանկանում են մաքուր օդ վայելել, թե՞ այլ տարբերակ կգնեն: Այս 5-ին հուզում էին նաեւ բնապահպանական խնդիրները:
Նույն հարցով դիմեցինք նաեւ 13 արտասահմանցի զբոսաշրջիկների, որոնք հիմնականում ԱՊՀ երկրներից էին: Նրանցից 9-ը նշեցին, որ հանքի շահագործումից հետո այլեւս Ջերմուկ չեն գա, իսկ 4-ը` չէին կողմնորոշվում:
Ամուլսարում ընթացող ցանկացած միջամտություն տեսանելի է ջերմուկցիներին: Հանքային ջրերի ցուցասրահի` «գալերիայի» տարածքից պարզ երեւում է Ամուլսարը, այնտեղ բացված ճանապարհները եւ այլն:
![]() |
![]() |
Հանքի շահագործմանը դեմ են նաեւ Ջերմուկում գործող գրեթե բոլոր առողջարանային կենտրոնների տնօրենները: Նրանց անհանգստացնում է, ինչպես զբոսաշրջիկների հոսքի անկումը, այնպես էլ բնապահպանական մի շարք խնդիրներ:
«Օլիմպիա» առողջարանի գործադիր տնօրենՏիգրան Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը չի կարող անհետեւանք մնալ Ջերմուկ քաղաքի եւ զբոսաշրջության զարգացման վրա: Ըստ նրա` հանքի շահագործումը հետք կթողնի թե՛ բնապահպանության, թե՛ Ջերմուկում հանգստացողների հաճախելիության, թե՛ մարդկանց ինքնազգացողության, ձեւավորվող կարծիքի վրա:
«Առաջին վատ կողմը կլինի քաղաքի փոշոտումը: Նրանք ինչքան էլ պնդում են, որ փոշին մեծ հեռավորության վրա չի գնում, չի խանգարելու, բայց իրենց աշխատանքներից արդեն զգում ենք, որ քաղաքը համեմատաբար փոշոտվել է»,-ասում է Տիգրան Մարգարյանը:
Նրա ասելով` այժմ գեոլոգիահետազոտական աշխատանքներ են կատարվում եւ իր տեղեկություններով, այս տարի սկսելու են լայնածավալ աշխատանքներ իրականացնել:
Տիգրան Մարգարյանը հանքի շահագործումով մեկ այլ մեծ վտանգ է տեսնում: Նա մտավախություն ունի, որ հանքավայրում իրականացվող պայթեցումները կարող են ազդեցություն թողնել թե՛ Ջերմուկի հանքային ջրերի աղբյուրների, թե՛ դրանց բաղադրության վրա:
«Ոսկու հանքի շահագործումը վտանգ է ստեղծել, որ կբարձրանա տարածքի ուրանի ռադիացիոն ֆոնը: Ցավոք, հիմա չեն կատարվում ուսումնասիրություններ, որ պարզ լինի, թե հիմա ռադիացիայի ֆոնն ինչպիսին է, ուստի՝ հետագայում չենք կարող ապացուցել, որ նրանց գործողությունների հետեւանքով այդ ֆոնը բարձրացել է, կամ մնացել է նույնը: Դա, երեւի նրանց ձեռք չի տալիս, իսկ իմ ունեցած տեղեկություններով` համապատասխան մարմինները դրանով չեն զբաղվում»,- ասաց առողջարանի գործադիր տնօրենը:
Տիգրան Մարգարյանը նշեց նաեւ մի քանի դրական կողմեր: Նրա խոսքերով` ոսկու հանքի շահագործումով տարածքը կաշխուժանա, կլինեն ներդրումներ, բնակչությունը մարզից չի փախչի, կստեղծվեն բարձր աշխատավարձով աշխատատեղեր, որը թեեւ զբոսաշրջության հետ կապ չունի եւ դրան չի նպաստում: Այդ ներդրումները կապ չեն ունենա նաեւ բնապահպանության հետ: Այստեղ ամեն ինչ վատ է լինելու, քանի որ ցանկացած միջամտություն անհետեւանք չի կարող մնալ:
Հարցին, թե խոշոր ներդրումներից հետո, եթե պարզվի, որ հանքի շահագործումը վնասակար ազդեցություն ունի, արդյոք հնարավո՞ր է կանգնեցնել շահագործումը, Տիգրան Մարգարյանը պատասխանեց, որ այդ խնդիրը կարող է լուծել միայն կառավարությունը:
«Դա կածված է կառավարության վերաբերմունքից: Այսինքն`կարեւոր է իր բնությունը, իր ժողովուրդը, թե այն մուտքերն ու ներդրումները, որոնք լցնելու են պետական բյուջեն: Պետությունն էլ պետք է դրական եւ բացասական կողմերը դնի նժարին եւ ընտրություն կատարի: Հարուստ երկիր չենք, որ միանգամից դնենք ու մերժենք նման ծրագրերը եւ ուրիշ տարբերակով փորձենք բյուջեն լցնել»,- ավելացրեց Տիգրան Մարգարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել