
Գնդի որդին
Անչափահաս ազատամարտիկների մասին տեղեկություններ հավաքելու ժամանակ ինձ պատմեցին Մուշո անունով մի տղայի մասին: Նրան ճանաչողները մի քիչ մտածելուց հետո հիշում էին` դա այն տղան չէ՞, որ, տանկի վրա նստած, խոսում էր հեռուստացույցով:
Արցախյան պատերազմի տարիներին ֆրանսիացի լրագրողների նկարահանած տեսանյութում մարդկանց պատմած տանկի վրա նստած տղան Մուշոն էր: Նա կանգնած խոսում է իր հասակակից տղաների հետ, հետո թողնում է երեխայական զրույցն ու մոտենում դիրքեր շարժվող մարտընկերներին:
Նրա դեմքը ոչ երեխայական լրջություն ուներ, իսկ հագին սեփական ձեռքերով ծուռումուռ փոքրացված զինվորական հագուստն էր եւ անբաժան ավտոմատը:
«Խրամատում նստած էինք, երբ առաջին անգամ թշնամու տանկերը սկսեցին մոտենալով կրակել, մենք էլ պատասխան կրակ բացեցինք: Երբ առաջին տանկը խփեցինք, մնացածները կանգնեցին, ապա շրջվեցին ու փախան: Առաջին անգամն էր, որ պատերազմում տանկ տեսա, թե ինչպես է կրակում, թե ինչպես պետք է ճիշտ կրակել»,- լրագրողին պատմում է Մուշոն` հավելելով, որ հողը լքել չի լինի, դա կնշանակի մահ, ինչպես եւ առանց վախի կռվելը. ամեն մարդ իր վախը պիտի ունենա, վախով պիտի կռվել, առանց վախի` մեռած ես:
Հերթական անգամ նայելով այս սյուժեն` Մուշոյի մայրը` տիկին Կարինեն, պատմեց, թե ինչպես 1992 թ. հունիսի 28-ի գիշերը որդին, կանխազգալով թշնամու հարձակումը, արթնացրեց հրամանատարին եւ իսկույն սկսեց կրակել տանկի ուղղությամբ:
«Մուշոն կրակեց մի քանի անգամ, եւ թուրքի տանկը կանգնեց, թուրքը միջից որ դուրս եկավ, տղաս հասցրեց սուզվել մոտակայքում գտնվող ճահիճը եւ այնտեղ մնաց, մինչեւ թուրքին մերոնք գերի վերցրին: Էդ ամբողջ ժամանակ ես տեղս չէի գտնում. երկու տղաներս` դիրքում, իսկ գյուղի վրա կրակ են թափում: Վերջը մեր հարեւանը չդիմանալով մեքենան վերցրեց ու իջավ դիրքերը: Մի քանի ժամից նա արդեն ինձանից աչքալուսանք էր ուզում»,- ասում է Մուշոյի մայրը:
Ճահճի կեղտում կորած որդուն նա հազիվ է ճանաչել, ձեռքին էլ մի սպիտակ թղթի կտոր կար. պատվոգիր էր, հետն էլ` դրամական պարգեւ, որ Օլեգ Եսայանն էր տվել նման հերոսական քայլի համար:
Մուշոն` Մուշեղ Անտոնյանը, Ճարտար գյուղից է: Նրա կարծիքը բարձր էր գնահատում անգամ Ավոն (Մոնթե Մելքոնյանը)` կոչելով նրան գնդի որդի: 14 տարեկան էր, երբ ներգրավվեց արցախյան շարժման մեջ, ապա նաեւ` պատերազմական գործողություններում:
Մուշոյի ծնողները չեն հիշում, թե ինչպես ստացվեց, որ իրենց 14-ամյա տղան հայտնվեց պատերազմի թոհուբոհում: Մայրը պատմում է, որ տղան միայն պապից էր քաշվում, որը փորձում էր պատրվակներ փնտրել` ասելով, թե իբր վախենում է կրակոցներից, եւ որ լավ կլինի` Մուշոն իր մոտ մնա: Այս եւ մնացած բոլոր խնդրանքներին Մուշոն միայն մի պատասխան ուներ` դու մտքինդ ասա:
«Ասել եմ` նայի հա, եթե դու ոտքդ դարպասից այն կողմ դնես, ես էլ ջրհորը կբացեմ ու ինձ ջուրը կնետեմ: Իսկ նա ի պատասխան միայն ասաց, որ կսպասի` ես ինձ ջուրը նետեմ, հետո մեկ է` գնալու է, որ ինձ նման հազարն էլ լինի»,- պատմում է մայրը:
Չնայած տարիքին` շատ խիստ էր, եւ տնեցիները վախենում էին նրան հակաճառելուց: Նա անգամ ստիպել է, որ անկողնում պառկած ծանր վիրավոր հայրը դիրքեր գնա: Երբ փորձում էին նրան հակառակում համոզել` ասելով, որ հայրը ծանր հիվանդ է, միեւնույն է, տղայի համար դա պատճառաբանություն էր լոկ:
Մուշոն ասում էր. «Ինձ համար մեկ է` կռվում հարազատս մահացած կամ անծանոթ մեկը. եթե կարող է, պիտի գնա կռվելու»: Սկզբում տիկին Կարինեին հաջողվեց երկու որդիներին էլ եղբոր մոտ` Երեւան ուղարկել, սակայն տղաները երկար չմնացին այնտեղ:
«Երբ «Արցախ» կոմիտեում զոհվածների ցուցակում տեսան մեր հարեւանի անունը, եղբայրս զանգեց ու ասաց, որ երեխաներս Ղարաբաղ են ճանապարհվել, բայց թե ինչով եւ ինչպես` ինքը տեղյակ չէ: Հետո միայն Մուշոն պատմեց, որ մի հարուստ մարդ, իմանալով, որ ինքը նույն այն տղան է, ով թշնամու տանկն է կանգնեցրել, հագուստ է գնել ու փող տվել, որով էլ հասել են մինչեւ Գորիս, իսկ այնտեղից ֆիդայիների հետ գյուղ են հասել»,- պատմում է Մուշոյի մայրը:
Տղայի հայրը` Կարո Անտոնյանը, թոքերից ծանր վիրավորվել էր եւ Մարտունու շրջանային հիվանդանոցում էր պառկած: Տիկին Կարինեն եւ Մուշոյի հորաքույրը մի կերպ համոզել էին տղային, Ավոյից բենզին խնդրել, որ գնան Մարտունի` հորը տեսության:
Մայրն ասում է, որ ճանապարհին տղան անընդհատ ուզում էր հետ դառնալ դիքեր, լսվող կրակոցները նրան վատ բան էին հուշում, բայց հորաքույրը հազիվ կարողանում էր նրան համոզել` ասելով, որ հայրը մահամերձ է եւ ուզում է նրան տեսնել:
Կես ճանապարհին նրանց հանդիպեց Ավոն` մեքենայով, եւ մայրն անգամ չնկատեց, թե Մուշոն ոնց տրակտորի թափքից ցատկեց եւ Ավոյի հետ դիրքեր ճանապարհվեց:
«Նա իրեն ամբողջությամբ կռվին էր նվիրել ու չնայած տեսաժապավենում ասում է, որ մարդ պիտի վախ ունենա` այդ վախը մենք այդպես էլ նրա մեջ չտեսանք: Ուր ասես որ չէր գնացել կռվելու` Մարտակերտ, Աղդամ, բայց հիմնականում մեր գյուղի Շարքար դիրքում էր. թշնամու կոորդինատներն էր հաղորդում եւ զգուշացնում պատրաստվող հարձակման մասին»,- հիշում է մայրը:
Տիկին Կարինեն պատմում է, որ մի օր տղան հերթական անգամ ուշ գիշերը դիրքերից տուն էր եկել եւ ասել, որ առավոտ պետք է իր հետ քսան զույգ գուլպա տանի դիրքեր: Կինը չգիտեր, թե գիշերվա կեսին որտեղից այդքան գուլպա գտնի:
Հարեւաններից ու ծանոթ-բարեկամներից ինչքան կարողացավ հավաքեց, կարկատեց, որ առավոտ շուտ ամեն ինչ պատրաստ լիներ. «Տուն հազվադեպ էր գալիս ու հետ գնալիս տանն ինչ եղել է, հանել տարել է դիրքեր տղաների համար. լինի ուտելիք, թե հագուստ: Իսկ ինքը տապակած կարտոֆիլ էր սիրում ու պոմիդորով ձվածեղ: Միայն թե կանաչին ինքն էր միշտ ավելացում, իմ արածը չէր հավանում, նա մի բուռ կանաչի էր լցնում վրան, հետո միայն ուտում»:
Մուշոն չի վիրավորվել անգամ ամենաթեժ մարտերում: Ըստ հարազատների` պատճառը նրա փոքրամարմին եւ ճարպիկ լինելն էր:
1995 թ. ապրիլի 30-ին Մուշոն, 17-ը չբոլորած, նռնակի պայթյունից վնասվել ու տեղնուտեղը մահացել է: Թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է դա պատահել, մինչեւ հիմա էլ չի պարզվել, ու տղայի հարազատներն էլ չգիտեն իրենց որդու զոհվելու իրական պատճառները:
Տիկին Կարինեն որդու կորստյան կսկիծի հետ մեկտեղ հպարտություն եւ ուրախություն է զգում, երբ տեսնում է, որ որդուն եւ նրա արածը բարձր են գնահատում մարտընկերներն ու պարզապես որդուն ճանաչողները:
2004 թ. Մուշոն հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել