
«Թեղուտ» ՓԲԸ-ն հանգստացնում է բնակիչներին
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի Դուքանաձոր տեղամասում իրականացվող՝ բացահանքի դատարկ ապարների կուտակման աշխատանքների ընթացքում 2013 թ. հունիսի 24-ին մոտ քսան մետր հատվածում մասնակի վնասվել է լցակուտային տնտեսության տարածքից Դուքանաձոր գետակի ջրերի հեռացման համար նախատեսված 2,5 կմ երկարությամբ երկաթբետոնե փակ ջրատարի պատը: Դրա հետևանքով՝ 5 քառակուսի մետր հատույթով փակ ջրատարի թողունակությունը պակասել է մոտ 30 տոկոսով:
Չնայած վնասվածքի հետևանքով թողունակության նվազմանը՝ թունել մտնող ջրի ամբողջ քանակությունը դուրս է հոսում թունելի ելքային տեղամասից: Ընկերության մասնագետները և նախագծողները, արդեն իսկ կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս մշակում են փակ ջրատարի վնասված պատի վերականգնման աշխատանքների նախագիծ, որով առաջիկա օրերի ընթացքում կկատարվեն վերականգնման աշխատանքները: Լեռնահանքային համալիրի կառուցման նախագծային բոլոր աշխատանքները, ներառյալ լցակուտային տնտեսության ձևավորումը, ընթանում են նախատեսված ժամանակացույցով:
Հաշվի առնելով որոշ համացանցային լրատվամիջոցներով այս առթիվ տարածված տեղեկատվության մեջ արտահայտված մտահոգությունները՝ ընկերությունը հարկ է համարում լրացուցիչ հայտնել, որ տեղի ունեցածը նույնիսկ տեսականորեն որևէ վտանգ չի կարող ներկայացնել կառուցվող լեռնահանքային համալիրի հարակից համայնքների ազգաբնակչության համար:
Մեկնաբանել