
Օձը սիրահարվել էր պապիս
Այսօր դարձյալ հանդիպեցի մեր բակում ապրող օձին: Իրար բարեւեցինք` առանց բառ փոխանակելու: Մեր հայացքները հանդիպեցին իրար, բայց դա տեւեց մի քանի վայրկյան. սողունը գալարվելով անմիջապես անհետացավ խոտերի մեջ: Մեր հանդիպումներն այնքան էլ հաճախակի չեն լինում`ամիսը 1-2 անգամ: Եվ այսպես արդեն 20 տարի:
Խոստովանեմ, որ մեկ մետրից ավել երկարություն ունեցող հողագույն սողունին հանդիպելուց մարմնովս դող է անցնում: Միշտ մտածում եմ, որ նա ինձանից վրեժ ունի լուծելու, քանի որ 8 տարեկանում, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան, ձեռքիս բահով փորձեցի վնասել. բարեբախտաբար ինձ չհաջողվեց:
Գարուն էր, իսկ օձերը սիրում ու սիրահարվում են հենց այդ եղանակին: Մեծերից լսել եմ, որ օձերը շատ խանդոտ են, միեւնույն ժամանակ` քինախնդիր: Եթե սատկացնում կամ վնասում ես զույգերից մեկին, ու այդ ամենը տեսնում է մյուսը, ապա անպայման վրեժ է լուծում:
Ինչեւէ, մինչ օրս մեր բակի սողունը ինձանից վրեժ չի լուծել: Չգիտեմ` միգուցե արդեն ներել է ինձ, կամ էլ նրա զույգի աչքից վրիպել է իմ «սխրագործությունը»:
Մարդիկ սարսափած են օձերից: Ամեն օր արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգի հետքերով X բակից, հողամասից, դպրոցի տարածքից օձեր է վնասազերծում եւ տեղափոխում անվտանգ տարածք: Ինչու՞ են մարդիկ վախենում օձերից, մի՞թե այդ սողունն ավելի վտանգավոր է, քան մեր շրջապատի «քայլող սողունները»… Մտքովս չի անցնում զանգահարել 911 եւ փրկարարներին հրավիրել մեր տուն: Օձը դարձել է մեր ընտանիքի անդամը, եւ չեմ ուզում, որ նրան տեղափոխեն «անվտանգ» տարածք: Մեր բակն իր համար ավելի անվտանգ է, քանի որ հաշտ ու համերաշխ ենք ապրում` «չար աչքերից» հեռու:
Օձերի նկատմամբ «սերը» հավանաբար ինձ փոխանցվել է ժառանգաբար: Մեր գյուղի ավագ սերունդը լավ գիտի պապիս եւ օձի սիրո պատմության մասին:
Պապս` Գրիշա Բալասանյանը, 3 տարեկան հասակում բակում նստած մածուն է կերել: Օձը մոտեցել է նրան եւ կերել նույն ամանից, հետո պապս օձի գլխով է կերել մածունը: Տնեցիները սարսափել են տեսնելով նույն ամանից սնվող երեխային ու սողունին: Պապիս անմիջապես տարել են գյուղի հեքիմի տուն, որպեսզի նրան զննի. օձը չէր վնասել նրան:
Այդ օրվանից օձն ու պապս կապվել են գերբնական ուժով, բակում միշտ միասին են եղել: Իսկ երբ պապս ամուսնացել ու հայրական տնից մի քանի փողոց հեռու տուն է կառուցել (որտեղ էլ մինչ օրս ապրում ենք), հավատարիմ սողունը նրա հետ տեղափոխվել է նոր տուն:
Պապիս չեմ տեսել: Փողոցի մեծերը պատմում էին, որ բակում շքեղ խաղողի այգի ենք ունեցել: Առավոտ շուտ եւ երեկոյան պապս աշխատել է այգում, իսկ կեսօրին դպրոցում մաթեմատիկա է դասավանդել: Երբ պապս հողամասում է եղել, օձը նրա հետ համաչափ առաջ է շարժվել հարեւան մարգով, իսկ նրա բացակայության ժամանակ օձին որեւէ մեկը չի նկատել:
Երբ նրանք միասին են եղել, որեւէ մեկը չի կարողացել այգի մտնել: Օձը ֆշշոցով է դիմավորել այգի մտնողին` հասկացնելով, որ ցանկալի չէ նրա ներկայությունը: Ասում են` օձը սիրահարվում է նաեւ մարդուն եւ նույն ուժգնությամբ էլ խանդում է նրան: Հավանաբար օձը սիրահարված է եղել պապիս… Նա խանդից որեւէ մեկին չի վնասել, բայց պատմում են, որ եղել են օրեր, երբ ինչ-որ բանից նեղացած անհետացել է հողամասից ու որոշ ժամանակ անց նորից վերադարձել է:
Բոլորը հորդորել են պապիս սատկացնել օձին, քանի որ մի օր փորձանք է լինելու ընտանիքի անդամների համար, սակայն նա անդրդվելի է եղել եւ շարունակել է օձի հետ ընկերություն անել:
Չգիտեմ, թե որքան է շարունակվել այդ սերը, բայց պապիս մահանալուց հետո օձն անհետացել է: Որոշ ժամանակ անց պապիս գերեզմանաքարի վրա հայտնաբերվել է օձի պատկերով հետք: Մինչ օրս այդ հետքը պահպանվում է քարի վրա, կարծես հատուկ փորագրած լինեն:
Դժվարանում եմ ասել՝ մեր բակի այժմյան օձը պապիս օձի սերունդն է, թե ոչ, բայց որ վերջինս նույնչափ բարի ու զգայուն է, կարող եմ փաստել սեփական օրինակով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել