
Վարորդները կտուգանվեն նույնիսկ 1կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում
Ազգային ժողովը 87 կողմ, 0 դեմ, 8 ձեռնպահ ձայներով ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել ինչպես պատգամավորների, այնպես էլ հասարակության լայն զանգվածների շրջանում:
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ից փորձեցինք տեղեկանալ, թե օրենքի փոփոխությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ վարորդների վրա: ՀԿ-ից պատասխանեցին, որ ուսումնասիրում են փոփոխությունները, նախնական կարծիք ունեն, սակայն դրանք կհրապարակեն 1-2 օրից:
Իսկ անհանգստացնող փոփոխություններից մեկը վերաբերում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելուն:
Գործող օրենքով երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելու տուգանքները սկսվում էր 11կմ/ժ արագությունից: Օրենքից հանվում է արագությունը մինչեւ 10կմ/ժ-ով գերազանցելու համար պատասխանատվություն չնախատեսող դրույթը, եւ այժմ վարորդները կտուգանվեն նույնիսկ 1կմ/ժ արագությունը գերազանցելու դեպքում:
Օրինակ` եթե մինչեւ 60 կմ/ժ թույլատրելի արագության դեպքում վարորդները կարող էին ավտոմեքենան վարել մինչեւ 70 կմ/ժ արագությամբ եւ չտուգանվել, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 2014թ. հունվարի 1-ից, վարորդները կտուգանվեն նույնիսկ 61 կմ/ժ-ով երթեւեկելու դեպքում:
Այսպես`
1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10.000 դրամ):
2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30.000 դրամ):
3. Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ):
4. Երթեւեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով (70.000 դրամ):
Միեւնույն ժամանակ, նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար, իսկ եթե արագաչափ սարքի հնարավոր սխալանքը գերազանցում է 10 կմ/ժ-ը, ապա արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել