HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» ծրագիրը

Նախքան աշխատանքային հերթական խորհրդակցությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով քաղաքապետի նորանշանակ տեղակալներին, մեկ անգամ ևս շնորհավորել է և ընդգծել, որ ակնկալում է ամենօրյա սրտացավ աշխատանք` բնակիչների վստահությունը արդարացնելու և ավելի լավ Երևան ունենալու համար:

Խորհրդակցության ընթացքում առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասով նախորդ շաբաթ կազմվել է 18 վարչական արձանագրություն: Մշտական աշխատանք է տարվում ավտոկանգառներում ապօրինի գումարների գանձումները բացառելու նպատակով: Ուսումնասիրվել են նաև վարչական շրջաններում նոր փոքր շուկաների կազմակերպման վայրերի հետ կապված առաջարկությունները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցներում, ինչպես նաև երկրորդական, կրթական, մշակութային և առողջապահական հիմնարկներին հարակից փողոցներում, առաջնահերթորեն իրականացվում են գծանշման աշխատանքներ, փոխվել է նաև 49 ճանապարհային նշան:

Վարչական շրջաններում գտնվող անբարեկարգ փոքր ֆուտբոլի դաշտերի բարեկարգման հետ կապված` շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների հիմնական մասն ավարտված է:

Հանձնարարվել է ակտիվացնել փոսալցման և ճաքալցման աշխատանքները այն փողոցներում և բակային տարածքներում, որտեղ 2013 թվականի ծրագրով նախատեսված չեն հիմնանորոգման աշխատանքներ:

Անդրադառնալով անշարժ գույքի սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքներին՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է 107 վարչական արձանագրություն:  Քաղաքապետը հանձնարարել է շարունակել մշտական հսկողությունը` պայմանագրային պարտավորությունների կատարման և մայրաքաղաքի արտաքին ընդհանուր տեսքի պատշաճ ապահովման ուղղությամբ:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական բոլոր շրջաններում մայիսի 29-ից մինչ օրս ապամոնտաժվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող 312 գովազդային վահանակ: Զեկուցվել է նաև Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը քննարկել և հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ մայրաքաղաքի հրապարակների վերակառուցման համար հայտարարված բաց մրցույթի վերաբերյալ արդեն իսկ ստացվել են առաջարկություններ:

Կանաչապատման աշխատանքների կապակցությամբ` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքները: Հանգստյան օրերին Տարոն Մարգարյանը անձամբ է շրջել վարչական շրջաններով և հետևել կանաչապատման աշխատանքներին: Քաղաքապետն ընդգծել է, որ արվածը դեռ բավարար չէ և պետք է անել ավելին` ցանկալի արդյունքի հասնելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների մաքրման և պահպանման նպատակով կմեկնարկի «Ավելի մաքուր Երևան» կարգախոսով ծրագիրը: Ողջունելով այդ ուղղությամբ իրականացվող հասարակական նախաձեռնությունները` քաղաքապետն առաջարկել է աշխատանքներում ներգրավել հասարակական և երիտասարդական կազմակերպություններին, նաև՝ բոլոր ցանկացողներին:

«Մայրաքաղաքում կան մի շարք զբոսայգիներ ու վայրեր, որտեղ երևանցիները սիրում են իրենց հանգիստն անցկացնել հատկապես ամռանը, ինչն էլ, սակայն, պատճառ է դառնում աղբի կուտակման: Միայն Երևանի քաղաքապետարանի աշխատանքը բավարար չէ: Մենք պետք է ներգրավենք ու խրախուսենք նաև հասարակական կազմակերպություններին` կոչ անելով իրենց մասնակցությունը բերելու այդ նախաձեռնություններին, որպեսզի ունենանք ավելի մաքուր Երևան: Առաջարկում եմ սկսել հենց Հրազդանի կիրճից: Մենք պատրաստ ենք տրամադրելու անհրաժեշտ ամեն ինչ և համատեղ ուժերով կյանքի կոչել ծրագիրը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանը կապահովի անհրաժեշտ բոլոր պարագաները:

Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter