
«Հետքի» հրապարակումից հետո ՊԵԿ-ը դիմեց ծայրահեղության
Այսօր առավոտյան` ժամը 9.45 րոպեին, Արաբկիրի հարկային ծառայության տեսուչները ՀԴՄ-ի կտրոն չտրամադրելու պատճառաբանությամբ 5 օրով արգելել են «Գ. Համբարձումյան եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող նախկին «Կիեւ գոստրոնոմի» առաջին հարկում գտնվող խանութի գործունեությունը: ՍՊԸ-ի տնօրենը հեռվից կանգնած է հետեւել, թե ինչպես են տեսուչները խանութը կապարակնքում: Նա նույնիսկ չի էլ մոտեցել տեսուչներին:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Հետքն» անդրադարձել էր այս խանութի խնդրին, թե ինչպես են Արաբկիր ՀՏ-ի տեսուչները պարբերաբար ՀԴՄ չտրամադրելու «գործ սարքում» հետո էլ «բանակցությունների» գնալու կոչեր անում սեփականատերերին:
Մեր հրապարակման օրը ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Գագիկ Համբարձումյանը դիմում էր ներկայացրել ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողով, իսկ դիմումի կրկնօրինակը` Արաբկիրի ՀՏ-ի պետին, որ համաձայն չէ հարկային տեսուչների որոշման հետ, թե իբր խանութում ՀԴՄ-ի կտրոն չի տրամադրվել:
Հաջորդ օրը` հուլիսի 1-ին, եկել է հարկային տեսուչը` խանութը 5 օրով փակելու որոշումը ձեռքին: Խանութի աշխատակիցների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ՊԵԿ-ն այդքան «օպերատիվ» կաշխատի եւ քաղաքացու բողոքը առաջին հերթին քննելու փոխարեն խանութը փակելու որոշում կկայացնի:
Այս գործընթացներն արագացան հատկապես մեր հրապարակումից եւ Գագիկ Համբարձումյանի աղմուկ բարձրացնելուց հետո, քանի որ խանութը փակելու որոշում հարկային մարմինը կարող էր կայացնել 30 օրվա ընթացքում, մինչդեռ ընտրվել է արագացված տարբերակը:
«Իրենք կարող էին խանութը փակելու որոշումը հուլիսի 1-ին չկայացնեին, իմ բողոքարկումը լսեին առաջիկա օրերին, նոր դրանից հետո, եթե ես ճիշտ չէի լինի, խանութը փակելու որոշումը կայացնեին: Հասկանում եմ, արագ որոշում կայացրին, որովհետեւ «Հետքում» հոդված է տպագրվել այդ մասին, բողոքարկման նշաններ ցույց տվեցի եւ ուրիշների նման վիզս ծուռ չգնացի ասեի, որ ես ձեր ճորտն եմ, կամ` կներեք, դուք ճիշտ էիք, ես սխալ եմ»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Գագիկ Համբարձումյանը:
ՍՊԸ-ի հիմնադիրը կարծում է, որ այս որոշումով ՊԵԿ-ը խախտում է նաեւ իր սեփականության իրավունքը` թույլ չտալով մտնել իր սեփականությունը հանդիսացող տարածք: Ըստ Գագիկ Համբարձումյանի` սեփական տարածք մուտք գործելու արգելք կարող է սահմանել միայն դատարանը, այլ ոչ թե այդ իրավունքն իրեն վերապահած հարկային մարմինները:
Խանութի սեփկանատերը տեղյակ չէ, թե ՊԵԿ-ի բողոքարկման հանձնաժողովը, երբ կլսի իր գործը: Բացի այդ, հանձնաժողով ներկայացրած դիմումում նշված է խանութի գործունեության հասցեն եւ գրասենյակի հեռախոսահամարը եւ եթե հանձնաժողովը գործարարի հետ կապ հաստատելու ցանկություն ունենա, ապա առաջիկա 5 օրերի ընթացքում հնարավոր չի լինի, քանի որ Գ. Համբարձումյանը չի կարող տարածք մտնել:
Գագիկ Համբարձումյանը ամեն դեպքում պատրաստվում է դիմել դատարան, քանի որ իրեն հասցրել են նյութական վնաս: Իսկ եթե բողոքարկման հանձնաժողովը արդարացի որոշում չկայացնի, ապա այդ որոշման իրավական լինելու հարցը նույնպես կորոշվի դատարանում:
«Այնպիսի օրենք են ընդունել, որ, բացի տուգանքից, 300.000 դրամ էլ պիտի վճարենք, որ խանութի գործունեությունը 5 օրով չդադարեցվի: Մեր նման խանութները օրական 60.000 դրամ եկամուտ չեն կարող ունենալ, որ կարողանան չփակելու դիմաց այդքան վճարել: Դա ձեռք է տալիս այն օլիգարխներին, որոնք ունեն օրական 200.000 եւ ավելի եկամուտ»,-ավելացնում է Գ. Համբարձումյանը:
Նրա ասելով` հարկային մարմինները, խանութը փակելու որոշում կայացնելով, վնաս են հասցնում ոչ միայն ՍՊԸ-ին, այլեւ պետությանը, քանի որ 5 օրերի համար պետական բյուջե հարկեր չի վճարվելու:
Սա միայն մեկ դեպք է, եւ հարկային մարմիններն ամեն օր նման որոշումներ կայցնում են տասնյակ խանութների նկատմամբ: «Իրենք իրենց անձնական գրպանի եւ բյուջեի հետ այդպես չէին վարվի, բայց պետության նկատմամբ շատ հանգիստ անում են: Եթե դատարանում վնասի փոխհատուցման հարց էլ առաջանա, ապա այդ գումարը տալու են ոչ թե իրենք, այլ պետությունը, եւ հարկային մարմինները ոչ մի կերպ չեն տուժում»,-ավելացրեց Գ. Համբարձումյանը:
Նա հարց է տալիս` մի՞թե այս երկրում չկա գեթ մեկ մաքուր աշխատող միջին ձեռներեց, որ հարկայինի հետ խնդիրներ չունենա եւ զրոյական ակտ ունենա իր մաքուր հաշվապահության շնորհիվ: Ստացվում է, որ միջին օղակն ամենախաբող մասսան է, իսկ գործարար օլիգարխներն աշխատում են «բյուրեղյա մաքրությամբ»:
Գագիկ Համբարձումյանը, որպես ասվածի ապացույց, վկայակոչում է օրերս աշխարհահռչակ «Ֆորբս» ամսագրի հրապարակած տվյալները, ըստ որոնց, առավել անհաջող տնտեսություն ունեցող երկրների շարքում Հայաստանն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը` զիջելով միայն Մադագասկարին:
«Դա էլ հո ես չե՞մ ասում, այս ամեն ինչն է բերում նրան, որ այսօր Հայաստանում տնտեսությունն այս վիճակում է: Փոխանակ թողնեն բիզնեսը շնչի, աշխատի, եկամուտ բերի, ընդհակառակը, որոշումներ են կայացնում, որ բացի իրենցից ոչ ոք չպիտի աշխատեն: Հասցնում են այն աստիճանի, որ մտածում ես` ընդհանրապես անիմաստ է այս երկրում բիզնես վարելը»,-ավելացնում է Գ. Համբարձումյանը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել