
Մայրավանք. միջնադարյան հուշարձանը շարունակում է մնալ կիսավեր (լուսանկար)
Մայրավանքը ներառվել է առաջիկա վերականգնման ենթակա հուշարձանների ցանկում պահպանվածության առումով առավել վտանգված և հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի ծրագրով 2009 և 2011 թթ. կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Այս մասին «Հետքին» հայտնեցին Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից՝ անպատասխան թողնելով մեր այն հարցերը, թե կոնկրետ ինչ աշխատանքներ է նախատեսվում կատարել Մայրավանքում, և երբ են սկսվելու այդ աշխատանքները:
Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է կառավարության հաստատած, Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և սեփականության իրավունքով հանձնված է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն:
Սոլակ գյուղի մոտ գտնվող Մայրավանք Սբ. Աստվածածին եկեղեցի հասնելու համար սկսնակ արշավականից պահանջվում է մոտ 2 ժամ: Ահա այստեղից է սկսվում դեպի հուշարձան բարձրացող ճանապարհը:
Մայրավանքը ժայռի վրա է, և դրան հասնելու համար պետք է երկար քայլել հիմնականում ապառաժների, տեղ-տեղ էլ հողի վրայով:
Ճանապարհին ամենից հաճախ հանդիպող ծառը եղևնին է, որը հավանաբար ավելի հեշտ է աճում քարքարոտ տեղանքում:
Իսկ այս ծառերն ամենայն հավանականությամբ մարդն է հրկիզել:
Ճանապարհին կտրած ծառեր էլ հանդիպեցին: Կոճղերի թարմությունից երևում է, որ ծառերը վաղուց են կտրել:
Ժայռն ի վեր բարձրացող ճանապարհի շատ մասերում զգացվում է անձրևից հետո թարմ խոտի և կատվադաղձի հոտը: Ճանապարհի ողջ ընթացքում աչքի զարնող սակավաթիվ բուսատեսակներից ժայռի վրա ամենատարածվածը հենց կատվադաղձն է:
Հեռվում նշմարում է Մայրավանքը, որին հասնելու համար, սակայն, դեռ երկար պետք է քայլել:
Հուշարձանը 7-րդ դարում հիմնադրել է Հովհանն Մայրավանեցին (Մայրագոմեցի): Մայրավանքի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 11-12-րդ դարերում:
Հուշարձանն այժմ կիսավեր է:
Մայրավանքը գմբեթավոր եկեղեցի է:
Եկեղեցու շուրջը թափված են ժամանակին կառույցի մաս կազմած քարերն ու զարդաքանդակները:
Մայրավանքի խաչքարերից:
Մայրավանքը հարուստ չէ արձանագրություններով:
Փոխարենը շատ են հուշարձանի պատերին Մանուկի և մյուս այցելուների թողած գրությունները:
Եկեղեցու միակ դռնով ներս մտնելուց հետո ակնհայտ է դառնում, որ պակաս անմխիթար ու անխնամ չէ նաև հուշարձանի ներսը:
Եկեղեցու ներսում դեռ պահպանված է Հայկական ՍՍՀ պետշին Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության ցուցանակը, որը խոստանում է օրենքով պատժել հուշարձանը «փչացնողներին»:
«Փչացնողները» եկեղեցու ներսում ամբողջ պատեր են ապականել մոմերի հալոցքով ու մրով:
Իսկ վանքի խորանին դրված իրերը խառնիճաղանջ են ու նույնպես ոչ մաքուր:
Միջնադարյան հուշարձանի անմիջապես հարևանությամբ՝ և առջևում, և հետևում, տեղադրված են տաղավարներ ու խորոված պատրաստելու հարմարանք:
Խորովածի ու մատաղի հետքեր հուշարձանի տարածքում:
Մայրավանքից հետդարձն ավելի կարճ է տևում: Հուշարձանն ավելի ու ավելի փոքր է երևում, կողքին տեղադրված տաղավարն ու խորոված պատրաստելու հարմարանքը՝ նույնպես:
Մայրավանքի բարձունքից երևում է ողջ Սոլակ գյուղը:
Մեկնաբանել