
Դիզվառելանյութի չարաշահումներ. Արարատի մարզպետը նամակ է գրել փոխվարչապետին
Մայիսի 24-ին աշխատանքից ազատվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը: Ըստ մարզպետարանի` վարչության պետն աշխատանքից ազատվել է սեփական դիմումով` անձնական խնդիրների պատճառով: Սակայն, մեր տեղեկություններով, Տիգրան Վիրաբյանի աշխատանքից ազատվելն ամենեւին էլ անձնական խնդիրներով պայմանավորված չի եղել:
Կառավարությունը, ինչպես բոլոր մարզերին, այնպես էլ Արարատին հատկացրել է շուկայականից էժան դիզելային վառելանյութ եւ պարարտանյութ: Մեր աղբյուրների փոխանցմամբ` միայն Արարատի մարզին հատկացվել է 16.000 տոննա սոլյարկա, որպեսզի յուրաքանչյուր համայքին բաժին հասնի 10-20 տոննա: Սոլյարկայի 1 լիտրը գյուղացուն տրվում է 350 դրամով, որն ավելի էժան է, քան շուկայում վաճառվողը, իսկ տարբերությունը վճարում է կառավարությունը:
Արարատի մարզում սոլյարկայի բաշխման հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ գյուղացիները դժգոհել են, որ վառելանյութն իրենց չի հասել: Քանի որ վառելանյութի բաշխման գործառույթն իրականացրել է մարզպետարանի գյուղվարչությունը, ուստի հիմնական պատասխանատուն եղել է հենց Տիգրան Վիրաբյանը, ինչով էլ պայմանավորված է նրա դիմում գրելն ու աշխատանքից հեռանալը:
Երբ հայտնի է դարձել, որ մարզում չարաշահումներ են եղել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը նամակով այդ մասին տեղեկացրել է վարչապետին եւ այլ պաշտոնյաներին` խնդրելով ստուգումներ իրականացնել մարզում:
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ պարարտանյութի եւ դիզվառելանյութի տրամադրման հետ կապված նախարարությունն ուսումնասիրություններ է սկսել բոլոր մարզերում: Արարատի մարզպետարանից հաստատեցին, որ իրենց մոտ ստուգումներ են արվում, սակայն հերքեցին, որ մարզպետը նամակ է գրել վարչապետին եւ այլ պատասխանատուներին:
Մինչ մարզպետարանը հերքում է, որ Էդիկ Բարսեղյանը նամակ է գրել, տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Է. Բարսեղյանը մայիսի 24-ին դիմել է փոխվարչապետին` հայտնելով, որ դիզվառելիքի բաշխման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ: Նամակը փոխանցվել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչություն` ստուգումների ընթացքում հաշվի առնելու համար:
«Ինչ վերաբերում է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի աշխատանքից ազատմանը, հարցը քննարկվել է նաեւ տարածքային կառավարման նախարարության հետ: Մարզպետի կարգադրությամբ` վարչության պետն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ըստ մարզպետի` նման որոշման պատճառներից է եղել նաեւ դիզվառելիքի բաշխման օրինականության նկատմամբ պատշաճ հսկողության չիրականացումը»,- տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարությունից: Ըստ նրանց` գյուղացիներից, գյուղացիական տնտեսություններից կոնկրետ ահազանգեր, դիմում-բողոքներ չեն ստացվել դիզվառելանյութի վերաբերյալ:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը 2013 թ. փետրվարի 11-ին նախարարությունում կայացած խորհրդակցութան ժամանակ հանձնարարել է իրականացնել մոնիտորինգ` մարզերում 2012 թ. գյուղացիական տնտեսություններին մատակարարված պարարտանյութի եւ դիզելային վառելիքի բաշխման գործընթացի արդյունավետության եւ նպատակային օգտագործման նկատմամբ:
Գյուղատնտեսության նախարարության եւ մարզերից ստացված տեղեկատվության համաձայն` մոնիտորինգի համար ընտրվել են Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերը, որոնք 1 հա մշակված հողատարածքների առումով հատկապես շատ դիզվառելիք են ստացել եւ օգտագործել: Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը մարտի 12-15-ը ուսումնասիրություններ է իրականացրել նշված մարզերում, որից հետո առաջարկվել է գործընթացում մասնագիտական կառույցների ներգրավել:
Միեւնույն ժամանակ Արմեն Գեւորգյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` վերահսկողական կառույցների կողմից ստուգումներ իրականացնելու առաջարկով: Որոշվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, ներգրավելով նաեւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների, ուսումնասիրություններ կիրականացնի մարզերում` ծրագրերի նպատակային իրականացման, գործող մեխանիզմների արդյունավետության հետ կապված խնդիրները պարզելու, ինչպես նաեւ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:
Դրան զուգահեռ, ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ իրավապահ մարմինների կողմից: Տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացրին, որ Վայոց ձորի մարզում ծրագրի իրականացման հետ կապված արդեն քրեական գործ է հարուցվել:
Լուս.՝ ararat.gov.am-ի
Մեկնաբանել