
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակվելու դեպքերի ավելի քան կեսը գրանցվել է միգրանտների շրջանում
Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քննարկեց 2 տարի առաջ իր ընդունած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում հանձնառությունների և քաղաքական հռչակագրի իրագործման ընթացքը: ԳԱ լիագումար նիստին ընդունվեց համանուն խորագիրը կրող որոշում, ու ներկայացվեց նաև 2011թ. ընդունված ՁԻԱՀ-ի քաղաքական հռչակագրի իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զեկույցը:
Նիստին ելույթ ունեցան կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մի շարք անդամ պետությունների, այդ թվում՝ ԵՄ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ավստրալիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Կանադայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Արգենտինայի և Հայաստանի պատվիրակությունները, որոնք ներկայացրին հռչակագրում տեղ գտած, ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մինչև 2015թ. հիմնական թիրախային 10 նպատակին հասնելու ուղղությամբ արձանագրված առաջընթացի և իրենց երկրներում կատարված քայլերի արդյունքները:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ չնայած աշխարհում ընդհանուր առմամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետևանքով մահացության դեպքերի նվազման հանգամանքին, Արևելյան Եվրոպայում նկատվում է հակառակ միտում՝ աճ:
Կարեն Նազարյանը նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակվելու դեպքերի զգալի մասը (ավելի քան 50%) գրանցվել է միգրանտների շրջանում և հավելեց, որ վերջին տարիներին ՀՀ-ում վարակվածների թվի աճը կապված է նաև լաբորատոր ախտորոշման հասանելիության ընդլայնման, խորհրդատվական և ուղղորդման համակարգի ներդրման արդյունքում առավել արդյունավետ կերպով վարակակիրների հայտնաբերման հետ:
Կարեն Նազարյանն ընդգծեց, որ հարցը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, և չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ վերջին տարիներին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին պետության ֆինանսական օժանդակությունն ավելացել է:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ՀՀ ազգային ծրագիրը միտված է մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովմանը, իսկ միգրանտներն ու պատանիները գտնվում են առաջնային թիրախային խմբերի շարքում: Կարեն Նազարյանը նշեց, որ անհրաժեշտ է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդումը ներառել նաև 2015թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներում և ծրագրերում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Մեկնաբանել