
Քաղաքապետարանը հանձն առավ, որ Պարոնյանի պուրակի դատական գործը լուծվի հօգուտ բնակիչների
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սուրենյան փողոցի բնակիչներն ընդդեմ քաղաքապետարանի և «Մեծ մահակ» ընկերության դատական նիստը քաղաքապետարանի ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգվեց ուղիղ մեկ ամսով: Այս մասին «Հետքին» հայտնեց նիստին ներկա ակտիվիստ Արթուր Աֆթանդիլյանը:
«Մեծ մահակը» կառուցապատում է իրականացնում Սուրենյան փողոցի Հակոբ Պարոնյանի պուրակի մի հատվածում (ընկերության հավաստիացմամբ՝ կառուցվում է գրասենյակային տարածք, մինչդեռ բնակիչները վստահ են, որ պետք է կառուցվեր մոթել) և ծառեր է հատել: Բնակիչները դատարանից պահանջում են արգելել հետագա ծառահատումները, ծառատունկի միջոցով վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությանը և անվավեր ճանաչել շինարարության թույլտվությունը:
Նախկինում ևս երկու անգամ դատական նիստերը հետաձգվել էին քաղաքապետարանի ներկայացուցչի միջնորդությամբ:
Այսօրվա նիստում, սակայն, քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ քաղաքապետարանը որոշում է ընդունել կառուցապատողին փոխհատուցում տրամադրել քաղաքի հողային ռեզերվային ֆոնդից:
Այսօրվա նիստում քաղաքապետարանն արդեն պաշտոնապես առաջին անգամ հանձն առավ, որ դատական գործը կլուծվի հօգուտ բնակիչների: Քանի որ այդ մասին պետք է համապատասխան որոշում ընունվի ավագանու նիստում, իսկ նորընտիր ավագանու նիստը կկայանա հուլիսի սկզբին, դատարանը որոշեց բավարարել քաղաքապետարանի միջնորդությամը:
Հաջորդ նիստին քաղաքապետարանը կներկայացնի փոխհատուցման մանրամասները, և հիմքեր կստեղծվեն կողմերի հաշտեցման համար՝ բնակիչներ պահանջը բավարարելու միջոցով:
Լուս.՝ econews.am-ից
Մեկնաբանել