
Հրանտ Բագրատյան. «Թող մեր բերանի ջրերը չվազեն, որ արտասահմանից դասախոսներ են գալու»
Ազգային ժողովը շարունակում է քննարկել կառավարության նեկայացրած «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը դեմ է այս օրինագծին: Ըստ պատգամավորի՝ «մարդիկ մեզնից փող են ուզում, բայց չեն ասում՝ ինչի համար, ծրագիր չկա»: Հրանտ Բագրատյանն ասաց, որ 80 մլն դրամի արտոնություն արդեն տալիս են, և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք «տիեզերքի անվերջության» հետ:
«Թող մեր բերանի ջրերը չվազեն, որ արտասահմանից դասախոսներ են գալու: Մենք տեսել ենք նման դասախոսներ, ընդհուպ Նոբելյան մրցանակակիր դասախոսներ»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Արտահերթ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ասաց, որ օրինագծի «տակը» պետք է լիներ ծրագիր, թե արտոնություններով, օրինակ, ինչ շինանյութ է բերվելու, քանի որ հնարավոր է՝ նախատեսվածից ավելի բերեն ու այստեղ վերավաճառեն:
ԱԺ նախագահն ասաց, որ պետք է խրախուսվեն ներդրումները, իսկ այս ծրագիրը դրական գնահատեց: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանում ներդրումների հերթ է, և իրենք ընտրության առաջ են կանգնած: «Եթե Աստծո կամոք նման հերթ կլինի, այն ժամանակ կքննարկենք, որ արտոնություն չտանք»,- ավելացրեց Հ. Աբրահամյանը:
Նա պատգամավորներին կոչ արեց «վիրտուալ կյանքից իջնել հողի վրա»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել