
Գնդի հրամանատարն ու նախարարը` Նոյեմբերյանի զորամասի արտակարգ միջադեպի մասին (դեպքի վայրի լուսանկարներ)
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանը կրակոց է արձակել ոչ թե ինքնաձիգը կրծքին դրած դիրքից, այլ իջեցնելու պահին` գոտկատեղից, այսինքն` հատուկ նշան չի բռնել: Այս մասին հունիսի 7-ին այդ նույն զորամաս լրագրողների այցի ժամանակ ասաց գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը:
Հիշեցնենք, որ կրակոցի հետևանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից, դժբախտաբար, տեղում զոհվել էր, իսկ ժամկետային զինծառայող Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել հրազենային վիրավորում: Վերջինս ապաքինվում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ծխարանը, որտեղ նստած են եղել Լյուքսն ու Հրաչյան, և դուռը (նկարի ամենաաջ մասում), որտեղից Դավիթը կրակել է |
Պահակատանը, որտեղ դեպքը տեղի է ունեցել, ժամապահ Դավիթ Խաչատյանը կանգնած է եղել մուտքի դռան մոտ: Մուտքից 25-30 մետր հեռավորության վրա գտնվող ծխարանում նստած է եղել 4 հոգի` Լյուքս Ստեփանյանը, Հրաչյա Սարգսյանը և 2 այլ զինծառայող հանգստացող հերթափոխից: Զինվորները եղել են պահակային ծառայության կանոնագիր կարդալիս և իրար հետ զրուցելիս:
«Միջադեպը` հիմնականում. մուտքի դռան մոտի ժամապահը ինքը հարցրել է ժամ, պատասխանը, ժամացույց չեն ունեցել, չեն ասել, որից հետո ժամապահի և մահացած զինվորի մեջ խոսակցություններ են եղել, որի արդյունքում հնչել է կրակոցը: Սկզբից ինքը զենքը պահել է էդ ուղղությամբ, էն կողմի վրա այլ զինվոր կանգնած է եղել, ասել են կողքից` «իջեցրու, դա խաղալիք չի», էստեղից մահացողը արդեն խոսել է, ինքը իջեցրել է, իջեցնելու պահին հնչել է կրակոց»,- ծխարանի մոտից նկարագրելով դեպքը` ասաց Վահագն Ասատրյանը:
Ծխարանը, որտեղ միջադեպի պահին նստած են եղել զինծառայողները |
Նրա խոսքով` նույն միակ գնդակը սկզբից վիրավորել է Հրաչյա Սարգսյանին, այնուհետև մահացու հարված հասցրել Լյուքս Ստեփանյանին: Գնդակը գտնվել է:
Վահագն Ասատրյանի խոսքով` դեպքի պահին դեպքի վայրում սպաներ չեն եղել, պահակապետը պահակակետերը ստուգելու նպատակով շրջելիս է եղել:
Գնդապետն ասաց, որ մինչև արտակարգ պատահարը երեք զինծառայողի միջև լարված հարաբերություններ չեն եղել:
«Երեքն էլ լավ ծառայողներ են եղել: Կրակողը մեզ մոտ ընդգրկված է եղել մի քանի հասարակական խմբերում, ակտիվներում: Կրակվողն էլ ոչ մի խնդիր չի ունեցել, վիրավորն էլ: Նույնատիպ, նորմալ զինծառայողներ են եղել»,- ասաց Վահագն Ասատրյանը:
Ծխարանը, որտեղ միջադեպի պահին նստած են եղել զինծառայողները |
Լրագրողի հարցին, թե որն է նման միջադեպերի պատճառը, Վահագն Ասատրյանը պատասխանեց, որ ընտանիքի դաստիարակությունն է մինչև բանակ հասնելը, իսկ այնուհետև պետք է զինվորների դաստիարակվածությունը «զարգացնել մեզ տրված բոլոր կանոնադրություններով, նյութերով, որը մենք անում ենք»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ միջադեպում տեսնո՞ւմ է իրենց բացթողումը, Վահագն Ասատրյանը ասաց. «Դեպքը արդեն բացթողում է: Կոնկրետ իմ մեղքով չի կամ որևիցե սպայի չեմ կարող մեղադրել, բայց որ դեպք ունենք, արդեն թերություն է»:
Հունիսի 7-ին Ոսկեպարում կազմակերպված ասուլիսում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ մայիսի 15-ի արտակարգ միջադեպից հետո պաշտոնից ազատվել են զորամասի շտաբի պետը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, դիվիզիոնի հրամանատարն ու տեղակալները, մարտկոցի հրամանատարները:
Պահակատան մուտքի դուռը, որի մոտ կանգնած է եղել Դավիթ Խաչատրյանը |
Միաժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ ծառայողական քննության արդյուքում չի պարզվել, որ աշխատանքից ազատվածները չեն կատարել իրենց պարտականությունները` զենքն օգտագործելու կանոնների, պահակային ծառայության մեջ համապատասխան անվտանգություն ապահովելու գործում:
«Այլ իրողություն է, թե քրեական գործի ողջ ընթացքը ինչպիսի զարգացում կստանա: Այս պահի դրությամբ ձերբակալված սպաներ չկան, և այդ սպաներն էլ, ովքեր պետք կլինի ձերբակալելու, ասենք, հեռացած չեն, գտնվում են տեղում, իրենց պարտականությունը շարունակում են կատարել»,- ասսաց Սեյրան Օհանյանը:
Գնդապետ Վահագն Ասատրյանի խոսքով` Նոյեմբերյանի N զորամասում վերջին 3 տարում նման դեպք չէր գրանցվել, և զորամասում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեպքերը նվազում են, իսկ ինքնախեղման դեպքեր ընդհանրապես չեն գրանցվել:
Սեյրան Օհանյանը` Տավուշի մարզում |
«Անգամ էս դեպքը հաշվի առնելով էլ` ունենք դեպքերի նվազում: Ճիշտ է` անցած տարի մեզ մոտ էս ժամանակահատվածում հակառակորդի կողմից է եղել, դիվերսիաների արդյունքում ենք ունեցել պատահար, զոհ և վիրավոր: Էս տարի մեզ մոտ հակառակորդի չի, մեր գնդակից է, բայց նվազում ունենք բոլոր առումներով»,- ասաց Վահագն Ասատրյանը:
«Այս զորամասը այնքան էլ վատ զորամաս չէ, մեր զինված ուժերի լավագույն զորամասերի շարքում է միշտ եղել»,- իր հերթին ասաց Սեյրան Օհանյանը ու ևս հիշեցրեց անցած տարի նույն զորամասի մարտական դիրքերից մեկում թշնամու դիվերսիան, երբ դիրքի անձնակազմը կարողացել էր հետ մղել դիվերսիոն խմբի գործողությունները ու պահել դիրքը` դժբախտաբար, ունենալով մեկ զոհ և վիրավոր:
Մեկնաբանել