
Ամեն մի իր ունի իր պատրաստման բաղադրատոմսը
«Գաղտնիքը ոչ թե կավն ու քարն է, այլ գեղարվեստական մոտեցումը»,- նշում է նկարիչ, դիզայներ Արմեն Աթանյանը` ցույց տալով «Մանե Թայլս» ընկերության կավե եւ քարե ձեռակերտ խճանկարներն ու սալիկները, որոնց գեղագիտական արժեքի համար պատասխանատու է իր ստեղծագործական խումբը:
«Մանե Թայլս»-ը 2001թ. հիմնել է ամերիկահայ գործարար Հարություն Աջարյանը` Հայաստանի բնական քարերից եւ կավահողից դեկորատիվ սալիկներ եւ կերամիկա արտադրելու նպատակով, որոնք նախատեսված են տան ներքին եւ արտաքին հարդարանքի համար:
Ընկերության արտադրամասը բացվեց նախկին Երեւանի ավտոդետալների գործարանում, որտեղ երկաթյա հաստոցների փոխարեն հիմա կավահողի բլրակներն ու կավի թրծման վառարաններն են: Այդտեղ իրականացվում է աշխատանքի արտադրական մասը, իսկ արվեստանոցներում` ստեղծագործական:
Խճանկարի արհեստանոցը նկարիչների եւ դիզայներների հավաքատեղին է:
Արվեստանոցի սեղաններին դրված են Մարտիրոս Սարյանի կտավներից երկուսի դեռեւս անավարտ խճանկարները: Երկու նկարչուհիներ կավե սալիկների կտորներից կտոր-կտոր, մաս-մաս հավաքում են շոգ ամառվա եւ ասիական հեքիաթի բնապատկերներ: Յուրաքանչյուր խճանկարի համար օգտագործվում են հազարավոր գունային երանգներ ունեցող սալիկների մասնիկներ:
Կավե սալիկները ներկվում են տարբեր գույնի ջնարակով, հետո անհրաժեշտ գույնի սալիկից սղոցով կտրվում է մի կտոր, տաշվում այնքան, որ այդ կտորը դառնա մյուս հատվածների անբաժանելի մասնիկը: Երբեմն խճանկարը հավաքվում է քառակուսի հատիկներով: Որոշ կտավների դեպքում, երբ անհրաժեշտ է լինում ընդգծել նկարչի վրձնահարվածները կամ կավե կտորներով վերարտադրել քամուց թեքված ցորենի արտեր, կտրվում են ուղղանկյուն կամ երկարավուն մասնիկներ:
«Սարյանի «Համբույր» կտավը նկարված է ջրաներկով, եւ մի գույնի մեջ կան մի քանի երանգներ: Սկզբում չգիտեինք` ինչպես անել, որ խճանկարին էլ հաղորդենք այն թափանցիկությունն ու թեթեւությունը, որն ունի ջրաներկը, բայց հետո գտանք տարբերակ. մի գույնի սալիկը ներկեցինք տարբեր երանգային շերտերով եւ ստացվեց»,- աշխատանքի նրբությունների մասին պատմում է խճանկարի խմբի ղեկավար Գոհար Գուրզադյանը:
«Համբույր» կտավ-խճանկարի հեղինակը մասնագիտությամբ կինոռեժիսոր Նոնա Ավագյանն է: «Մանե Թայլս» նա եկել է երկու տարի առաջ` պատահաբար: Ասում է, որ երբեք չէր փնտրել նման աշխատանք, բայց հիմա այն նրա ոգեշնչման, ստեղծագործելու եւ զարգանալու աղբյուրն է: 10 ամիս շարունակ հավաքել է հայտնի գեղանկարիչ Գյուստավ Կլիմտի «Կույսեր» կտավի խճանկարը, որն ապշեցնում է իր մանրակրկիտ դետալներով եւ գունային բազմազանությամբ:
«Ամեն անգամ, երբ ավարտում եմ մի աշխատանք, այնքան եմ կապվում ու սիրում այն, որ մի տեսակ ափսոսում եմ, որ պիտի տանեն արվեստանոցից, պիտի վաճառվի»,- տխուր ժպտալով ասում է Նոնա Ավագյանը:
Նոնայի մատներին կան մարտկոցանման թղթե փաթաթաններ, որով նա պաշտպանում է մատները տաշող սարքերից: Օրվա ընթացքում մի քանի անգամ նորն է փաթաթում, քանի որ շատ շուտ մաշվում են: Նրա գործիքներն են մատիտը, աքցանը եւ տարբեր տեսակի տաշիչներ:
«Երբ նոր էինք սկսում խճանկար հավաքել, չկային համապատասխան գործիքներ: Եվ մենք ձեռքով էինք մշակում խճանկարի մասնիկները, հատուկ մկրատով կտրում էինք, այնքան էինք քարով տաշում, որ մեր ձեռքերի վրա վերքեր ու փուչիկներին էին լինում»,- պատմում է խճանկարի խմբի ղեկավարը:
Խճանկարների, սալիկների եւ այլ արտադրանքի գունային եւ նախշային բազմազանության խնդիրը վստահված է մեկ ուրիշ վարպետի` նկարիչ Արմեն Աթանյանին:
«Ես ոչ միայն ստեղծագործում եմ, այլ նաեւ փորձարկում,- ասում է նա, - ջնարակների փոշին իսկական փորձարարական նյութ է ստեղծագործողի համար: Որպեսզի կարողանամ իմ ուզած գույները ստանալ, ես պետք է ճիշտ խառնեմ տարբեր գույնի ջնարակներ: Երբեմն իմ ուզածն է ստացվում, երբեմն` լրիվ նոր բան: Հիմնական գույները 30-ն են, որոնց խառնուրդներից ստանում ենք մոտ 400 երանգ: Նույնիսկ գրամները նշանակություն ունեն, վառարանում ջերմաստիճանի աննշան տարբերությունը կարող է ազդել գույնի վրա»:
Նոր արտադրանքի առաջին նմուշն արհեստավորի հետ նա է պատրաստում: «Նախքան գործի անցնելը ես արդեն մտովի պատկերացնում եմ ինչպիսի բաղադրություն, տեսք, գույն եւ դիզայն պետք է ունենա նոր սալիկը կամ որեւէ կերամիկական արտադրանք: Մտքերս գրում եմ թղթի վրա. օրինակ` վերցնել որեւէ գույնի ջնարակ, ավելացնել 100 գրամ ջուր, ներկել կոնկրետ համարի վրձինով, որից հետոգ եւ այլն: Այսպես ամեն մի նոր արտադրանքի համար, կարելի է ասել, հատուկ բաղադրատոմս եմ գրում»,- պատմում է նկարիչը` ցույց տալով 600 բաղադրատոմսերի թղթապանակը: Ավանդաբար արտադրվող արտադրատեսակները 114-ն են:
Ջնարակներ ընկերությունը ներկրում է արտասահմանից: Այդ նյութերի պատրաստման տեխնոլոգիան շատ բարդ է եւ գաղտնի. Հայաստանում ջնարակ երբեք չի արտադրվել:
Ընկերության ցուցասրահում գրեթե հնարավոր չէ գտնել ամբողջությամբ միանման սալիկ, խճանկար, հուշանվեր: Փոխարենը կարելի է հայտնաբերել, ասենք, հայկական ժայռապատկերներով կավաբլիթ կամ ավազահատիկներով ծաղիկ-սալիկներ, գեղանկարիչ Գյուստավ Կլիմտի կտավի խճանկարները կամ էլ հայկական նախշերով գորգ` կավե սալիկներով:
«Մանե Թայլս»-ի արտադրանքը ստեղծվում է 20 տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց աշխատանքի արդյունքում` երկրաբաններ, նկարիչներ, ջնարակողներ, դիզայներներ, կավի թրծման մասնագետներգ
Երկրաբանների վերջին հայտնությունը ժանգագույն քարն է, որը նրանք այդպես էլ անվանել են` ժանգ: Նախկինում այն ոչ մի արտադրատեսակում չի օգտագործվել, հիմա «Մանե Թայլս»-ի մասնագետները փորձում են ինքնուրույն վերամշակել այն: 6 տարիների ընթացքում բազմաթիվ փորձարկումներից հետո արտադրության համար ընտրվել են մարմար, օնիքս, տրավերտին, տուֆ տեսակի քարերը: Արտադրությունում Հայաստանի 290 տեսակի կավերից օգտագործվում է միայն երեքը: Դրանք ընտրվել են տարիների փորձարկումների արդյունքում եւ համապատասխանում են միջազգային չափանիշներին` դիմացկուն են, անվտանգ, ջրակայուն:
«Մանե Թայլս»-ը ներկայացուցչություններ ունի ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ուր էլ արտահանվում է արտադրանքի 90 տոկոսը: Ընկերության գործադիր տնօրեն Էդիկ Մանուկյանն ասում է, որ արտահանման ծավալներն աճել են 5 անգամ` սկսած 2001 թվականից:
«Եթե տեղի ունենար միաչափ սպառում, ապա դրամի արժեւորումը կազդեր մեր գործունեության վրա, բայց մենք ունենք սպառման աճ, որովհետեւ մարդիկ սկսել են ճանաչել մեզ: Սպառումը կշատանար, եթե չլինեին նմանատիպ խնդիրներ: Որոշ արտադրատեսակներ ստիպված ենք եղել թանկացնել մինչեւ 20 տոկոս»,- բացատրում է պրն Մանուկյանը:
Իրենց գործի վարպետները նշում են, որ որքան շատ է արհեստավորի ձեռքը դիպել արտադրանքին, այնքան այն ավելի թանկ է: «Մանե Թայլս»-ի արտադրանքի 1քմ սալիկը գնահատվում է 150-200 ԱՄՆ դոլարից մինչեւ 3500- 4000 ԱՄՆ դոլար:
Հայաստանում «Մանե Թայլս»-ի արտադրանքը շատ ճանաչված չէ: Այդ պատճառով արտադրանքի 10 տոկոսն է սպառվում երկրում, 90 տոկոսը գնահատում են օտարերկրյա սպառողները: Վերջին տարիներին, սակայն, Հայաստանում նկատվում է հետաքրքրության աճ: Շատ շուտով Երեւանում կբացվի ընկերության արտադրանքի վաճառքի սրահը:
Մեկնաբանել