
Սեյրան Օհանյանը` Գորիսի դեպքի մասին. «Անպատժելիության մթնոլորտ չկա»
«Անպատժելիության մթնոլորտ, գտնում եմ, որ չկա»,- Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում անցկացված մամուլի ասուլիսում:
«Կարծում եմ, որ վերջին տարիների ընթացքում հետևողական աշխատանք է կատարվում նաև իրավապահ մարմինների կողմից հանրապետության նախագահի խիստ ցուցումների արդյունքում, և անպատժելիության մթնոլորտը կամաց-կամաց մոտենում է մինիմումի»,- հավելեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Սյունիքի այդ պահին մարզպետ Սուրեն Խաչատրյանի (մականունը` Լիսկա) տան մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը սպանվել էր, իսկ նրա եղբայրը` Արցախի զորամասերից մեկի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ինչպես նաև Սուրեն Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Գտնում եմ, որ այս դեպքը տեղի է ունեցել հենց միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, պահի ընթացքում ծագած»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա հունիսի 6-ին է այցելել Արտակ Բուդաղյանին, քանի որ մինչև այդ հանրապետությունում չէր: «Ես իր հետ կարճ զրուցել եմ դեպքի վերաբերյալ և չեմ ծանրաբեռնել, որովհետև վիրավոր վիճակում է գտնվում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը միջին ծայրության է: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր այդպիսի դեպքում իրեն ժամ առ ժամ զեկուցում են զինվորական կամ քաղաքացիական բուժհաստատություններում բուժվող վիրավորների, հիվանդների վիճակի մասին:
Սեյրան Օհանյանն իր և զինված ուժերի ղեկավարության անունից դատապարտեց նման միջադեպերը, մանավանդ երբ զենք է կիրառվում: Նախարարի խոսքով` այսպիսի վեճերը պետք է ավարտվեն խոսքով, և նման իրավիճակներում անձնական, մանավանդ իշխանավորի անձնական օրինակը կարող է համապատասխան ուղղություն տալ, որ խախտումներն ավելի քիչ լինեն:
«Համապատասխան քրեական գործ է հարուցված, ընդ որում, այդ ամենը գտնվում է զինված ուժերի քննչական ծառայության վարույթում և քննչական պետի անմիջական վերահսկողության ներքո է իրականացվում, և համապաստախան ելք կստանա»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Մեկնաբանել