
Փոքրիկը տապակում է կարտոֆիլն, ու հացի են նստում (վիդեո)
Մինչ 11-ամյա Ռոզան տապակում է իրենց հողամասում աճեցրած կարտոֆիլը, նրա երկու քույրերը, որ իրենից փոքր են, հավաքում են սենյակը` փորձելով հնարավորինս հարմարավետ դարձնել տունը: Երբ կարտոֆիլն ու մատնաքաշն արդեն սեղանին են, փոքրիկները սպասում են` երբ մայրը տուն կգա, իսկ հայրը, որ մշտապես նստած է աթոռին, կհանգցնի վերջին ծխախոտն ու կնստեն հացի:
Ռոզայենց ընտանիքն ապրում է Ապարանի շրջանի Արագած գյուղում: Բոլորը նրա հորը` Գառնիկին, ճանաչում են որպես վարկերից տուժածի եւ նեղ վիճակում հայտնվածի: Դեռ 4 տարի առաջ նա վարկ էր վերցրել` կոշիկի իր արտադրությունը խթանելու համար:
«Կոշիկ էի կարում. մեծածախ պատվեր կար` մոտ 150 զույգ, որոշեցի վարկ վերցնել, մատերիալ առնել, կարել: Վերցրեցի, կոշիկները կարեցի, բայց չեկան պատվերը տանելու. Խաբեցին»,- պատմում է Գառնիկն ու վառում հաջորդ ծխախոտը:
Գառնիկը չի կարողացել մարել 500 հազար դրամ վարկը, համագյուղացի վարկառուներն են փոխօգնության միջոցով մարել այն: Երկրորդ անգամ է վարկ վերցրել` համագյուղացիների պարտքը վերադարձնելու համար:
Կոշիկի գործից հիասթափվելուց հետո Գառնիկը մինչ այսօր չի աշխատում: Փորձել է աշխատանք գտնել, բայց գյուղում աշխատատեղ չկա: Որոշ ժամանակ ապրել են Երեւանում, սակայն տան վարձը վճարել չկարողանալու պատճառով կրկին վերադարձել են գյուղ` ժամանակավորապես բնակվելու իրենց բարեկամի ոչ բարվոք վիճակում գտնվող տանը:
Վարկերի ու փող չլինելու մասին բազմաթիվ խոսակցություններին ամեն օր ներկա գտնվող փոքրիկները խաղում են` ինչով պատահի: Նրանք կարծես չեն դժգոհում, որ խաղալիք չունեն, բայց կերազեին արջուկ, նապաստակ ու տիկնիկ ունենալ: Երբ փոքրիկները դպրոցից տուն են վերադառնում, նախ հավաքում են խոնավ սենյակը, կրակին դնում հերթական տապակած կարտոֆիլն ու սկսում գրքերով «դասատու-դասատու» խաղալ, երբեմն էլ իրենց խաղին ներգրավում են հորը, մինչ մայրիկը կգա: Իսկ մայրիկը` Աստղիկը, ամբողջ օրը դրսում է. փորձում է տարբեր գործեր գտնել, որ կարողանա օրվա հացի գումարը վաստակել:
Աստղիկն ամենից կարեւոր է համարում սեփական տուն ունենալը. «Մի տուն եթե ունենանք, մնացած ամեն ինչն էլ կլինի, կաշխատենք, լավ կլինի: Այս տանը ժամանակավոր ենք ապրում, բացի այդ` մի փոքրիկ սենյակում ենք տեղավորվում բոլորս: Ուրիշ սենյակներ էլ կան, բայց քանդված են, մտնել հնարավոր չէ»,- ասում է նա: Այս ընտանիքը գոյատեւում է հողամասում աճեցված կարտոֆիլի, պետության կողմից հատկացվող նպաստի եւ փոխադարձ հարգանքի ու համերաշխության շնորհիվ:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել