
Ազատամարտիկները վաղը կորոշեն՝ շարունակե՞լ նստացույցը Ազատության հրապարակում, թե՞ ոչ (լուսանկար)
Հունիսի 6-ին՝ կառավարության նիստի օրը, իրենց սոցիալական պայմանների բարելավում պահանջող ազատամարտիկները բողոքի երթով գնալու են կառավարության շենքի մոտ՝ կառավարությունից իմանալու, թե ինչ փուլում է իրենց պահանջների կատարումը: Այս մասին «Հետքին» հայտնեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Նա ենթադրեց, որ երթին կմասնակցի 200-300 ազատամարտիկ. ազատամարտիկներն հատուկ չեն կանչել՝ մասնակցելու ակցիային, այլ միայն տեղեկացրել են, որ երթ է լինելու: Բացի ազատամարտիկներից՝ երթին մասնակցելու են ուսանողներ և այլ քաղաքացիներ, ովքեր պարզապես սատարում են Արցախյան պատերազմի մասնակիցների պահանջները:
Հունիսի 4-ից ազատամարտիկները շուրջօրյա նստացույց են անում Ազատության հրապարակում: Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ այս երկու օրվա ընթացքում մոտ 300 ազատամարտիկ է մասնակցել նստացույցին, ամեն մեկը՝ տարբեր տևողությամբ: Ըստ կառավարության առջև հունիսի 6-ին անցկացնելիք ակցիայի արդյունքների՝ ազատամարտիկները կորոշեն՝ շարունակե՞լ նստացույցը ևս 3 օրով, թե՞ ոչ:
Ազատամարտիկների բողոքի ակցիան սկսվել էր մայիսի 11-ին Ազատության հրապարակում եռօրյա նստացույցով: Մայիսի 13-ին ազատամարտիկները նամակ էին հանձնել կառավարությանը՝ պահանջելով ընդունել ազատամարտի, ազատամարտիկների մասին օրենք և այդ օրենքով ամրագրել սոցիալական երաշխիքներ ազատամարտիկների, պահեստազորի սպաների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Կառավարությունը նամակն ուղարկել էր պաշտպանության, հետո ֆինանսների նախարարություններ:
«Դրանից հետո մեր ազատամարտիկների խմբով հատուկ հանդիպել ենք նախարարին պաշտպանության նախարարությունում և մանրամասն իրար հետ զրուցել ենք մեր խնդիրների վերաբերյալ: Այս օրերի ընթացքում ևս մեկ անգամ նախարարի կողմից կառավարությանը ներկայացվել են մեր պահանջները և քննարկման փուլում են»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:
Պահեստազորի գնդապետի խոսքով՝ ազատամարտիկները մի քիչ էլ կսպասեն. «Խնդիր չունենք սպասել. կարևորը՝ հասնենք մեր նպատակին»: Արդյունքի չհասնելու դեպքում նրանք հնարավոր է՝ անեն ցույցեր, բողոքի այլ ակցիաներ:
Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իրենք, մասնավորապես, պահանջում են հաշմանդամ դարձած ազատամարտիկների, ինչպես նաև երկարաժամկետ ծառայությունից հետո թոշակի անցած ազատամարտիկների ու սպաների կենսաթոշակի կրկնապատկում, կոմունալ վարձերի զեղչեր, բժշկական սպասարկման երաշխիքներ:
Վոլոդյա Ավետիսյանի խոսքով՝ ազատամարտիկները, ովքեր պատերազմից հետո չեն շարունակել զինծառայությունը, պետական որևէ արտոնությունից չեն օգտվում: «Իսկ ովքեր ծառայությունը շարունակել են, զորացրվել են (եթե պատերազմին մասնակցել են), 5 հազար դրամ ստանում ենք պատերազմին մասնակցելու համար և զինվորական թոշակը»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը: Միջին զինվորական թոշակը 60-70 հազար դրամ է:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել