
Զարուհի Փոստանջյանը՝ վարչապետին. Սուրեն Խաչատրյանն արձակուրդի՞ մեջ է
Պատգամավորական հարցում
Հարգելի պարոն Սարգսյան,
Սույն թվականի հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի և նրա եղբորը՝ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանին ծանր հրազենային վնասվածքներ պատճառելու հետևանքով 03.06.2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը syunik.gov.am կայք-էջում հանդես է եկել հետևյալ հատարարությամբ` «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Մանրամասները՝ այստեղ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ խնդրում եմ հնարավորինս շտապ տրամադրել պատասխան հետևյալ հարցերի վերաբերյալ.
- ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակո՞ւմ է կատարել մարզպետի լիազորությունները, թե՞ ոչ:
- Վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին Դուք տեղեկացվա՞ծ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վերադաս մարմնի մասին է հայտարարում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և որո՞նք են այդ թույլտվության իրավական հիմքերը:
- ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի՞ մեջ, թե՞ ոչ:
- ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին որևէ փաստաթուղթ ներկայացրե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել փաստաթղթի պատճեն:
- ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա՞ է, թե՞ ոչ, եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել որոշման պատճեն:
- ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում, եթե առկա է, ապա այն, համաձայն ՀՀ Սահմանադրության 88.1 հոդվածի, ուղարկվե՞լ է վավերցաման, թե՞ ոչ:
Զարուհի Փոստանջյան
ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության քարտուղար,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել