
«Այն արտիստները, որոնք գալիս են Հայաստան, զիջումների են գնում հոնորարի հարցում»
«Հայաստանը, բնականաբար, կարիք ունի մեծ երաժիշտների, կատարողների: Նրանք պետք է դուրս գան համապատասխան միջավայրից», - «Հետքի» հետ զրույցում ասում է «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Ապրիլին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով մեկնարկած «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային փառատոնը հունիսին ներկայացնելու է էստոնական հայտնի «Հորտուս Մուզիկուս» նվագախումբը (թարգմանաբար` երաժշտական այգի): Համերգի ժամանակ նվագախմբի ղեկավար և դիրիժոր Անդրես Մուստոնենը ղեկավարելու է նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը:
Հայաստանում ելույթ է ունենալու նաև Գրեմմիի արժանացած Էստոնիայի ազգային տղամարդկանց նվագախումբը:
Ս. Հովհաննիսյանի խոսքերով` ի սկզբանե փառատոնի նպատակն է եղել Երևանը դարձնել Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներից մեկը, և որ այն լինի հավասարազոր մրցակից համաշխարհային մշակույթի դաշտում: Այդ պատճառով էլ կազմակերպիչները փորձում են Հայաստան բերել աշխարհի ամենահայտնի երաժիշտներին, նվագախմբերին ու կատարողներին: Նա հիշում է, որ Եվգենի Կիսինի համերգից հետո մերձբալթյան երկրների փառատոների կազմակերպիչները դիմել էին իրենց` երաժշտի մոտ «բարեխոսել իրենց համար»: Իսկ հոկտեմբերին Նիդերլանդների թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի ելույթը լսելու համար Երևան էր ժամանել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը:
«Հենց սկզբից դրվեց շատ բարձր նշաձող, որ անկախ հնարավորություններից ու պայմաններից՝ Հայաստան պետք է գան մեծանուն երաժիշտներ, որոնք իրենց հերթին դառնալու են մեր երկրի լավագույն ընկերները, աջակցելու են թե' հայ երաժիշտներին, թե' համարվելու են մեր երկրի բարեխոսները դրսում»,- ասում է Սոնա Հովհաննիսյանը:
Այն հռչակավոր երաժշիտները, որոնք գալիս են Հայաստան, տեղի հայ երիտասարդների համար նոր կապեր, ծանոթություններ ու համագործակցություն հաստատելու հնարավորություն են ստեղծում: Իսկ նրանք այն մարդիկ են, ովքեր երաժշտության ոլորտում համաշխարհային մակարդակով «բացում ու փակում են դռները»:
«Տաղանդներ կան, կլինեն, բայց աճելու համար պետք է նման միջավայր լինի, շփվեն նման մարդկանց հետ ու լսեն նրանց կատարումները կենդանի: Հնարավորություն է ստեղծվում շփվել մարդկանց հետ, ում միայն ձայնասկավառակով են լսել և հեռուստացույցով դիտել»,- ասում է Սոնան:
Աշնանը Հայաստան կժամանեն նաև Դմիտրի Խվորոստովսկին, Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը՝ իր ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի հետ: Իսկ դեկտեմբերին Երևան կայցելի նաև իտալացի հայտնի դիրիժոր Կլաուդիո Աբադոն: Ս. Հովհաննիսյանի խոսքերով` դա անհավանական ծրագիր է, և շատերն են ապշած, որ Կ. Աբադոն ելույթ է ունենալու Հայաստանում:
«Հաջողության գրավականը մեր մեծ ցանկությունն ու նվիրվածությունն է և ոչ մի խոչընդոտի առջև չկանգնելը: Բացի այդ` աշխատանքի մեջ երբեք որակի խեղաթյուրում չի եղել. ոչ մի կոմպրոմիս որակի հարցում»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:
Վերջինս խոստովանում է, որ հեշտ չէ նման անհատների բերել Հայաստան. այդ ամենը երկար դիվանագիտական բանակցությունների արդյունք է: Չնայած՝ հիմա համեմատաբար հեշտ է, քանի որ արդեն Հայաստան ժամանած երաժիշտները «մեկը մյուսին երաշխավորում են»:
Անդրադառնալով փառատոնի ֆինանսական կողմին` փառատոնի գլխավոր մենեջերն ասում է. «Մենք շատ համեստ ֆինանսական ռեսուրսներ ունենք: Այն արտիստները, որոնք գալիս են Հայաստան, անպայման զիջումների են գնում հոնորարի հարցում: Դրանք ևս մեծ գումարներ են, բայց նրանք իրենց հոնորարներն ամբողջությամբ չեն ստանում»:
Ս. Հովհաննիսյանի խոսքերով` փառատոնը փորձում է «իր համեստ բյուջեի միջոցով» տարվա մեջ մեկ կամ երկու խոշոր նվագախումբ հրավիրել Հայաստան: Դա մեծ գումարների հետ է կապված, վարձվում է առանձին ինքնաթիռ, հաճախ առանձին ինքնաթիռ է պետք լինում նաև գործիքների համար:
«Լավ է, որ ՀՀ նախագահը գնահատել է փառատոնի նշանակությունը և ամեն տարի որոշակի կայունություն է մտցնում փառատոնի գործունեության մեջ: Քեզ մեկ փամփուշտ են տալիս, և հենց նշանակետին պետք է խփես», - ասում է Սոնա Հովհաննիսյանը:
Մեկնաբանել