
Երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիր կա
«Վերջին տարիների ընթացքում անշարժ գույքի շուկան գրանցեց աննախադեպ գների աճ, գները հասանելի չէին շատ քաղաքացիների համար»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց սպորտի և երիտասարդության հարցերով փախնախարար, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանը:
Այժմ իրականցվում է երիտասարդ մասնագետներին բնակարաններով ապահովելու ծրագիրը: Դիմողները պետք է լինեն մինչև 30 տարեկան, նվազագույնը 3 տարի աշխատանքային փորձ ունեցող և վճարունակ երիտասարդ մասնագետներ: Քարամյանը նշեց, որ դիմողներին առաջարկվում են արտոնյալ պայմաններ. բնակարանը լինելու է շուկայական գներից 2,1 անգամ էժան, 1 քմ-ն արժենալու է 185 հազար դրամ և միանգամից պատրաստ է լինելու բնակվելու համար: Մինչ այժմ եղել է 450 դիմում, սակայն բնակարաններով հնարավոր է լինելու ապահովել միայն 300-ին: Դիմել են 74 լրագրող, 104 մանկավարժ, մոտ 145 բժիկ, 9 մարզիկ, ինչպես նաև ԳԱԱ գիտահետազոտական 37 ինստիտուտներից շուրջ 242 երիտասարդ գիտնականներ:
Քարամյանը չբացառեց, որ դիմողների մեջ կլինեն նաև մարդիկ, ովքեր հետագայում կճանաչվեն անվճարունակ և ծրագրին չեն մասնակցի: Քանի որ դիմողների մի մասը բնակարանը ձեռք է բերելու վարկով, այդ պատճառով Կենտրոնական բանկի հետ համատեղ անցկացվել է մրցույթ` որոշելու, թե որ բանկն է վարկեր տրամադրելու շահառուներին: Եթե բանկը որևէ շահառուի ճանաչի ոչ վարկունակ, ապա նա դուրս կմնա ծրագրից, և նրա փոխարեն ծրագրին կմասնակցի հերթի մեջ սպասող այլ դիմող: Վարկունակությունը որոշվում է ձեռք բերվող գույքի արժեքի համապատասխան:
Ըստ ծրագրի` շահառուն պետք է 10-օրյա ժամկետում վճարի 200 հազար դրամ կանխիկ, այնուհետև 10-օրյա ժամկետում նրա հետ կնքվելու է անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, որից հետո նոր մրցույթում շահած բանկը գնահատելու է շահառուի վարկունակությունը: Եթե շահառուն ճանաչվի ոչ վարկունակ, ապա նրան հետ է վերադարձվելու նրա կանխավճարը: Իսկ շահառուի վարկունակության դեպքում վերջինս պետք է վճարի 20 % կանխավճար, 1 տարվա ընթացքում ձևավորվելու և տրամադրվելու է վարկը, և դրանից 7 ամիս անց շահառուն կարող է օգտագործել իր բնակարանը:
Ըստ ծրագրի պայմանների` պետք է լինի 9.5-10 % տարեկան տոկոսադրույք, միչև 20 տարի մարման ժամկետ և 20 % կանխաճար:
«Չի կարող էդպիսի բան լինել, որ շենքը չկառուցվի: Չի՛ կարող»,- հայտարարեց Քարամյանը: Նրա խոսքերով` մինչև այս շաբաթվա վերջ պարզ կլինի, թե որտեղ է կառուցվելու լրագրողների համար նախատեսված շենքը: Իսկ բնակարանների մուտքը, հարկը որոշվելու է վիճակահանությամբ:
Քարամյանը նկատեց, որ չնայած այժմ աշխատավարձերը ցածր են, բայց միաժամանակ կա որոշակի վճարողունակություն: Իսկ այն հարցին, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում երիտասարդների արտագաղթը կանխելու համար, Քարամյանը պատասխանեց, որ «այդ հարցերով տեղին չէ դիմել փոխնախարարին»: Բայց միաժամանակ այժմ «ԵՊՀ շրջանավարտների միավորման» դուստր ընկերությունը` «Նյու Թեքըն»-ը, աշնանը պայմանագիր է կնքելու «Կոյո» ընկերության հետ` Սպիտակ քաղաքում վերելակների գործարան հիմնելու համար: Վերջինս ճապոնական կապիտալով Շանհայում և Մալազիայում գործունեություն ծավալած ընկերություն է, որը 3 տարվա ընթացքում ներդնելու է 5 մլն դոլար: Նրան են պատկանելու բաժնետոմսերի 70 %-ը, մնացածը` «Նյու Թեքըն»-ին: Գործարանում նախատեսվում է ունենալ մինչև 130 աշխտատեղ` մինչև 160 հազար դրամ աշխատավարձով:
«Առաջին արտադրանքն ուզում ենք, որ 2012 թ.-ի մայիսին լինի»,- ասաց Քարամյանը:
Մինչև 2013 թ.-ի փետրվարը նախատեսվում է բնակարաններով ապահովել 1300 երիտասարդ ընտանիքի: Մինչև հիմա բնակարաններով ապահովվել է 315 ընտանիք` բոլորը Երևանում:
Քարամյանի փոխանցմամբ` 2008 թ.-ի դրությամբ ՀՀ-ում 6000 երիտասարդ ընտանիք նոր բնակարան ունենալու ցանկություն է հայտնել, որոնց մի մասը ոչ թե բնակարան չունեցող, այլ բնակֆոնդը բարելավել ցանկացողներ են:
«Նրանց գոնե կեսը հստակ, իրապես ունի բնակարանով ապահովվելու շտապ խնդիր»,- նշեց Քարամյանը:
Մեկնաբանել