
Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնում են, իսկ որակն ու վատ սպասարկումը թողնում նույնը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս իր իսկ նախաձեռնությամբ հանդես եկավ էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու առաջարկով: Բնականաբար, վերանայումը վերաբերում է գնի բարձրացմանը: Նախնական տվյալներով՝ ներկայիս 30 դրամի փոխարեն 1կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը առաջիկայում կկազմի 37-38 դրամ: Սա հանձնաժողովին օրենքով վերապահված լիազորություններից մեկն է, սակայն հանձնաժողովն ունի նաև այլ լիազորություններ, որոնք նույն ջանասիրությամբ չի կատարում:
Մասնավորապես, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում 23 էլեկտրասյուն վթարային վիճակում է, և մինչ օրս դժբախտ դեպքերի բացակայությունը զուտ պատահականություն է: Գյուղում կա մի քանի փողոց, որտեղ սպառողները էլեկտրաէներգիա ստանում են ինքնաշեն սյուների միջոցով: Այդ սյուներն էլ տեղադրված են իրարից մոտ 100 մետր հեռավորության վրա, և թեթև քամու ժամանակ էլեկտրալարերը կպչում են իրար և կարճ միացում առաջացնելով՝ հոսանքազրկում թաղամասերը:
Այս գյուղում նույնիսկ թեթև անձրևը կարող է էլեկտրաէներգիայի անջատման պատճառ դառնալ, ինչից տուժում են հատկապես խանութատերերը: Նրանք ամառվա սեզոնին՝ անջատումների ժամանակ, պաղպաղակն ու մսամթերքը ստիպված տանում են հարևան գյուղի ծանոթների տները, մինչև վերականգնվում է էլեկտրաէներգիան: Բայց քանի որ, ի տարբերություն մայրաքաղաքի, գյուղերում անջատումները լինում են հիմնականում առանց պատշաճ ծանուցման, ուստի չի բացառվում, որ խանութատերերը նույն գործողությունը կատարեն օրը 3-4 անգամ:
Աղավնատան Վիրաբյան և Թումանյան փողոցներում խորհրդային տարիներից ժառանգություն մնացած սյուներին վերջին «շունչ» են փորձում տալ: Գյուղացիները սյուները կապել են ծառերից, որպեսզի չտապալվեն գետնին: Իսկ Ռոզա Ավագյան փողոցի սկզբնամասում գրեթե ամեն տարի՝ Ամանորի գիշերը, մարդիկ մի քանի ժամ առանց էլեկտրականության են մնում, քանի որ մալուխները տարբեր լարման են և չեն դիմանում ծանրաբեռնվածությանը:
Խնդրի մասին էլցանցերի ղեկավարությանը տեղեկացրել է նաև Աղավնատան համայնքապետ Աշոտ Գրիգորյանը: Նա 2012թ. հուլիսի 31-ին նամակ է ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, պատճենը' «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, աղավնատունցիների հետ հանդիպման ժամանակ տեղեկանալով խնդրի մասին, էլցանցի աշխատակիցներին նույն ամսում բանավոր հանձնարարել է 10-օրյա ժամկետում վերացնել թերությունները:
Այս տարվա մարտի 5-ին Աղավնատան համայնքապետը դարձյալ նամակ է գրել Էլցանցերի Էջմիածնի բաժնի պետին՝ տեղեկացնելով, որ վթարային վիճակում են բարձր լարման 47-01 ենթակայանի սնումը, 04 լարման բոլոր ենթակայանների տարածքում գտնվող էլեկտրական սյուները և այլն:
Էլեկտրացանցի բանավոր խոստումներն այդպես էլ մնացել են խոստում, և առաջընթաց չկա:
«Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բոլոր դիմում-բողոքները, առաջարկներն իրենք հասցեագրում են գլխամաս, քանի որ մասնաճյուղն ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չունի:
Դավիթ Ղազինյանն ասաց, որ սպառողը պետք է ստանա որակյալ էլեկտրաէներգիա, բայց համայնքներն էլ պետք է հասկանան, որ ամբողջ հանրապետության էլեկտրահամակարգը հիմնանորոգելու համար անհրաժեշտ է 150 մլրդ դրամ, և այդ ծավալի աշխատանքներ հնարավոր չէ միանգամից կատարել:
Տնօրենն ասաց, որ ամեն տարի Արմավիրի մարզի մեկ գյուղում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացնում: Դավիթ Ղազինյանը նշեց, որ մինչև 2009թ., երբ քաղաքացին էլէկտրաէներգիա ունենալու համար դիմել է էլցանցին, ստացել է միայն տեխնիկական պայման, իսկ ինքնաշեն հենասյուները տեղադրել է իր ուժերով, այդ պատճառով էլ այժմ խնդիրներ են առաջացել: Նրա խոսքով՝ այդ վիճակում են գրեթե բոլոր գյուղերի նորակառույց թաղամասերը:
«Էլեկտրացանցին մեղադրել, որ այդ ամեն ինչը չի փոխում, իմ կարծիքով ճիշտ չի լինի»,- ավելացրեց Դ. Ղազինյանը:
Տնօրենը նշեց, որ 2012թ. Աղավնատուն գյուղում բավականին աշխատանքներ կատարվել են, իսկ 23 հենասյուներն իրենց մոտ հաշվառված են, այդ թվում սյուների ներքնամասերի 8 բետոնե դրոցները, որոնք քայքայված են և ենթակա են փոխվելու:
Նրա ասելով' այս տարվա ներդրումային ծրագրով Աղավնատուն գյուղի համար ոչինչ նախատեսված չէ, իսկ 2014թ.նախատեսված են 47-02 ենթակայանի ամբողջությամբ ապամոնտաժում և նոր ենթակայանի կառուցում:
Պաշտոնական տվյալներով՝ միայն ապրիլին բարձր լարման կայանից գյուղի էլեկտրաէներգիան անջատվել է 5 անգամ, իսկ մոտ 20 անգամ անջատվել է տարածքային կետից: Տնօրենը հավաստիացրեց, որ մասնագետներ կուղարկի Աղավնատուն, և անհրաժեշտ չափումներ կարվեն, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր կտուժեն էլեկտրաէներգիայի տատանումներից, ընկերությունը պատրաստ է վերանորոգել շարքից դուրս եկած էլեկտրական տեխնիկան, ընդհուպ այն փոխել նորով:
Նշենք, որ Դավիթ Ղազինյանի հետ հեռախոսազրույցից հետո գյուղի էլեկտրաէներգիան գրեթե չի անջատվում: Թե որքան կշարունակվի այս վիճակը, դժվար է ասել:
Հարկ ենք համարում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը մի պահ շեղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրից և այն ուղղել դեպի սպառողները:
Մասնավորապես, ըստ ոլորտը կարգավորող օրենքի՝ հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է կարգավորող մարմնի կողմից օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը:
Եթե հանձնաժողովը մտահոգ է ընկերության վնասներով և դրանից ելնելով՝ սակագին է բարձրացնում, ապա նույն եռանդով պետք է աշխատի, որ սպառողը ստանա որակյալ և անխափան էլեկտրաէներգիա: Հակառակ դեպքում ստացվում է, որ հանձնաժողովի համար էլցանցերի շահն ավելի գերակա է, քան սպառողինը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել