
Հարություն Խաչատրյան. «Փորձելու ենք բացել Կինոմոսկվայի ամառային դահլիճը»
«Մենք գնում ենք դեպի 10-րդ «Ոսկե ծիրանը», և, կարծում եմ, որ այն պետք է լինի շատ փայլուն և իսկապես հոբելյանական «Ոսկե ծիրան»», - այսօր հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այս տարվա հուլիսի 7-14-ին կանցկացվի «Ոսկե ծիրան» 10-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Մշակույթի նախարարը շատ բարձր գնահատեց կինոփառատոնի առկայությունը Հայաստանի մշակութային կյանքում: Նրա կարծիքով` այս տարիների ընթացքում «Ոսկե ծիրանը» դրել է մի նշաձող, որին փորձում են հասնել մյուս բոլոր փառատոները: Հ. Պողոսյանը նշում է, որ երբ զրուցում է արտերկրի իր գործընկերների հետ, առաջին հերթին նրանք նշում են` դուք «Ոսկե ծիրան» ունեք:
Նախարարին ուրախացնում է ոչ միայն այն հանգամանքը, որ ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը, եւ ավելացել մասնակիցների թիվը, այլև այն, որ փառատոնի թիմը շատ միասնական է, և նրանք կարողացել են համատեղ ջանքերով հասնել հոբելյանական փառատոնին:
«Փառատոնին բոլորը ցանկություն ունեն մասնակցել, սպասում են, և տեղերը միշտ չեն բավարարում, դահլիճ մտնելու համար միշտ պատերազմ է՝ լավ իմաստով», - ասում է Հ. Պողոսյանը:
«Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են փառատոնի կայացմանն ու զարգացմանը: Սակայն կարծում է, որ ամենամեծ գաղտնիքը հայ ժողովրդի մեջ է: Ոչինչ չէր նպաստի իրենց հաջողությանը, եթե հայ ժողովուրդը նման ջերմությամբ չընդուներ արտերկրյա հյուրերին: Այնուհետև վերջիններս իրենց հարցազրույցներում և սոցցանցերում արած գրառումներում հիացմունքով են արտահայտվում Հայաստանի մասին: Հ. Խաչատրյանի կարծիքով` այդ մարդիկ արդեն դառնում են Հայաստանի դեսպանները:
Միաժամանակ Հ. Խաչատրյանը բարձրացրեց կինոդահլիճների և կինոթատրոնների սակավության հարցը, ինչը խոչընդոտում է կինոյի զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի փորձելու են բացել «Կինոմոսկվայի» ամառային դահլիճը, որի համար Գերմանիայից ինժեներ են հրավիրել:
Կազմակերպիչները հույս ունեն տոնել «Ոսկե ծիրանի» առնվազն 20-րդ հոբելյանը: Իսկ մինչ այդ` այս տարի, փառատոնին ներկա են լինելու այնպիսի մարդիկ, ովքեր համարվում են ժամանակակից կինոյի, կինոդպրոցի, կինոմտքի զարգացման սյուները:
Կազմակերպիչները չեն ցանկանում բացել բոլոր գաղտնիքները: Սակայն հայտնի է, որ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Իշտվան Սաբոն: Հունգարացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, գրող Իշտվան Սաբոն Եվրոպական կինոակադեմիայի անդամ է, ինչպես նաև Օսկարի և Կաննի կինոփառատոնի դափնեկիր: Իսկ վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան, ով 2010 թ.-ին «Ոսկե ծիրանում» արժանացել է 2-րդ մրցանակին, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի FIPRESCI մրցանակին:
Այս տարի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ արտիստի աստղը: Կազմակերպիչները հրավիրել են Շառլ Ազնավուրին այդ արարողությանը, և հույս են հայտնում, որ նրա առողջական վիճակը թույլ կտա ներկա լինել փառատոնին:
Մեկնաբանել