
Տաշիրի խողովակներն ապամոնտաժում է «ՀայՌուսգազարդը»
«Հետքն» անդրադարձել էր, որ ավելի քան մեկ ամիս է` Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտ` Տաշիրի մերձակա դաշտերում, փորում հանում են խողովակները: Լուսանկարներն արվել էին Ստեփանավան քաղաքի կամրջի վրայից եւ Ստեփանավան-Տաշիր ճանապարհից դեպի հյուսիս ընկած տարածքում:
Պարզեցինք, որ այդ խողովակներն ապամոնտաժում են «ՀայՌուսգազարդի» աշխատակիցները:
Ընկերության Լոռու ԳԳՄ տնօրեն Վարդան Բաղդասարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ գազատարները կառուցվել են 1990-1991թթ., սակայն շինարարությունը չի ավարտվել, քանի որ շատ գումարներ են պահանջվել:
Վարդան Բաղդասարյանի խոսքերով` այն խնդիրը, որ պետք է լուծվեր այդ խողովակներով ընկերությունը կարողացել է համեմատաբար փոքր ծախսով կարգավորել եւ ամբողջ Տաշիրի տարածաշրջանն ապահովել միջին ճնշման գազատարներով:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ խողովակները եղել են ջրատար, Վարդան Բաղդասարյանը նշեց, որ այդ խողովակներով ջուր չի մատակարարվել: «Սկզբում ջրմուղը մտածել է, թե դրանք իր խողովակներն է, եկել են, որ ապամոնտաժեն, սակայն, ժամանակին տեր ենք կանգնել մեր եղածին եւ պարզվել է, որ դա նստած է մեր բալանսին»,-ավելացրեց Վ. Բաղդասարյանը:
Նրա ասելով նշված խողովակների երկարությունը 9736 գծամետր է:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանն էլ ասաց, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն իրենց էլ է հավաստիացրել, որ ապամոնտաժվող խողովակները իրենց սեփականությունն է: «Դա իրենց խողովակներն են եւ մեզ ասել են, որ դրանք հանում են հետագա ծրագրերի համար»,-ավելացրեց Սամվել Խալաթյանը:
Մեկնաբանել