
Հստակ ժամանակահատված՝ «Հայռուսգազարդի» հայտում. գազի վերանայված սակագինը կգործի մինչև 2014թ. հունիսի 31
Հայտը, որով «Հայռուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 67 տոկոսով, հստակ ժամանակահատված ունի՝ մինչև 2014թ. հունիսի 31-ը: Այսօրվա քննարկման ժամանակ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծիք հայտնեց, որ հայտնում հստակ ժամանակահատված նշելով՝ «Հայռուսգազարդը» «իրեն տեղ է թողել», որ ուղիղ 1 տարի հետո կարողանա իրավունք վերապահել նորից վերանայել գազի գինը:
«Չգիտեմ՝ որ ուղղությամբ՝ նվազեցնելո՞ւ, թե՞ ավելացնելու, կյանքը ցույց կտա: Բացի դրանից էլ՝ եթե մենք հիմա գալիս-հասնում ենք համարյա 500 դոլարի համարժեք արժեքի, ապա մենք միջազգային գներին հավասար գին ենք ստանում, և եթե միջազգային շուկաներում էական փոփոխություններ չլինեն, ենթադրում եմ, որ պիտի չլինի»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ քանի որ գազի սակագնի բարձրացման վրա ազդել են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոններ, և «Հայռուսգազարդն» էլ հայտի հենց սկզբում հստակ նշել է, թե իր առաջարկած փաթեթը որ ժամանակահատվածին է վերաբերում, հետևաբար դեռևս հայտնի չէ, թե ինչ կլինի 2014թ. հունիսի 31-ից հետո:
2012թ., երբ գազի թանկացման մասին միայն խոսակցություններ կային, և «Հայռուսգազարդը» դեռ հայտ չէր ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ ընկերությունը 2013թ. կդիմի գազի սակագնի վերանայման հայտով:
Այսօրվա քննարկման մյուս բանախոսին՝ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանին հարց ուղղվեց, թե այսօր կարո՞ղ եք ասել՝ օրինակ, հաջորդ տարի ևս «Հայռուսգազարդը» կդիմի՞ սակագինը մի քիչ էլ բարձրացնելու հայտով:
«Երևի պետք է «Հայռուսգազարդին» ուղղեք այդ հարցը: Բայց եթե որևէ մակրոտնտեսական խնդիրներ փոխվեն, իհարկե կդիմի»,- պատասխանեց Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 14-ին «Հայռուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով 1 խոր./ մետր գազի համար ներկայում գործող 132 դրամը դարձնել 221 դրամ: Այսօր Գարեգին Բաղրամյանը հիմնավորված համարեց, որ հաշվի առնելով կառավարության կողմից 30 տոկոսանոց սուբսիդավորումը` մինչև 10 հազար խոր./մետր գազ օգտագործողների համար 1 խոր./մետր գազի սակագինը բարձրանա 24 դրամով (մոտ 20 տոկոսով)՝ դառնալով 156 դրամ:
Գագիկ Մակարյանին հասկանալի չէ, թե ինչպես էր հայտը ստանալուց 5 օր անց՝ մայիսի 20-ին, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն արդեն հայտարարել, որ սակագինն աճելու է հենց այդ նույն 20 տոկոսով:
«5 աշխատանքային օրվա ընթացքում հասցնել և փաթեթի լիարժեքությունը ստուգել, և 790 էջը գնահատել, մի քիչ ինձ համար, իհարկե, ուրախալի էր, որ այդքան օբյեկտիվ և այդքան արագ եք ուսումնասիրել, բայց, այնուամենայնիվ, կարծում էի, որ այստեղ ավելի հայտարարությունը ուղղված է հենց հանգստացնելու իրավիճակը, որ մոտավորապես այդ սահմաններում է լինելու գինը: Այսինքն՝ այստեղ քաղաքական գործոնը գոյություն ունի»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Գարեգին Բաղրամյանն արձագանքեց, որ հրատապ հաշվարկը պայմանավորված էր նրանով, որ դեռևս 2012 թ.-ից հանձնաժողովը տեղյակ էր շրջանառվող լուրերից, որ ներմուծվող գազի գնի փոփոխության վերաբերյալ բանակցություններ են ընթանում, ուստի չի սպասել պաշտոնական հայտի մուտքին և «Հայռուսգազարդի» հետ ուսումնասիրել է ամբողջ հայտի փաթեթը:
«Հանձնաժողովը փորձել է ընկերության հետ բոլոր ճշգրտումները անել և ծախսային հոդվածներով և կատարված կապիտալ ներդրումների մասով՝ սակագնի ներմուծման գինը սահմանին ունենալու դեպքում ավելի արագ արձագանքելու համար»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Գագիկ Մակարյանը քաղաքական պատճառ է տեսնում նրանում, որ գազի սակագնի փոփոխության հայտը ներկայացվեց ընտրություններից հետո, և ընդգծում, որ Գարեգին Բաղրամյանն ինքն է ասում, որ փաթեթը հասցրին արագ նայել, քանի որ իրենց հայտնի էր, որ այնուամենայնիվ, թանկացում լինելու է:
«Այսօր և հասարակությունը և բիզնեսը հանկարծակիի են եկել, երբ մենք շատ կարճ ժամանակահատվածի համար գին ենք հայտարարում»,- ասաց Գործատուների հանրապետական միության նախագահը:
Նա ենթադրում է, որ այսօր՝ ժամը 18:30-ին Ազգային ժողովում կայանալիք, գազի սակագնի բարձրացման թեմայով փակ քննարկումը ևս նպատակաուղղված է նրան, որ լինի ավելի շուտ քաղաքական, քան տնտեսագիտական որոշում:
«Մենք երբ ձգտեցինք Ազգային ժողովում գրանցվել՝ քննարկումներին մասնակցելու համար, մեզ համար անակնկալ եղավ, երբ հայտարարեցին, որ քննարկումը փակ է, և մենք չենք կարող մասնակցվել այդ քննարկմանը»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նրա ղեկավարած Գործատուների հանրապետական միությունը պատրաստ է հայտն ուսումնասիրելու գործում համագործակցել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Սակայն Մակարյանը կարծում է, որ միությունը չի հասցնի աշխատել հանձնաժողովի հետ, քանի որ քաղաքական որոշումն իրեն երկար սպասել չի տա:
«Դուք միանշանակ դեռ ժամանակ կունենաք քննարկելու, որովհետև համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ մենք մեր հաշվարկի տարբերակը շուտով կտեղադրենք ինտերնետային կայքում և բոլոր հասարակական կազմակերպություններին ու շահագրգիռ կազմակերպություններին կհրավիրենք մեզ մոտ քննարկման՝ արդեն հայտի և մեր տարբերակը առնչությամբ»,- արձագանքեց Գարեգին Բաղրամյանը:
Լուսանկարում՝ ձախից Գագիկ Մակարյան, գործարար Իսահակ Աբրահամյան և Գարեգին Բաղրամյան
Մեկնաբանել