
Հիմնավորված է, որ գազի գինը 132 դրամից դառնա 156 դրամ. ՀԾԿՀ վարչության պետ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմնավորված է համարում, որ 1 խորանարդ մետր գազի ներկայիս 132 դրամ սակագինը դառնա 156 դրամ: Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
«Կառավարությունը գրություն է ներկայացրել հանձնաժողով՝ խնդրելով առաջնորդվել իր հաշվարկները կատարելիս 30 տոկոս ավելի ցածր ներմուծման գնով, այսինքն՝ բոլոր հաշվարկներն իրականացվել են 189 դոլար 1000 խոր./մետրով սահմանին, և նախնական գնահատականներով բնակչության սակագինը մենք հիմնավորված ենք համարում 156 դրամ խորանարդ մետրի համար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին «Հայռուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ առաջարկելով գազի սակագինը բարձրացնել 67 տոկոսով՝ 1 խոր./ մետր գազի համար ներկայում գործող 132 դրամը դարձնելով 221 դրամ:
Մեկնաբանել