
Արտիստին թույլ չեն տալիս փոխել անունը
Ծնունդով վանաձորցի Արթուրո Սայանը 10 տարուց ավել բնակվում է Երևանում և աշխատում մայրաքաղաքի թատրոններում ու ակումբներում որպես ռեժիսոր, դերասան, շոումեն, վերջերս նաև գիրք է հրատարակել: Արտիստը ցանկանում է ծննդականում գրանցված Արթուր Կարապետյան անուն-ազգանունը փոխարինել իր փաստացի` Արթուրո Սայան անվամբ, որով ճանաչված է բոլորի կողմից: Այդ նպատակով դիմել էր քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ) Վանաձորի բաժին և խնդրել վերագրանցել իրեն փաստացի անվամբ: ՔԱԿԳ էր ներկայացրել օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը` ազգանվան փոփոխման հարցը քննելու, գործ կազմելու, նախարարություն ուղարկելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար: Պահանջվող փաստաթղթերից բացի` դիմում, ծննդականի և անձնագրի պատճեններ և այլն, ներկայացրել էր նաև 3 հոգու` իր անձը հաստատող վկայություններ:
ՔԱԿԳ-ն մերժել էր նրա դիմումը, որից հետո Արթուրո Սայանը հայց էր ներկայացրել դատարան ՔԱԿԳ Վանաձորի բաժնի դեմ: Արդեն 2 տարի է` գործը քննվում է դատավոր Արշակ Ալավերդյանի վարույթում: Դատավորը 7-8 ամիսը մեկ է նիստեր նշանակում` պատճառաբանելով, թե միակ վարչական դատավորն է, բոլոր վարչական գործերն ինքն է քննում և ծայրահեղ ծանրաբեռնված է: Մինչև օրս 5 նիստ է կայացել, վերջին նիստն էլ նշանակվել էր 1 տարի 3 ամիս ընդմիջումով: Վերջին 2 դատական նիստերի վերաբերյալ հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Վահագն Մարտիրոսյանը ծանուցված չի եղել: «Այսինքն` եթե վստահորդս Հայաստանում չլիներ, ես չէի իմանալու նիստերի մասին, իմ չներկայանալը որակվելու էր որպես անպատշաճ, և համապատասխան գնահատական էր տրվելու, այնինչ պատասխանող կողմը ոչ մի դատական նիստի չի ներկայացել»,-նկատում է Վահագն Մարտիրոսյանը:
Փաստաբանն անդրադառնում է ՔԱԿԳ-ի կողմից իր վստահորդի դիմումի մերժմանը: Ըստ նրա`«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի հիման վրա կառավարության մշակած կարգով սահմանվում է, թե ինչպես և որ դեպքերում է կատարվում անուն-ազգանվան փոփոխությունը: Ըստ նույն կարգի` եթե դիմումը կից փաստաթղթերով ներկայացվում է ՔԱԿԳ, պետք է գործ կազմվի և համապատասխան եզրակացությամբ ուղարկվի Արդարադատության նախարարություն, այնտեղից ստացված պատասխանի հիման վրա նոր միայն գրանցվի կամ մերժվի ՔԱԿԳ-ի կողմից: Վահագն Մարտիրոսյանի խոսքով` ՔԱԿԳ-ն իր պատասխանով փորձում է մեղքն իր վրայից գցել նախարարության վրա` նշելով, թե ՔԱԿԳ Վանաձորի բաժինը նշված հիմքերի, մասնավորպես նախարարության բացասական եզրակացության առկայության դեպքում իրավունք չուներ և չէր էլ կարող բավարարել բնակչի դիմումը, այնինչ հենց իր պատասխանի մեջ մի քանի անգամ շեշտել է, որ բացասական եզրակացությունն իր կողմից է տրվել: Եվ Արդարադատության նախարարության ՔԱԿԳ գործակալությունը Արթուր Կարապետյանի խնդրանքը մերժելու վերաբերյալ Վանաձորի բաժնի կազմած բացասական եզրակացությունն է հաստատել:
Ըստ փաստաբանի` խնդիրն այն է, թե ինչ հիմքով է կազմվել բացասական եզրակացությունը: «Վարչական հիմունքների և վարչարարության մասին» օրենքով` վարչական մարմնին դիմողը պարտավոր է ապացուցել իր դիմումում նշված հանգամանքները, իսկ վարչական մարմինը մերժման կամ անբարենպաստ վարչական ակտ կայացնելիս կամ նման հանգամանքներ ձեռք բերելիս պարտավոր է ապացուցել դրանց առկայությունը: ՔԱԿԳ-ի մերժման պատասխանում ոչ մի հիմնավորում բերված չէ, միակ պատճառաբանությունն այն է, որ բեմական անունը և կեղծանունը չեն կարող հիմք լինել անունը փոխելու համար: «Ակամա տարվել է այն դաշտը, որ կյանքում այլ մարդ է, այլ անուն-ազգանուն է կրում, բեմի շրջանակներում` այլ: Զագսի պետը կառչել է դիմումում նշված «բեմական անուն» և «կեղծանուն» բառերից»,-նշում է Վահագն Մարտիրոսյանը` ավելացնելով, սակայն, որ դիմումը գրվել է ՔԱԿԳ-ի Վանաձորի բաժնի նախկին պետի` Արման Ոսկանյանի բառացի թելադրանքով, ում կողմից էլ հետո կայացվել է մերժման որոշումը:
«Ի հակասումն ԶԱԳՍ-ի պետի բոլոր հավաստիացումներին, որ դիմումը միանշանակ բավարարվելու է, ամեն ինչ հիմնավոր է, որ ինքը շատ է ուզում օգնած լինել և այլն, գործը կազմելիս ինքն էլ անհիմն բացասական եզրակացություն է տվել և ուղարկվել է նախարարություն»,-ասում է փաստաբանը:
Այն, որ դիմումը ՔԱԿԳ-ի պետի թելադրանքով է գրվել, հաստատում է նաև Արթուրո Սայանի մայրը` Գայանե Թադևոսյանը, ով դիմումը գրելիս որդու կողքին է եղել: «Միասին ենք եղել, հավաստում եմ, որ նախկին պետը, ինձ ճանաչելով, ասաց, որ շատ է հարգում և ուզում է օգնել, հատ-հատ, բառ առ բառ թելադրել է, թե ինչ ենք գրելու: Ասացի` խնդրում եմ, թույլ տվեք մենք շարադրենք, ասաց` ոչ, ես գիտեմ` ինչն է ճիշտ գրել: Գրել տվեց փաստաթղթի մեջ «բեմական անուն», բայց դա իր թելադրանքն է,-ասում է Գայանե Թադևոսյանը և ավելացնում,- Էլ ով, եթե ոչ իր ծնողը` մայրը, կարող է փաստել, որ այս երիտասարդը մանուկ հասակից Արթուրո Սայան անունով է կոչվել»:
Փաստաբան Վահագն Մարտիրոսյանն էլ վկայակոչում է «Քաղացիական կացության ակտերի» մասին օրենքի հիման վրա կառավարության 2005-ի հունիսի 23-ին ընդունած որոշումը, որի 9-րդ կետի Թ ենթակետով`16 տարեկանից բարձր անձանց անվան, հայրանվան և ազգանվան փոխման գրանցում կատարել թույլատրվում է, եթե անձը փաստացի կրում է իր ծննդյան գրանցման մեջ նշված անունից տարբերվող անուն, այսինքն` բոլորը ճանաչում են նրան այդ անվամբ:
«Բացի դրանից, եթե խնդիր կար ներկայացնելու ավելի շատ ապացույցներ, որ իմ վստահորդը Արթուրո Սայան է, ոչ թե Արթուր Կարապետյան իրական կյանքում, ԶԱԳՍ-ի պետը պարտավոր էր ուղղակի իմ վստահորդին տեղեկացնել, որ ինչքան հնարավոր է ծանրակշիռ մարդկանց, ճանաչված մարդկանց դիմումներ, տեղեկանքներ, հայտարարություններ ներկայացնի: Այնինչ նա ստանդարտ ընթացակարգով ղեկավարվելով` բառացի ասել է, որ ներկայացվի 3 հոգու գրավոր հայտարարություն, ինչը արվել է իմ վստահորդի կողմից, որոնցից մեկն էլ ծնված օրվանից է ճանաչում նրան: Ես ենթադրում եմ, որ այստեղ զուտ կոռուպցիոն թեմա է: Չեմ ուզում շատ խորանամ դրա մեջ, բայց այլ բացատրություն ես չեմ տեսնում, քանի որ ԶԱԳՍ-ի պետի բոլոր պահանջները վստահորդս կատարել է: Ու մերժումն էլ եղել է լրիվ անհիմն»,-ասում է փաստաբանը:
Վճռի հրապարակումը նշանակված է մայիսի 29-ին: Փաստաբան Վահագն Մարտիրոսյանը չնչին հույս ունի, որ հայցը կբարարվի, քանի որ պատասխանող կողմը պետական մարմին է, իսկ նրա փորձը ցույց է տվել, որ պետության հետ «խաղ չեն անում»: Բայց հայցվոր կողմն օգտվելու է բոլոր իրավունքներից և օրենքով նախատեսված իրավական հիմքերից` դրական արդյունքի հասնելու համար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել