
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
«Ինչ ասես չլսեցինք այս 2 օրը. իշխանության ծրագիրը պաշտպանելու այնպիսի կրկեսային հնարքներ օգտագործվեցին, որ ես ցնցված եմ»,- կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Պատգամավորն ասաց, որ եթե տարիներ առաջ կառավարությունը բյուջե կամ ծրագիր ներկայացնելուց առաջ ասում էր` «տղերք, մենք լավն ենք», հետո առաջընթաց եղավ եւ ասացին` «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք», հիմա էլ ասում են` «տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք»:
Վահան Հովհաննիսյանն ասաց, որ պետք չէ խաբել, քանի որ «գտնվում ենք լինելիության սահմանի վրա»:
«Ես ուզում եմ հարց ուղղել իմ սիրելի ընկերոջը` պարոն Աշոտյանին, նրա կողքին նստած Հրայր Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունը դնեք ու ձեզ չպաշտպանի հանրապետության նախագահը, Հովիկ Արգամիչը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողովում չեք լինի, այլեւ կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղերք, դուք մեր ժողովրդի մեջ չեք կարող մեկ ձայն հավաքել: Ստեղծել եք մի սիստեմ, որտեղ անընդհատ վերարտադրվում եք եւ մեզ ասում եք, որ մենք հաղթել ենք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Պատգամավորը վստահ էր, որ կառավարության անդամները տեսնում են բոլոր դժվարությունները, պարզապես անկեղծ չեն:
Վահան Հովհաննիսյանը փորձում էր օգտվել իր գրառումներից, սակայն ասաց, որ խայտառակ բաներ է գրել, երեւի դրանք չասի: «Հը, ասե՞մ Գրիգորիչ»,- դիմելով Գալուստ Սահակյանին՝ ասաց Վահան Հովհաննիսյանը:
«Ավարտեցի՞ք, պարոն Հովհաննիսյան»,- հետաքրքրվեց ԱԺ նախագահը:
«Չէ, չէ, ինչի՞ ավարտեցի, մտահոգվեցիք, հա՞»,- պատասխանեց Վահան Հովհաննիսյանը:
Այդ ընթացքում Գալուստ Սահակյանն ինչ-որ հարցեր էր լուծում եւ ջերմ զրույցի էր բռնվել պատգամավորների հետ, Վահան Հովհաննիսյանը նրան նկատողություն արեց. «Գրիգորիչ, դուք խանգարում եք նիստի հեզասահ ընթացքին»:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել